Տասնյակ զոհեր եւ վիրավորներ` Վլադիկավկազի շուկայում պայթյունի հետեւանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 16:45

Հինգշաբթի օրը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 15 մարդ, կան ութ տասնյակ վիրավորներ: Զոհվածների եւ վիրավորների թվում կան նաեւ երեխաներ:
Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում` շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է: Այստեղ տեղակայված են նաեւ աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը:

Նախնական տվյալներով` պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախատեսված էին մի քանի ահաբեկչական ակտեր, եւ տարհանել են մարդկանց: Քաղաքում չկա բջջային կապ` հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու նկատառումներով:

Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավարությունը, այդ թվում` Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը:

Արդեն հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության հոդվածով: Պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Կովկասում իր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր:

Զոհվածների եւ տուժածների ցուցակներ դեռեւս չեն հրապարակվել:

Վերջին անգամ ահաբեկչական գործողություններ Հյուսիսային Օսիայում գրանցվել էին օգոստոսի 17-ին, երբ զոհվել էր մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել էին:

11 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին:

www.azatutyun.am

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply