ReAnimania-ի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն անիմատորները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2010 12:39

Հայկական առաջին «Շունն ու կատուն» մուլտիպլիկացիոն կինոնկարի էկրան բարձրանալուց 71 տարի անց Երևանում կրկին 5 օր շարունակ ոչ միայն հիշելու և մեծարելու են հայկական անիմացիոն արվեստի վարպետներին, այլև հայ հանդիսատեսին են ներկայացնելու վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում արտադրված լավագույն ֆիլմերը: ReAnimania Երևանի 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները:

Բրիտանական խորհուրդը և ReAnimania Երևանի 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը համագործակցում են Բրիտանական խորհրդի «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում` նպատակ ունենալով ներկայացնել Միացյալ Թագավորության ժամանակակից անիմացիոն արվեստը Հայաստանում և աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը:

ReAnimania Երևանի 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար մասնագետները (Մաքս Հաուարդ, Դեվիդ Սփրոքսթոն, Փոլ Սմիթ, Սյուզի Ուիլսոն) կժամանեն Հայաստան, կանցկացնեն վարպետության դասընթացներ և կքննարկեն համագործակցության հնարավորությունները հայ մասնագետների հետ:

Երևանյան փառատոնով հետաքրքրվել է նաև Միացյալ Թագավորության առաջատար Aardman ստուդիան: Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Aardman ստուդիայում  ստեղծվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Նրանց ստեղծած առաջին կերպարը դարձավ «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը: Aardman ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի, 4 անգամ դրանք արժանացել են հեղինակավոր այդ մրցանակին:

Aardman ստուդիան համագործակցում է BBC-ի և Channel Four Television-ի հետ: Ներկայումս Aardman ստուդիայի մասնագետները համագործակցում են SONY Pictures ընկերության հետ: Երկու լիամետրաժ ֆիլմեր այժմ արտադրության փուլում են:

Aardman ստուդիայի մասնագետները (Դեվիդ Սփրոքսթոն, Փոլ Սմիթ) փառատոնի օրերին հանդես կգան դասախոսություններով, ինչպես նաև հայ հանդիսատեսին կներկայացնեն DreamWorks Animation ընկերության հետ նկարահանած «Ուալաս և Գրոմիթ, մարդաճագարի անեծքը» լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարը:

«Exodus Film Group» ընկերության նախագահ Մաքս Հաուարդը, ով երկար տարիներ աշխատել է Warner Bros. Feature Animation և Disney Feature Animation ընկերություններում, հանդես կգա դասախոսություններով և կմասնակցի «Ոգի, Կիմարոնի հովատակը» ֆիլմի ցուցադրությանը, որը նկարահանվել է Մաքս Հաուարդի և DreamWorks Animation ընկերության հետ համագործակցության արդյունքում:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply