Յուանը կարող է դոլարի այլընտրանքը դառնալ համաշխարհային շուկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 12:43

Դոլարը երկար ժամանակ կգերիշխի համաշխարհային արժույթների թվում, սակայն դրա հետ մեկտեղ յուանն աստիճանաբար դառնում է նրա այլընտրանքը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարար Չեն Դեմինը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: Գերատեսչության ղեկավարի խոսքով` Չինաստանն իրատեսորեն է գնահատում միջազգային արժութային համակարգի ներկա վիճակը` ընդունելով, որ դոլարը դրանում առանցքային դեր է խաղում:

«Համաշխարհային տնտեսական գործունեությանն աջակցելու համար չկա ավելի ուժեղ արժույթ, քան դոլարը»,- ասել է Դեմինը: Ըստ նրա` ճգնաժամից էկոնոմիկան վերականգնելու համար գլխավորը համաշխարհային արժույթների կայունությունն է: Վերջին ամիսներին Չինաստանը փորձագետներին զարմացրել է արտասահմանում յուանի օգտագործման քաղաքականության արագ իրագործմամբ, սակայն նախարարը նախազգուշացրել է, որ այդ քայլերը սահմանափակ են եղել:

«Արժույթի միջազգայնացման հարցում մեզ չի բավականացնում փորձն ու մարդկային ռեսուրսները, ուստի մենք այդ ռազմավարությունը կիրականացնենք աստիճանաբար»,- ասել է նախարարը: Չորեքշաբթի բանկային շրջանների աղբյուրները հայտնել են, որ Շանհայի սակարանում ռուբլով եւ չինական յուանով փոխանակման գործառնությունները կարող են սկսվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Վերլուծաբանների կարծիքով` Ընդերկնյայի իշխանությունների այդօրինակ քայլը ընդգծում է ի հակակշիռ դոլարի արտաքին առեւտրական գործառնություններ կատարելիս ազգային արժույթի բաժինն ավելացնելու նրանց ձգտումը: Երկրորդ եռամսյակում յուանով կատարվող արտաքին առեւտրի ծավալը հունվար-մարտի համեմատ ավելացել է ավելի քան կրկնակի եւ հասել 48,7 միլիարդի (7,2 մլրդ դոլար): Աշխարհի առաջատար բանկերը գործարկել են միջազգային գովազդային արշավներ, որոնք նպատակ ունեն խոշորագույն ընկերություններին խրախուսել Չինաստանի հետ առեւտրական գործարքներ կատարելիս ԱՄՆ-ի դոլարի փոխարեն օգտագործելու չինական ազգային արժույթը` յուանը:

HSBC բանկը, որը վերջերս գլխավոր գործադիր տնօրենի կենտրոնակայանը Լոնդոնից տեղափոխել է Հոնկոնգ, ինչպես նաեւ բրիտանական Standard Chartered-ը սկսել են վճարումների գծով զեղչեր եւ ֆինանսական այլ զիջողություններ առաջարկել այն ընկերություններին, որոնք առեւտրական հաշվարկների են անցնում չինական արժույթով: «Այժմ մենք կարող ենք հաճախորդներին յուանով գործառնություններ առաջարկել աշխարհի շատ շրջաններում,- հայտարարել է HSBC բանկի արտարժույթով գործառնությունների բաժնի ղեկավար Քրիս Լյուիսը:- Մյուս բոլոր խոշոր միջազգային բանկերը ձգտում են նույնն անել»:

Citigroup-ը եւ JPMorgan-ը նույնպես գովազդային արշավներ են անցկացնում Ասիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, փորձելով համոզել ընկերություններին ավելի հաճախ օգտագործելու յուանը: Ընդսմին բանկերի մտադրությունները լիովին համապատասխանում են Չինաստանի արժութային քաղաքականության առաջնային ուղղություններին, ինչը թույլ կտա բանկերին շահավետ դիրք գրավել արժութային շուկայի նոր, արագ զարգացող բնագավառում:

Իսպանիայի մեծությամբ երկրորդ բանկը` BBVA-ն, նույնպես մտադիր է կտրուկ ավելացնել յուանով գործառնությունների թվաքանակը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդել է Financial Times-ը, բանկը որոշում է ընդունել հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Լատինական Ամերիկայի ընկերությունների վրա, որոնք ապրանքներ են մատակարարում Չինաստանին:

Գովազդային արշավները եւ բանկերի կողմից գործադրվող ջանքերը կօգնեն Պեկինին յուանը ազգային արժույթի կարգավիճակից փոխադրել միջազգային վճարամիջոցի կարգավիճակի` տեղ զբաղեցնելով ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի կողքին: Միջազգային ընկերություններն արդեն հսկայական հետաքրքրություն են ցուցաբերում հաշվարկները յուանով փոխարինելու նկատմամբ:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply