Վանաձորը տասը օրով ջրազրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2010 17:09
Սեպտեմբերի 7-ից Վանաձորը գրեթե ամբողջությամբ ջրազրկված է. «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներ է իրականացնում Վանաձորը ջրով սնուցող հիմնական` Նովոսելցովոյի ջրատարի վրա: Լոռու մարզկենտրոնի եւ շրջակա` նույն ջրատարից սնուցվող, գյուղերի բնակչությունը նախապես տեղեկացված էր, որ մոտավորապես 10 օր զրկված է լինելու խմելու ջրից: Նորացվելու-փոխարինվելու է Նովոսելցովոյի ջրատարի 58 կմ-ոց հատվածը: Ըստ «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Վահանյանի, թեեւ նախատեսված է, որ աշխատանքները կտեւեն 10 օր, սակայն կազմակերպությունն ամեն ինչ կանի ավելի շուտ` 5-6 օրվա ընթացքում քաղաքի ջրամատակարարումը վերականգնելու համար:
Այդ ընթացքում բնակչությանը խմելու ջուր կմատակարարվի ջրատար մեքենաներով: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հավաստմամբ` 12 ջրատար մեքենա ջուր կմատակարարի դպրոցներին, մանկապարտեզներին, բնակելիներին: 1-2 մեքենա կաշխատի գյուղերում, իսկ մնացածները ջրով կապահովեն Վանաձորը: Քաղաքապետը տեղական հեռուստատեսությամբ կոչով է դիմել Վանաձորի բնակչությանը, որպեսզի զգոն լինեն` հնարավոր հետեւանքներից, հնարավոր համաճարակից խուսափելու համար, անգամ` խուսափեն այս օրերին երեխաներին մանկապարտեզ ուղարկելուց:
Չնայած ջրատար մեքենաների ախտահանված լինելուն, նպատակահարմար է խմելու շշալցված ջուր գնել խանութներից: Ս. Դարբինյանը բնակիչներին կոչ է արել նաեւ զերծ մնալ ջուր մատակարարող մեքենաների մոտ քաշքշուկներից: Վանաձորում բոլոր համապատասխան ծառայություններն, այդ թվում նաեւ` հակահամաճարակային ծառայությունը, պատրաստ են արձագանքելու հնարավոր չնախատեսված զարգացումներին:






Facebook
Tweet This
Email This Post
