ԱԺ նախագահն ընդունել է Կանադայի խորհրդարանի Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2010 15:36

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն երեկ  ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա – Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի  ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ-կանադական հարաբերությունները, նշելով, որ կանադացի խորհրդարանականների այցը կնպաստի այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելուն եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթը  պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության  30 հոգանոց խումբը եւ շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց  խորհրդարանների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույնները  եւ Հայաստան այցելելու հրավերը  փոխանցեց Կանադայի խորհրդարանի խոսնակին: Նա շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում եւ զգալի օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում: Նա շոշափելի համարեց Կանադայի աջակցությունը  հատկապես ՄԱԿ-ում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կարեւոր համարեց, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply