Հայաստանի կանգնեցված պահեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2010 14:43
լուսանկար ցուցահանդեսիցԱյսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքում բացվեց «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես, որի մասնակիցներ Աշոտ Պողոսյանն ու Ռուբեն Բաղդիշյանը ներկայացնում են Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային կոթողները պատկերող շուրջ 50 լուսանկար:

Ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Աշոտ Պողոսյանն ասաց, որ  Հայաստանը աշխարհում հանրահռչակելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ արվեստագետի գլխավոր նպատակը: «Ցավալի է, որ հայ երիտասարդ լուսանկարիչների մի ստվար զանգված տեսնում է իր մասնագիտական առաջընթացը միայն մերկ կամ, լավագույն դեպքում, կիսամերկ աղջիկներին լուսանկարելու միջոցով»,- ասաց նա:

Ռուբեն Բաղդիշյանն ասաց, որ իր լուսանկարներում փորձում է Հայաստանի հանրահայտ վայրերը ներկայացնել նորովի: «Մանրուքները ֆոտոնկարչության մեջ ունեն գերակայող նշանակություն: Նկարելիս փորձում եմ առաջին պլան բերել այդ մանրուքները, որոնք հիմնականում մնում են թաքնված անուշադիր հայացքներից»,- ասաց Բաղդիշյանը:

Ցուցահանդեսը կտևի մինչև  սեպտեմբերի 16-ը, իսկ հետագայում այն կցուցադրվի նաև այլ բուհերում,  դպրոցներում և գյուղական մշակութային կենտրոններում:

Ցուցահանդեսի հեղինակները  սկսել են լուսանկարել պատանեկության տարիների և մասնակցել են մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների ու ցուցահանդեսների, որոնց թվում են World Press Photo-ն եւ World photo view-ն: Ուկրաինական «Украина глазами иностранцев» («Ուկրաինան արտասահմանցիների աչքերով») ֆոտոմրցույթում Ռուբեն Բաղդիշյանը 2009թ. զբաղեցրել է առաջին տեղը:


Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply