ԱՄՆ-Ռուսաստան ռազմական մրցակցությունը Մոսկվայի «exclusive շահերի գոտում» – 2

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 8, 2010 17:26

սկիզբը՝ տես այստեղ

Վաշինգտոնի ճարտասանությունը և ռուսական դիվանագիտությունը

Ուկրաինայի դեպքում պատկերն այլ է: Միացյալ Նահանգները միայն  ճարտասանությամբ է զբաղված և իրական կամք չի ցուցաբերում Ուկրաինայի ատլանտյան ինտեգրացիայի հարցում: Իր այցի ժամանակ Քլինթոնը հայտարարեց, թե «ՆԱՏՕ-ի դուռը մնում է բաց»: Այնինչ, Ուկրաինայի տնտեսությանը լուրջ հարված հասցրած ֆինանսական ճգնաժամի պայմաններում ուկրաինացի ընտրազանգվածն այլևս առանձնապես հետաքրքրված չէ աշխարհաքաղաքական հարցերով և կարևորում է Ուկրաինայի գլխավոր առևտրային գործընկեր մնացող Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակիացումը:

Իսկ Մոսկվան արդեն իրական քայլեր է անում ուկրաինական տնտեսության զարգացման ուղղությամբ, հատկապես` էներգառեսուրսային ոլորտում: Օրինակ` օգոստոսի 27-ին Ուկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի հետ հանդիպման ավարտից հետո, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց  ուկրաինական «Նևտեգազի» և ռուսական «Գազպրոմի» միավորման կարևորության մասին: «Ուկրաինացիների համար գազի մատակարարումը այդ դեպքում կարող է իրականացվել Ռուսաստանի բնակչության համար նախատեսված գներով (այսօրվա դրությամբ 1000 խմ գազի դիմաց գանձվում է 1880 ռուբլի, ինչը 60 դոլարից մի քիչ ավելի է)»,- հայտարարել է Միլլերը:

Մինչ Օբամայի վարչակազմը առաջնորդվում է idealpolitic-ային ճարտասանությամբ, Մոսկվան իր էներգետիկ-տնտեսական relapolitic-ով քաղաքականապես «օկուպացնում» է հետխորհրդային տարածությունը:

Թեև Վրաստանի մասով Միացյալ Նահանգները տնտեսական լուրջ ներդրումներ է անում, միայն տեսականորեն է պաշտպանում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Միացյալ Նահանգները հաստատուն է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ իր դիրքորոշման մեջ,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը հուլիսյան իր այցի ընթացքում:- Միացյալ Նահանգներն ազդեցության գոտիներ չի ճանաչում»: Նա նույնիսկ մեղադրեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի «նվաճումը և շարունակվող օկուպացիան»:

Ռուսների համար թերևս նորմալ է ամերիկյան այս ճարտասանությունը, ուստի մեղմ արձագանքներ են նախատեսել նմանօրինակ հայտարարություններին: ՌԴ վարչապետ Պուտինը միայն հայտարարեց. «Ոմանք կարծում են, որ Հարավային Օսեթիան օկուպացված է, այնինչ ոմանք էլ կարծում են, որ այն ազատագրված է»:

Լեհաստան  կատարած այցի ժամանակ, ինչպես որ նախատեսված էր, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստորագրեց Լեհաստանի հետ Ջորջ Վ. Բուշի հրթիռային պաշտպանության հովանոցի թարմացված պայմանագրի տեխնիկական փոփոխությունները: Լեհաստանի և Սպիտակ տան միջև 2008 թ. կնքված այդ պայմանագիրը նաև ստորագրեց Քլինթոնի լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկին: Պայմանագրի փոփոխությունները վերաբերում էին Մորագի մոտ ԱՄՆ ժամանակավոր ռազմական բազային, ըստ այդմ` մինչև 2012 թ. Լեհաստանի զինուժը վերապատրաստելու համար ԱՄՆ զորքեր կտեղակայվեն. դրանից հետո ակնկալվում է, որ բազան մշտական կդառնա:

Որևէ կերպ չհիշատակելով հրթիռային պաշտպանական այս համակարգերի տեղակայման փաստը` Մեդվեդևը նույնիսկ ջերմ մաղթանքներ հղեց Օբամային Անկախության օրվա առթիվ: «Կառուցողական և լավ բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև բխում են մեր երկուստեք շահերից,- հայտարարեց նա:- Այս պայմաններում ցանկացած փորձ` ուղղված ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը տապալելուն կամ մեր հաստատուն գործընկերային ջանքերը խոչընդոտելուն, ապագա չունի և դատապարտված է անհաջողության»:

Այս ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանի հարաբերական մեղմ արձագանքները հետխորհրդային տարածությունում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ռազմավարությանը (Լեհաստանում Patriot, Ռումինիայում ու Բուլղարիայում այլ BMD տեղակայման փաստերը ևն), վկայում են, որ համաձայնեցված են S-300-ների տեղակայումն ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման արձանագրությունը, այն դեպքում, երբ վերջինիս ժամկետը լրանում էր 2020-ին: Դրա մասին պայմանավորվածություն միգուցե ձեռք է բերվել անցյալ տարվա Օբամա-Մեդվեդև սամիթի ժամանակ:

Ուշագրավ է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Դոնի-Ռոստովում Սերժ Սարգսյանը, հղում անելով այն հարցադրմանը, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է, հայտարարեց. «Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատես կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնեն նույնիսկ ամենաթերահավատների կասկածներին»:

Ռուսական բազայի պայմանագրի տեղակայման ժամկետի կանխավ պայմանավորված երկարաձգումը ԱՄՆ-ի կողմից կոշտ արձագանքի չարժանացավ. «Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարգավիճակը միայն Ռուսաստանի և Հայաստանի գործն է: Միացյալ Նահանգները և Հայաստանը սերտորեն համագործակցող գործընկերներ են, և Միացյալ Նահանգները հույս ունի շարունակել հետագա համագործակցությունը»,-հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Ռուսական S-300 «օպերացիան»

Ամերիկյան նշված պաշտպանական ռազմավարության իրականացման պայմաններում Ռուսաստանն իր հերթին S-300 օղակի մեջ է առնում կովկասյան-սևծովյան-կասպյան տարածությունը. Մոսկվան հասցրել է S-300 (SA-20 Favorit) օդային պաշտպանության համակարգ տեղակայել Աբխազիայում: ԱՄՆ պետքարտուղարի օգնական և պետդեպարտամենտի խոսնակ Փ. Քրոուլին ասաց` հավատում է, որ Ռուսաստանն անցյալ տարիներին էլ ունեցել է S-300 հրթիռներ Աբխազիայում, և ավելի ուշ նշեց` պարտադիր չէ, որ սա նոր զարգացում լինի:

Ռուսաստանը համաձայնվել է S-300 օդային պաշտպանության համակարգեր տեղակայել նաև Ադրբեջանում:

Անցյալ տարի Ռուաստանի զենք արտահանող պետական «Ռոսօբորոնէքսպորտը» պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ` 2 S-300PMU-2 Favorit (SA-20b Gargoyle b) գումարտակային համակարգ մատակարարելու վերաբերյալ. այս մասին հայտնել էր ռուսական «Վեդոմոստի» օրաթերթին S-300 սարքավորումներ արտադրող ընկերության գործադիրներից մեկը:

Ասվում էր, որ պայմանագիրն արդեն իրականացվում է, և ակնկալվում է ավարտել այն մեկ-երկու տարվա ընթացքում: Ինչպես նշում է Moscow Defense Brief ամսաթերթի գլխավոր խմբագիրը, այն արժե 300 մլն դոլար, և սա համարվում է զենքի ամենաթանկ գնումը հետխորհրդային պետության կողմից, չհաշված Ռուսաստանը:

Ռուսաստանը S-300 C հրթիռներ է վաճառել նաև Բելառուսին և Ղազախստանին, բայց շատ ավելի էժան գնով:

Հետխորհդային տարածությունից  դուրս Ռուսաստանը S-300 օդային պաշտպանական համակարգեր է փոխանցել Ալժիրին ու Չինաստանին: 2005 թ. դեկտեմբերին Մոսկվան պայմանագիր է ստորագրել Իրանին մոտ 5 S-300 համակարգեր մատակարարելու մասին, բայց պայմանագրի իրականացումը դեռևս հետաձգվում է:

S-300-ը համարվում է ամենաունակ հակաօդային հրթիռային համակարգերից մեկը, որ ներկայումս գոյություն ունի. դրա ռադարները կարող են միաժամանակ որսալ 100 թիրախներ` արձակելով ոչ ավել, քան 12 հրթիռ: Գործարկվելու համար S-300-ի տեղակայումը տևում է 5 րոպե: Դրանք իրենց կյանքի ընթացքում վերանորոգման կարիք չունեն:

Ադրբեջանին վաճառվող (հայտարարված) S-300-ները նոր հթիռներ են` ավելի մեծ մարտագլխիկով և ավելի լավ` 200կմ հեռահարության ուղենիշով` ի տարբերություն նախորդ տեսակի, որն ուներ 150կմ ուղենիշ:

Այդ S-300 PMU2 «FAVORIT»-ը օդային պաշտպանության համակարգ է` ստեղծված` պաշտպանելու պետության կենսականորեն կարևոր ինֆրակառույցներն ու զինված ուժերը ժամանակակից ու գերժամանակակից օդանավերի, ռազմավարական նավարկային հրթիռների, տակտիկական ու բալիսիկ հրթիռների և այլ օդային հարձակման զենքերի զանգվածային գրոհներից:

Համընգդկուն շարժական բազմակի Favorit օդային պաշտպանության հրթիռային համակարգը հաջորդում է S-300 PMU1 ADM համակարգին և 83M6E հրամանատարական ու վերահսկողական համակարգին և աչքի է ընկնում բարելավված տեխնիկական ու օպերացիոնալ բնութագրիչներով:

S-300 PMU2 Favorit-ը կարող է որսալ թիրախներ ցամաքից 10մ-ից մինչև 27 կմ հեռավորության վրա 10 հազար կմ/ժ արագությամբ: Նշվում է, որ դրա kill ratio-ն օդանավերի դեմ 0.8-ից 0.93 է, իսկ Tomahawk սերնդի նավարկային հրթիռների դեմ` 0.8-ից 0.98:

Այլ կերպ ասած, այն կլինի Ադրբեջանի լավագույն համակարգը` հակազդելու հայկական միջին և երկար-հեռահարության հրթիռների հնարավոր գրոհներին:

շարունակելի

Դիտվել է 2128 անգամ:
Print Friendly

Leave a Reply