Կստեղծվի Դալմայի այգիների և հողօգտագործողների շահերի պաշտպանության հկ

Օրվա լուր | | July 13, 2009 12:05

Շինարարություն`Դալմայի այգումԿառավարության շենքի առաջ Դալմայի այգիների  հողօգտագործողների բազմաթիվ բողոքի ցույցերն ու գրավոր դիմումները դեռևս արդյունք չեն տվել, և հողօգտագործողները որոշել են միավորվել և ստեղծել «Դալմայի այգիների ու հողօգտագործողների շահերի պաշտպանություն» հկ:
Դալմայի այգիների տարածքի կեսից ավելին այժմ դարձել է շինհրապարակ կամ հարմար մի վայր, որտեղ կարելի է լցնել շինարարական աղբ:

Ջեմմա Կիրակոսյանն ավելի քան 10 տարի մշակել է Դալմայի իր հողատարածքը` 4200 քմ: «Ցուրտ ու մութ տարիներին իմ այգիների բերքով էի պահում ընտանիքս ու օգնում հարևաններիս: Ստացված բերքը դարձել էր մեր ապրուստի միջոցը»,-պատմում է տիկին Ջեմման, ում հողերն այժմ այլևս իրեն չեն պատկանում. փոխհատուցվել են չնչին գումարներով (1 քմ` 4000 դրամով): Նրա խոսքով` այսօր այդ հողերը վաճառքի են դրված 126.000 դրամով` 1 քմ-ի համար:

Մանուշակ Բաղդասարյանը 1992թ.-ից մշակում է իր  հողատարածքը: 1994 թ. օրինական պայմանագրով`վարձակալել է տարածքը: «Իմ մշակած հողերը մտնում են քաղաքաշինության նպատակով օգտագործվող հողերի մեջ: Բայց քանի  դեռ այնտեղ շինարարություն չի ծավալվում, ես  մշակում եմ, բայց ամեն րոպե կարող են հանել ինձ այդ տարածքներից ու ոչնչացնել տարիների ընթացքում քրտինքով աճեցված այգին»,- ասում է Բաղդասարյանը:

Կառավարության 1941-Ա որոշմամբ (2003 թվականի մարտի 27-ի)` Դալմայի այգիների 256,0 հեկտար հողերը սահմանվել են անտառային ֆոնդի հողեր: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի` «Դալմայի այգիներ. օրինախախտումներ պետական մակարդակով» գրքում նշվում է, որ Դալմայի հողերը կազմում են 780 հա: Հայաստանի կառավարության՝ 2004 թ. մարտի որոշմամբ` անտառային ֆոնդի հողերը (256 հա) տրվել են «Հայանտառ»-ին, իսկ մյուս մասը սկսվել է օգտագործվել քաղաքաշինական նպատակներով`տարբեր ՍՊԸ-ների ու անհատների կողմից:

«Հողերի նոր սեփականատերերը, որոնց չենք էլ ճանաչում,  հողօգտագործողներին կամաց-կամաց չնչին փոխհատուցումներով դուրս են մղել իրենց զբաղեցրած տարածքներից»,- պատմում են  Դալմայի երբեմնի հողօգտագործողները:
Դալմայի քարքարոտ ու անջուր այս տարածքները 1991-1994թթ. վարձակալության հիմունքներով հողօգտագործողներին տրվել են 10 տարի ժամկետով: Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով` քաղաքացին կամ իրավաբանական անձը, ով անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:

Դալմայի այգիներն ունեն նաև պատմամշակութային նշանակություն. այդ  տարածքում 3000 տարի առաջ եղել է 6.5մ երկարութամբ ջրանցք:
Հողօգտագործող, իրավաբան Ռուզան Ղազարյանը, խոսելով իրենց խախտված իրավունքների մասին, ավելացնում է, որ 1991թ. մարտի 5-ի N166 որոշմամբ` ՀՀ քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել, միայն երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում:

Հողօգտագործողներն ուրբաթ օրը  ևս մի փորձ արեցին պետական մարմիններից պատասխան ստանալու: Նրանք հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առաջ` նոր քաղաքապետին տեսնելու ակնկալիքով, սակայն ընդունարանի աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել`պատճառաբանելով, թե «քաղաքապետի մոտ մտնելու կարգ չկա դեռ»:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply