Հայաստանում վերջին երկու ամիսներին կուրության իրական վտանգից փրկվել է 10 նորածին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2010 11:55

Վերջին երկու ամիսներին կուրության իրական վտանգից փրկվել է հանրապետությունում ծնված տասը նորածին, որոնց մոտ հայտնաբերվել է անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությունը: Նորածինների ստուգման եւ հիվանդության բացահայտման դեպքում բուժման այս նախաձեռնությունը իրականացնում է Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)՝ «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման ծրագրի» շրջանակներում:

Հունիսի 23-ից մինչեւ այսօր բուժզննման է ենթարվել 60-70 նորածին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, գիտությունների թեկնածու Ռուզաննա Հարությունյանը, մայրաքաղաքում 1600 գրամից պակաս ծնվող բոլոր երեխաները 31 շաբաթական հասակում ենթարկվում են ակնային անվճար զննումների` ՀԱՆ-ի կողմից Հայաստան ներկրված երկու ռետինալ ֆոտոխցիկների միջոցով:

Դրանք օգտագործվում են երեխայի ակնահատակը ուսումնասիրելու եւ ԱՌ հիվանդությունը բացահայտելու համար: ԱՌ-ն ախտահարում է երեխայի աչքի հատակում զարգացող արյունատար անոթները ու կարող է հանգեցնել կուրության՝ աչքի ցանցաթաղանքի շերտազատման արդյունքում: Այն իրական վտանգ է երեխաների տեսողության համար եւ դեռեւս 2-3 ամիս առաջ գրանցվում էր որպես շատ նորածինների կուրության պատճառ:

Հիվանդության բացահայտման դեպքում բուժումն անց է կացվում լազերային միջամտությամբ՝ նորածնի ծնողների համաձայնությամբ: «Ցավով պետք է արձանագրեմ, որ նախկինում այսպիսի երեխաների ծնողները շատ հաճախ բախտի քմահաճույքին էին թողնում իրենց զավակներին: Ուրախ եմ, որ այս լրջագույն հարցին այսօր լուծում ենք տվել»,-ասաց Ռ. Հարությունյանը:

Նշենք, որ ԱՌ ռիսկի խումբ համարվում են 1500 գրամից պակաս քաշով, 30 շաբաթից պակաս տարիքով ծնված բոլոր նորածիններըը: ԱՌ առաջացման հավանականությունը հակադարձ համեմատական է նորածնի քաշին. որքան ցածր քաշով է նորածինը ծնվում, այնքան ավելի հավանական է ԱՌ առկայությունը: Տարեկան Հայաստանում ծնվում է այս ռիսկի խմբին պատկանող 500-600 երեխա: Մինչ այսօր ակնային զննումների, ԱՌ վաղ հայտնաբերման ու բուժման գործելակարգերի բացակայության պատճառով Հայաստանում այս երեխաների մոտ տեսողական խնդիրները հայտնաբերվում էին ավելի ուշ տարիքում, երբ բուժումն արդեն պակաս արդյունավետ էր:

Արդյունքում` այս երեխաներից շատ քչերն էին կարողանում բուժվել, իսկ մեծամասնությունը բուժում չստանալու պատճառով կուրանում էր, մանկուց դառնում հաշմանդամ: Այս հիմնախնդիրը, Ռ. Հարությունյան հավաստմամբ, արդեն վաղուց հասունացել էր եւ իր շուտափույթ լուծումն էր պահանջում: ՀԱՆ-ի ջանքերով խնդիրը բաձրացվեց համապատասխան մարմիններում:

Հիվանդության կանխարգելման եւ վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով Հայաստանում` առողջապահության նախարարության հաստատմամբ եւ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, ՀԱՆ-ը ներդրեց ԱՌ ակնային զննումների, ախտորոշման եւ բուժման ծրագիր, որի շնորհիվ այսուհետ յուրաքանչյուր տարի մոտ 100 երեխա կփրկվի ակնային լուրջ խնդիրներից:

ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը հայտնեց, որ ծրագրի տարեկան ծախսերը նախնական հաշվարկներով 22.7 միլիոն դրամ են, առանց ծրագրի ներդնման, ամենահամեստ հաշվարկներով տարեկան պետությունը ստիպված կլիներ հատկացնել 50 մլն դրամ: 200 հազար դոլար արդեն ներդրվել է կապիտալ ներդրումների, սարքավորումների, դեղորայքի, բուժպարագաների եւ ԱՄՆ-ում հայ մասնագետների վերապատրաստման տեսքով: Շարունակվում է նաեւ ՀԱՆ-ի կողմից համակարգվող հեռաբժշկության ծրագիրը:

Այս նախաձեռնության շնորհիվ հայ եւ ամերիկացի մասնագետները գտնվում են մշտական կապի մեջ ու խորհրդակցում են Հայաստանում հանդիպող ԱՌ բոլոր դեպքերի շուրջ: Առաջիկա երկու տարիներին ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՀԱՆ-ի կողմից` միջազգային դոնոր կազմակերպությունների օգնությամբ, իսկ 2012-ի հեռանկարներով Ն. Եղիազարյանը հույս հայտնեց, որ ծրագրի ծախսերը մասնակի կհոգա ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply