Խաչքարերն այսուհետ հասանելի են զբոսաշրջիկների համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 8, 2010 13:23

Նորատուսի խաչքարերի միջնադարյան գերեզմանատուն այցելող զբոսաշրջիկներն այսուհետ տեղում կկարողանան մշակութային կոթողի մասին տեղեկություններ ստանալ տասնմեկ լեզվով:

Նորատուսի համայնքի, ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, Viva Cell-MTS–ի և այլ կազմակերպությունների  ֆինանսավորմամբ խաչքարերի գերեզմանոցը ցանկապատվել է, տեղանքը բարեկարգվել է, կատարվել է տեղանքի քարտեզագրում, արժեքների ցուցակագրում, մուտքի մոտ տեղադրվել են տեղեկատվական վահանակներ հինգ լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն: Այցելուներին հասանելի են նաև 11 լեզուներով պատրաստված լամինացված թերթիկներ, որոնք զբոսաշրջիկին ինֆորմացիա կտան խաչքարերի գերեզմանոցում առանձնացված 14 խումբ խաչքարերի մասին: Մշակութային հուշարձանի կողքին հիմնվել է նաև սրճարան-հանգստավայր, մաքուր սանհանգույց: Տեղադրված են նաև վաճառակետեր, որտեղ գյուղի բնակիչները կարող են վաճառել իրենց ձեռագործ աշխատանքները, Հայաստանը և խաչքարերը խորհրդանշող հուշարձանիկներ: Ըստ նախաձեռնողների` այս քայլերը կնպաստեն Նորատուսում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, խաչքարերի պահպանությանը, բացի այդ գյուղի բնակիչներն էլ հավելյալ եկամուտ կունենան:

Տեր-Կարապետի խաչքարը

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյաին հավաստմամբ` մոտ ապագայում կասֆալտապատվի նաև դեպի խաչքարերի գերեզմանոց տանող ճանապարհը:

Նորատուս գյուղը հիմնվել է 1829 թվականին, սակայն Բրոնզե դարի, ինչպես նաևմիջնադարյան  գտածոները փաստում են, որ այն հինավուրց ժամանակներից գոյություն ունեցող բնակավայր է: Ըստ ավանդության` ներկայիս գյուղը նույնանուն ամրոցի տեղում է, որ  կառուցել է Գեղամ Նահապետը կամ արքայազն Գեղամը և կոչել Նորատունս, այսինքն  «նոր տուն»:

Նորատուսի գերեզմանատան հնագույն մասում կա ավելի քան 800 խաչքար` փորագրված 9-17-րդ դարերում: Այստեղ է գտնվում աշխարհում գոյություն ունեցող խաչքարերի ամենամեծ պահպանված հավաքածուն:

Լեգենդի համաձայն` Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ խաչքարերը փրկել են գյուղը մոնղոլական  բանակի ներխուժումից: Արքայազն Գեղամը, տեսնելով թշնամու մեծաթիվ զորքը, հրամայել է խաչքարերին ևս զինվորական համազգեստ հագցնել, որպեսզի բազմամարդ բանակի տպավորություն ստեղծվի:  Հնարքը հաջողվել է և մոնղոլական հրոսակախմբերը խուճապահար փախուստի են դիմել, հայ զինվորներն էլ նրանց հետապնդել ու պարտության մատնել: Այսպիսով Նորատուսը փրկվել է կործանումից:

Ներկայումս էլ մեծ է գյուղացիների ակնածանքը խաչքարերի նկատմամբ:

Գեղարքունիքի մարզպետը  փաստում է, որ բնակիչները գիտակցաբար մինչ օրս պահպանել են խաչքարերը և հասցրել մինչև մեր օրերը:

«Խաչքարերն անգին են: Այս գերեզմանոցում հուղարկավորված են մեր նախնիները, դեռ հնագույն ժամանակներից այստեղ մարդիկ են ապրել, ստեղծագործել, այստեղ բոլորիս գերդաստանների հիմքն է, և ամեն մարդու հոգու պարտքն է պահպանել այս խաչքարերը»,- ասում է Նորատուսի բնակիչ Մկրտիչը:

Գյուղի բնակիչները նաև հավատում են, որ որոշ խաչքարեր ունեն բուժիչ հատկություն: Այդպիսին են, օրինակ, Տեր-Կարապետ Հովակիմյանցի և  Տեր-Ավետիս Հովակիմյանցի խաչքարերը: Տեր-Կարապետը գյուղի հիմնադիրներից է, նա եղել է գյուղի բնակիչների հոգևոր հովիվը: Գյուղի բնակիչները նշում են, որ Տեր-Կարապետի և նրա ժառանգների գերեզմանների վրա լույս է իջել, և դրանք ունեն բուժիչ ուժ: Հիվանդ մարդիկ շաբաթ օրն այցելում են գյուղի հինադիր քահանայի գերեզմանին, աջ ձեռքը դնում խաչքարին և ջուր խմում` հավատացած լինելով, որ այդպիսով օժտվում են Աստծո զորությամբ և ազատվում իրենց մարմինը տանջող բոլոր տեսակի հիվանդություններից:

«Ոմանք խաչքարի մոտ ջուր խմելուց հետո շիշը կոտրում են դրա վրա, իբրև թե միայն այդպես կարող են բուժվել: Բայց դա հեթանոսական ավանդույթ է, այդպես վարվել պետք չէ,- ասում է Տեր-Կարապետի գերդաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Սողոմոնյանը, ով նույնպես հավատում է խաչքարերի բուժիչ ազդեցությանը,- Ամեն շաբաթ գալիս գերեզմանները մաքում եմ ապակու կտորներից: Բայց միշտ մեկը կգտնվի, որ հեթանոսաբար ապակին կկոտրի գերեզմանաքարի վրա»:

«Բոլորիս ջանքերի շնորհիվ ապագա սերունդները կկարողանան ծանոթանալ խաչքարերի արվեստին, որն այսօր էլ ներշնչման աղբյուր է շատերի համար,- ասում է Մարի Յովանովիչը:-Երբ այստեղ եկա, նոր միայն հասկացա, թե ինչու են Լենկ-Թեմուրի զորքերը սարսափահար փախուստի դիմել»:

Խաչքարերի պահպանությունը կարևորում է նաև VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` նշելով, որ դրանք մեր անցյալի և ինքնության մի մասն են կազմում և պարտավոր ենք այն պահպանել.«Հարգենք մեր անցյալը, որ ապագան էլ մեզ հարգի»:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն էլ առաջարկում է խաչքարերի գերեզմանոց մտնելու համար զբոսաշրջիկներից գումար գանձել և այն ուղղել հուշարձանի պահպանությանը. «Ուրիշ տեղերում կվճարեին նման արժեքները տեսնելու համար և տարօրինակ չի լինի, եթե  այստեղ էլ տուրիստներին ստիպեն վճարել մուտք գործելու համար»:

Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը նախատեսում է առաջիկայում Հայաստանում իրականացնել ևս մեկ ծրագիր, որը կոչված է ազգային պարերի ձայնագրմանը  և պահպանությանը:

Դիտվել է 2293 անգամ:
Print Friendly

Leave a Reply