Սեւակյան օր` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2010 12:24

«Պարույր Սեւակ» գրական-մշակութային ակումբը նախատեսում է հոկտեմբերին Երեւանում անցկացնել Սեւակյան օր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ակումբի հիմնադիր «Մենք» խմբի անդամները, քաղաքի տարբեր հատվածներում` Պանթեոնում, Զեյթունում` Սեւակի արձանի դիմաց, դպրոցականներն ու ակումբականները կարտասանեն Սեւակի ստեղծագործություններից: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա իր գործունեությամբ գոնե մեկին ճիշտ ուղղությամբ տանել, հոգեւոր սնունդ տալ ու հայի ոգին արթուն պահել:

Մենք` «Պարույր Սեւակ» ակումբի անդամներս, հենց այդ կարգախոսով ենք գործում»,-ասաց ակումբի անդամ Արթուր Սարգսյանը: Մոտ 15 հազար անդամ ունեցող ակումբը ստեղծվել է երկու տարի առաջ: Այս ընթացքում ակումբի անդամները հասցրել են 20-ից ավելի անգամ ուխտագնացություններ կազմակերպել դեպի Զանգակատուն, գրական-երաժշտական երեկոներ` Երեւանում եւ Կրասնոյարսկում, ստեղծել էլեկտրոնային կայք, ուր տեղադրված են Պ. Սեւակի ստեղծագործություններից:

«Մենք այս ամենն անում ենք հասարակական հիմունքներով, ու արդեն այդ կայքում եւ սոցիալական ցանցերում տեղադրել ենք Սեւակի` մինչեւ այսօր տպագրված գործերի գրեթե 90 տոկոսը»,-հայտնեց ակումբի անդամ Նարինե Վարդանյանը` հավելելով, որ հատկապես դրսում ապրող մտավորական հայերն են շատ հետաքրքրված իրենց գործունեությամբ, եւ անդամներից շատերն էլ հենց սփյուռքահայեր են:

Հոկտեմբերի 10-ին Ս. Թարգմանչաց տոնի առիթով ակումբի անդամները կմեկնեն Զանգակատուն` Պարույր Սեւակի տուն-թանգարան, կայցելեն նաեւ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Ապարանի «Տառերի պուրակ»: Նշենք նաեւ, որ սեւակցիներից մեկի` Կրասնոյարսկում բնակվող հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Հազոյանի շնորհիվ տեղի հայկական դպրոցը կոչվել է Պ. Սեւակի անունով:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply