Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը հանելուկ է
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 3, 2010 12:59
Սեպտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս): Այս իրադարձությունն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ նա առաջին անգամ է լինելու տարածաշրջանում: Անկախացումից հետո մեր երկիր այցելած տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների նախագահների թիվն այնքան էլ մեծ չէ: Կարելի է առանձնացնել Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ով քանիցս եղել է մեր հինավուրց հողում, նաև ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաների ղեկավարներին: Սակայն այս մարզաձևերում մեր երկրի ներկայացուցիչներն ակնառու հաջողությունների են հասել միջազգային տարբեր ստուգատեսներում, այդ թվում՝ օլիմպիադաներում, օլիմպիական խաղերում, ուստի և այդպիսի վերաբերմունքը միանգամայն սպասելի էր: Մինչդեռ հանդբոլում այդ առումով ուրախանալու քիչ առիթներ են եղել:
Ի դեպ, վերջին տարիներին է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի գլխավորությամբ հիմնավոր քայլեր են արվում նաև այս մարզաձևը Հայաստանում ամուր հիմքերի վրա դնելու համար: Նա մեծ հեղինակություն ունի միջազգային կազմակերպություններում: Սեպտեմբերի 2-ին Վանաձորում մեկնարկելիք Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի տղամարդկանց հավաքականների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի կազմակերպումն այդ ամենի վառ վկայությունն է: Հայաստանում են Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին (Չեխիա), Վրաստանի, Բելառուսի հանդբոլի ֆեդերացիաների նախագահները: Ի դեպ, Բելառուսի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովը նախկինում այդ երկրի խորհրդարանի ղեկավարն է եղել: Այս փաստերը խոսուն են և վկայում են, թե մրցաշարն ինչ հեղինակություն է ստացել:
Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը լրջորեն է նախապատրաստվել: Հակառակորդներն ուժեղ են, քանի որ այն երկրներից են, որոնցում հանդբոլը դասվում է առաջատար մարզաձևերի շարքը: Կարճ ասած, բոլորն էլ հանդբոլի ավանդույթներ, նաև միջազգային համարում ունեցող երկրների հավաքականներ են: Մասնավորապես, Իրանի հավաքականը 2006-ի ասիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ դրանից մեկ
տարի առաջ, Արևմտյան Ասիայի երկրների խաղերում ճանաչվել է երկրորդը: Եվրոպայում հեղինակություն վայելող Բելառուսի հավաքականը, որի գլխավոր մարզիչը օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Շևցովն է, հինգ խաղացող ունի, որոնց հասակը 200 սմ և ավելի բարձր է: Վրաստանի հավաքականի կազմում խաղում է այդպիսի երեք գուլիվեր: Ընդ որում, վրացի հանդբոլիստներից երկուսը` Ռատի Մսխվիլիձեն և Իրակլի Չիկովանին, խաղում են սերբական ուժեղ «ՌԿ Մետալոպլաստիկա Սաբաք» թիմում: Մերոնց խնդիրն է՝ ուժեղագույնների այդ մրցավեճում պատվով դուրս գալ փորձությունից: Թե ինչ ներուժ ունի Հայաստանի ընտրանին, հնարավոր չէ անվերապահորեն որևէ գնահատական տալ, քանի որ առաջին անգամ է այդպիսի կազմով խաղալու: Հայաստանի հավաքականը համալրելու են մեր երկրում վարպետություն ստացած փորձառու խաղացողներ, նրանց են միացել նաև Ֆրանսիայի հանդբոլի ակումբներից հրավիրված մեր մի խումբ հայրենակիցներ: Իսկ Ֆրանսիայում հանդբոլը բարձր մակարդակ ունի, և պատահական չէ, որ այդ երկրի ներկայացուցիչներն են կրում օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Ընդ որում, մեր ֆրանսիացի հայրենակիցները սիրահոժար, առանց որևէ պայմանի, սոսկ հայրենասիրական նկատառումներով են հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո:
Ի դեպ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Մելքոնյանն այս տարվա հունվարին եղել են Ֆրանսիայում, հետևել հայ լավագույն հանդբոլիստների մրցելույթներին և անձամբ ընտրել նրանց, ովքեր բարձր խաղամակարդակ ունեն: Այդ է պատճառը, որ հանելուկ է մնում, թե ինչպիսին է Հայաստանի հավաքականի ներուժը: Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին է. դարպասապահներ` 1.Ռեմի Ստամբուլյան (հասակը` 186 սմ, Ֆրանսիա), 9. Արտակ Բայրամյան (179 սմ, Հայաստան), մարզահրապարակի խաղացողներ` 4. Սիրիլ Հայրափյան (180 սմ, Ֆրանսիա), 10.Սիրիլ Բաբիկյան (184 սմ, Ֆրանսիա), 9. Գիյոմ Գարմիրյան (188 սմ, Ֆրանսիա), 2. Մարկ Հասիկյան (186 սմ, Ֆրանսիա), 13. Հրայր Սալաթյան (186 սմ, Ֆրանսիա), 15. Ալեքս Կումրյան (184 սմ, Ֆրանսիա), 17. Օլիվյե Բրուան (180 սմ, Ֆրանսիա), 5 . Ռենե Սեդրիկ (188 սմ, Ֆրանսիա), 11. Արման Իսրայելյան (185 սմ, Հայաստան), 21. Հովհաննես Մուրադյան (186 սմ, Հայաստան), 23. Հայկ Երանոսյան (180 սմ, Հայաստան), 6. Վահան Դարբինյան (180 սմ, Հայաստան), 8. Ֆրունզե Ղուկասյան (182 սմ, Հայաստան), 3. Ստեփան Ղազարյան (179 սմ, Հայաստան), – Ստեփան Մարգարյան (174 սմ,Հայաստան), – Գոռ Ղանադյան (181 սմ): Հավաքականի մարզիչներն են Էդուարդ Օհանյանը (Հայաստան) և Պատրիկ Օթամյանը (Ֆրանսիա):
Հավելենք, որ խաղերը կայանալու են Վանաձորի մարզապալատում: Այն վերանորոգվել և թարմացվել է, տեղադրվել են նոր դարպասներ, էլեկտրոնային ցուցատախտակ, սարքավորվել է մամուլի կենտրոն: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Արևշատյանը:






Facebook
Tweet This
Email This Post
