Բրայզա. «Մոսկովյան հանդիպմանը շրջանակային համաձայնագրի ստորագրումն անհնարին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 10, 2009 19:13

Մեթյու Բրայզա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա մոսկովյան հանդիպմանը շրջանակային համաձայնագրի ստորագրումն անհնարին է:

«Ավելի լավ է սպասենք նախագահների հայտարարություններին: Հուսով եմ, որ նախագահներն իրենց կարծիքները կհայտնեն առաջընթացի առկայության մասին: Մենք կցանկանայինք խորացնել մեր համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ»,- ասել է Բրայզան լրագրողներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն և Յուրի Մերզլյակովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ Բաքու էին մեկնել Երևանից:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը համանախագահների Բաքու այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մոսկովյան հանդիպումը թույլ կտա մտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման եզրափակիչ փուլ:

«Մենք գոհ ենք նախագահների հետ կայացած հանդիպումներից: Խոսակցությունը շատ կառուցողական էր, և զգացվում էր երկու նախագահների տրամադրվածությունն առաջիկա հանդիպմանը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն նշել Է, որ եթե մինչև տարեվերջ միջնորդները նախագահներից հավանություն ստանան «հիմնարար սկզբունքներին», ապա եկող տարվա սկզբից հնարավոր է շարունակել աշխատանքը և այն վերածել պայմանագրի:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply