ԱՄՆ-Ռուսաստան ռազմական մրցակցությունը Մոսկվայի «exclusive շահերի գոտում» – 3

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 8, 2010 17:33

սկիզբը՝ տես այստեղ

Ռուսական ռազմաբազան Հայաստանում ապահովում է ՌԴ և ՀՀ անվտանգությունը, բայց ոչ երբեք` Լեռնային Ղարաբաղի :

S-300-ի հնարավոր ձեռքբերումը Ադրբեջանի կողմից վստահության նոր էներգիա կհաղորդի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական քաղաքականությանը, առավել ևս այն դեպքում, երբ ռուսական ռազմաբազան Հայաստանում կոչված է միմիայն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը:

Այս մասին վերջերս հստակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ «Արցախի ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե որևէ այլ երկիր»:

Եվ ռուսական զորքերը կարող են մասնակցություն ունենալ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում միմիայն այն դեպքում, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարի Հայաստանի Հանրապետությանը. և սրա մասին էլ նախարարը հստակ արտահայտվեց. «…Այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային և  պայմանագրային պարտավորությունները»:

Պարզ է, որ անմիջական սպառնալիք կարող է լինել միայն պատերազմի ձևով, իսկ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հնարավոր ագրեսիան միայն միջնորդավորված սպառնալիք է Հայաստանի Հանրապետության դեմ:

Դմիտրի Մեդվեդևի երևանյան մամուլի ասուլիսի ընթացում ի պատասխան  այն հարցին, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն, եթե ԼՂ-ի բնակչության անվտանգության սպառնալիքներ  ի հայտ գան, Ռուսաստանի նախագահը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների մասին` չնշելով Լեռնային Ղարաբաղը. «Մենք ունենք դաշնակցային պարտավորություններ, իսկ Հայաստանը մեր դաշնակիցն է…Ռուսաստանի Դաշնությունը լուրջ է վերաբերվում իր դաշնակցային պարտավորություններին»,- նշել էր Մեդվեդևը:

Սրանից հետո հայտարարել, թե ռազմաբազայի մասին պայմանագրի երկարաձգումը սաստում է Ադրբեջանին, կամ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններով երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, առնվազն մոլորություն է, անտեղի ու անլուրջ մոտեցում:

Իսկ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի 3-րդ հոդվածից «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններում» Հայաստանի անվտանգության ապահովման մասին դրույթը հանելը բնավ չի նշանակում, որ ռուսական բազան արդեն պետք է պայքարի ադրբեջանական կամ վրացական սպառնալիքների դեմ, ինչպես պնդում են փորձագետները:

Օգոստոսի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նաև հարցականի տակ դրեց ռազմաբազայի մասին պայմանագրում փոփոխությունների փաստը` հայտարարելով, որ համաձայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Երևանում կնքված նոր պայմանագրի` Գյումրիում Ռուսաստանի ռազմաբազայի առաքելությունը մնում է անփոփոխ: Ինչպես հաղորդում է Interfax-ը,  Լավրովը  նշել է. «Արձանագրությունը ո՛չ փոխում է բազայի ֆունկցիան, ո՛չ անձնակազմի հզորությունը, ո՛չ էլ ունեցած զենքի քանակը: Ուստի սխալ է ասել` այն գուցե փոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, և նաև սխալ է ասել, որ այն խախտում է ինչ-որ պայմանավորվածություն»: Լավրովը նաև ասաց, որ բազայի գլխավոր նպատակը Ռուսաստանի շահերի երաշխավորումն է, ներառյալ Հյուսիային Կովկասում և կասպյան շրջանում կայունության պահպանումը:

Լավրովի այս հայտարարությունը, փաստորեն, չի համապատասխանում նաև հիշատակող ՌԴ շահերի պաշտպանական գործառույթներից բացի ռազմաբազայի` ՀՀ զինուժի հետ ՀՀ անվտանգության ապահովման մասին փոփոխված հոդվածի ոգուն: Պարտադիր չէ, որ ռազմաբազայի գործառնման աշխարհագրական տարածության ընդլայնումը տարածվի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ:

Նոր պայմանագրով Ռուսաստանը միայն հռչակում է իր «էքսկլյուզիվ շահերի գոտու» շառավիղը:

Նույն հաջողությամբ, արդյոք պետք է նշել նաև իրանակա՞ն սպառնալիքի մասին, չէ՞ որ մինչ այդ և հիմա էլ պայմանագիրը վերաբերում է Հայաստանի` նաև Իրանի հետ ունեցած սահմաններին: Ուրեմն ռուսական ռազմաբազայի առաքելութան մեջ մտնում է նաև իրանակա՞ն սպառնալիքի չեզոքացումը, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է իրանական սպառնալիքին հակազդելու մասին պայմանագի՞ր: Կամ, ի վերջո, պայմանագիրն ուղղված է նաև Իրանի՞ դեմ. չէ՞, որ Հայաստանը սահմաններ ունի ոչ միայն Թուրքիայի ու Ադբեջանի, այլև Իրանի հետ:

Չարժե Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում ցանկալի սպառնալիքների դեմ պայքարելու բովանդակություն տեսնել, ու չարժե նաև այն դիտարկել միայն` որպես Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիք: Բացի այդ, և ի վերջո, Ռուսաստանն այն երկիրը չէ, որ պայմանագիր կամ հատուկ հոդված ունենա, որպեսզի այս կամ այն երկրի սպառնալիքին հակազդի կամ հարձակվի այս կամ այն երկրի վրա:

Ոմանք ողջունում են ռազմաբազայի երկարաձգումը` նաև նշելով թուրքական սպառնալիքի մասին թեզը` զուգահեռներ տանելով հատկապես այն լուրերի հետ, թե Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում կամ Նախիջևանում:

Տեսակետը քննադատելի է` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Անշուշտ, չբացառելով Ռուսաստան-Թուրքիա հնարավոր հակամարտությունը, հաշվի առնելով հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ական լինելու փաստը, այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է Թուրքիայի առևտրային առաջին գործընկերներից մեկը. Թուրքիան իր բնական գազի շուրջ 70 %-ը և նավթի շուրջ 25 %-ը ներկրում է Ռուսաստանից, և սևծովյան իր տարածքը որպես տարանցում տրամադրել է Մոսկվայի աշխարհաքաղաքական ու հակաամերիկյան South Stream նախագծին: Մոսկվայի ու Անկարայի միջև իրական հակամարտություն կամ թշնամություն գոյություն չունի. նրանք գործընկերներ են, կա միայն պոտենցիալ հակամարտություն, և ռուսական ռազմաբազան անմիջականորեն ուղղված չէ Թուրքիայի դեմ:

Թուրքական կամ ՆԱՏՕ-ական ռազմաբազա Ադրբեջանում չի կարող տեղակայվել` հաշվի առնելով Ռուսաստանի ու Իրանի գործոններն ու այդ քայլով նրանց հետ առճակատում ստեղծելու հնարավորությունը: Բացի այդ, ուշագրավ է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում և ռազմական դոկտրինում Թուրքիան չի սահմանվում որպես դաշնակից: Թե՛ Թուրքիայի, թե՛ ՎՈՒԱՄ երկրների կամ ՆԱՏՕ-ի առնչությամբ Ադրբեջանը նշում է միայն համագործակցության զարգացման մասին:

Ադրբեջանի մասով էլ Ռուսաստանը չի կարող երաշխավորել նրա կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր ագրեսիան:

Ի լրումն վերը նշված փաստարկների` պետք է նշել այս տարվա հունիսի 18-ի ադրբեջանական ագրեսիայի դեպքը, որի հրամանը Ալիևը տվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եռակողմ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց:

Պարզ է դառնում, որ Ադրբեջանը չի հարգում Ռուսաստանի դերն ու գործոնը. եթե Ադրբեջանը ուզենա հարձակվել ԼՂՀ-ի վրա, կանի դա:

Ինչ վերաբերում է Մեդվեդևի Բաքու այցից անմիջապես հետո` սեպտեմբերի 4-ին, Մարտակերտից 4 կմ հեռավորության վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման փաստին, չի կարելի է պնդել, որ սա արվեց Մեդվեդևից Բաքվի դժգոհ լինելու պատճառով, ինչպես պնդում են շատ փորձագետներ: Իհարկե, չբացառելով Ռուսաստանի գործոնի նկատմամբ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ այսօրինակ դիվերսիոն գործողությունները, ինչպես, օրինակ` Վերին Չայլուի պաշտպանական դիրքի վրա օգոստոսի 31-ի վաղ առավոտյան գրանցված հերթական դեպքը կամ հունիսի 18-ի ռազմական ագրեսիայի քայլը, մարտի միջոցով ստուգումների ստանդարտ միջոցառումների համալիր լինելուց բացի, ենթադրում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պայմանների նախապատրաստման միջոց:

Մեդվեդևը Ադրբեջան այցի ընթացքում հասկացրեց Բաքվին, որ ռուսական ռազմաբազայի մասին Երևանում վերջերս կնքված պայմանագիրն ուղղված չէ Ադրբեջանի դեմ և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապ չունի:

«Պայմանագրում սկզբունքորեն նոր բան չկա. այն ենթադրում է միայն մեկ բան. այդ բազայի տեղակայվածության ժամկետը ավելանում է որոշ տարիներով». հայտարարել է Մեդվեդևը Բաքվում:

Ուստի խոսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման մասին և այդ ենթադրությունը կապել ադրբեջանական վերոհիշյալ դիվերսիոն գործողությունների հետ, ճիշտ չէ: Այս առումով նաև հարկ է հաշվի առնել շատ հավանական համարվող S-300-ների վաճառքի փաստը Ադրբեջանին:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply