Աֆղանստանի խոշորագույն բանկի հաշիվները սառեցվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 12:29

Աֆղանստանի Կենտրոնական բանկի ղեկավարը որոշում է ընդունել սառեցնել «Քաբուլ բանկ»-ի` այդ երկրի ամենախոշոր մասնավոր ֆինանսական հաստատության ակտիվները: Աֆղանստանի ԿԲ-ն արգելափակել է հանգուցային բաժնետերերի հաշիվները` ներառյալ նախկին նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի բանկային ակտիվները: Հիմնական փոխառուների, բանկի նոր նախագահի եւ գործադիր տնօրենի ակտիվները նույնպես սառեցված են:

Աֆղանստանի առաջին փոխնախագահի եղբայրը` Մուհամադ Ֆահիմը, նույնպես «Քաբուլ բանկ»-ի բաժնետեր է: Ուշագրավ է, որ եւս մեկ ազդեցիկ բաժնետեր է Աֆղանստանի նախագահի եղբայրը` Մահմուդ Քարզայը, ինչպես նաեւ Աֆղանստանի կառավարության անդամների ազգականները: Սակայն, ինչպես հաղորդել է BBC-ն, Մահմուդ Քարզայի սեփականությունը չի արգելափակվել, քանի որ նա իր անունով գրանցված ակտիվներ չունի:

Աֆղանստանի «Քաբուլ բանկ» խոշորագույն բանկը ճգնաժամ է ապրում այն պահից, երբ երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարեց բանկի ղեկավարությունից երկու առաջատար կառավարիչների հեռացման մասին, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ բանկիրները հավանություն են տվել անշարժ գույքով կասկածահարույց գործարքների համար վարկեր տրամադրելուն:

Առաջատար բանկիրների պաշտոնաթողության մասին լուրը իսկական խուճապ է առաջացրել «Քաբուլ բանկ»-ի ավանդատուների շրջանում, որոնք ողջ երկրով մեկ փորձում են հանել իրենց խնայողությունները: Լրատվական գործակալությունների տվյալների համաձայն` ավանդատուները կարողացել են բանկից ստանալ ավելի քան 200 մլն դոլար: Բայց բանկի պահուստներն անսահման չեն:

Օրերս «Քաբուլ բանկ»-ի մասնաճյուղերում դոլարն սպառվել է, ուստի ստիպված են եղել արժութային ավանդները վճարել աֆղանիով: Ինչպես հաղորդում են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները, աճում է ընդհանուր անվստահությունը Աֆղանստանի բանկային համակարգի նկատմամբ:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply