Սննդամթերքի սխալ մշակումը, պատրաստումը եւ պահպանումը` թունավորումների հիմնական պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 12:11

Սննդային թունավորումներ կարող են առաջանալ սննդամթերքի մշակման, պատրաստման, պահպանման ռեժիմների խախտման արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, անվտանգ սննդամթերք օգտագործելու համար նախեւառաջ պետք է հետեւել տվյալ սննդամթերքի պահպանության ժամկետին եւ ջերմաստիճանին:

«Կրեմային հրուշակեղենը, կաթնամթերքը, երշիկեղենը եւ այլ արագ փչացող սննդամթերքը, որը չի պահպանվում սառնարանում, չպետք է գնել» ,- ասաց Մ. Բաբայանը` շեշտելով, որ վերոնշյալ մթերքները պետք է պահպանվեն 2-6 աստիճան ջերմային պայմաններում: Ըստ բաժնի պետի` սուպերմարկետներում ավելի ճիշտ են իրականացվում պահպանության կանոնները, իսկ բազմաթիվ փոքրիկ վաճառակետերում սպասարկման հիգիենիկ ռեժիմը չի պահպանվում:

«Շուտ փչացող սննդամթերքը չի կարելի վաճառել փողոցային պայմաններում»,- ասաց Մ. Բաբայանը` նշելով, որ բանջարեղենը պետք է պատշաճ կերպով լվացվի: Միսը եւս, ըստ բաժնի պետի, չի կարելի վաճառել արեւի տակ, քանի որ այն ենթարկվում է որակական փոփոխությունների: Մ. Բաբայանի խոսքով չափազանց կարեւոր է նաեւ սննդամթերքի ճիշտ պատրաստումը, քանի որ սննդային թունավորումների պատճառ կարող է դառնալ նաեւ թերմիկ մշակման ոչ ճիշտ կատարումը:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply