ՀՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 9, 2010 15:46

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համանախագահները արտգործնախարար Է. Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները եւ դրանց հնարավոր հետեւանքները բանակցային գործընթացի եւ հակամարտության գոտում իրադրության վրա: Զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply