Թուրքական դիվանագիտության հերթական շոուն և հայերի դիրքորոշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 8, 2010 13:22

Աղթամարի սուրբ խաչ եկեղեցի

Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որ  սեպտեմբերի 19-ին` Վանի նահանգապետի և Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանի նախաձեռնությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագի արարողակարգում որևէ փոփոխություն նախատեսված չէ, և պատարագը  լինելու է: Սուրբ պատարագը մատուցելու է Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը:

Այս հաղորդագրությունը, ամենայն հավանականությամբ, կոչված է փարատելու այն կասկածները, թե հնարավոր է` պատարագ չմատուցվի: Բանն այն է, որ օրերս հայտնի դարձավ թուրքական կողմի դիրքորոշումը` տեխնիկական պատճառներով  Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվի: Թուրքական իշխանությունները նախապես վստահեցրել էին, որ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվելու է:

Մոտ երկու ամիս է, որ Սփյուռքում և Հայաստանում չեն դադարում խոսակցությունները պատարագին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` այս ընթացքում թուրքական քարոզչամեքենան կարողացավ պառակտում մտցնել հայության մեջ, քանի որ հնչեցին երկուստեք մեղադրանքներ գնալ թե չգնալ հարցի շուրջ` դրանից բխող տարատեսակ հետևանքներով: Թուրքագետն ասում է, որ մեր հարևանի այս քայլը բազմաֆունկցիոնալ բնույթ ուներ, որի շերտերը, ցավոք, հայության մեջ չընկալվեցին, և  քննարկվում էր միայն  պատարագին մասնակցել-չմասնակցելու պարզունակ հարցը:

Ռուբեն Մելքոնյան.«Մենք լրացուցիչ խաղաքարտեր տվեցինք թուրք իշխանությունների ձեռքը, որում, ցավոք, կրկին դեր խաղացին հայերը»:

«Խաչի չտեղադրման համար առաջ քաշված տեխնիկական պատճառը ես համարում եմ ծիծաղելի, քանի որ  երկու ամիս թուրքական քարոզչամեքենան համաշխարհային մամուլում տարփողում էր այն միտքը, որ Թուրքիան` որպես հանդուրժող պետություն, պատրաստվում է եկեղեցու գմբեթի խաչը տեղադրել, անգամ կառուցվում են նոր նավեր հայազզի ուխտավորների համար, հարմարություններ են ստեղծվում,- ասում է նա,- և այս ամենի համատեքստում ներկայացնել, որ 200 կգ-անոց  խաչի չտեղադրման պատճառը տեխնիկական է, նրանց ամենաանհաջող ու պարզունակ պատճառաբանությունն է»:

Մելքոնյանն ասում է, որ պատճառը պետք է փնտրել  Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում, որը ներկա պահին երկրի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն է: Առաջարկվող փոփոխություններով, որոնց  հեղինակը  Մեջլիսում գերակշռող քվե ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, թուլանում են զինվորականության և  դատախազության լիազորությունները: Այս փոփոխություններին դեմ են արտահայտվում քեմալական և ընդդիմադիր այլ  կուսակցությունները, իսկ քրդերը առաջարկում են բոյկոտել հանրաքվեն:

«Այսինքն` իշխող կուսակցությունը պայքարում է ընդդիմությունում  ներկայացված գրեթե բոլոր ուժերի դեմ, և այս պայմաններում  նա պետք է դիմի այնպիսի մեթոդների, որոնք կօգնեն բարձրացնելու իր քաղաքական վարկանիշը,- ասում է Մելքոնյանը,- իսկ Թուրքիայում հակահայկական և հակաքրիստոնեական տրամադրությունները միշտ էլ գերակշռել են և այս օրերին հասել գագաթնակետին: Այս իրադարձության նախօրեին  հայկական եկեղեցում խաչ տեղադրելը թուրքական հասարակությունում կընկալվի  խիստ բացասաբար և լուրջ քվեներ կխլի:  Թուրքական քաղաքական կուլիսներում տարվող խոսակցություններում խաչը չտեղադրելը պայմանավորում են հենց այդ գործոնով»:

Մելքոնյանի կարծիքով` «շոուն»  դեռևս չի ավարտվել, և թուրքական քարոզչամեքենայից կարելի է սպասել այլ որոգայթների, որոնք կարող են առաջիկա օրերին ակնհայտ դառնալ, մասնավորապես, նա չի բացառում, որ սեպտեմբերի 12-ի հանրաքվեի հաջորդ օրը հանկարծ իշխանությունները որոշեն խաչը տեղադրել:

Իսկ Պոլսո պատրիարքարանը խաչի չտեղադրման հարցում ոչ մի խնդիր չի տեսնում: Այդ մասին թուրքական թերթերից մեկին ասել է պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը:  «Այդ հարցում Անկարայից որևէ անհանգստություն չունենք,- ասել է նա,- խաչի տեղադրման համար լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ, և դրա համար ժամանակը չի բավականացնում։ Եթե խաչի տեղադրման հետ կապված տեխնիկական կառուցվածքները ավարտվեն, և խնդրի լուծման միջոցը գտնվի, խաչը մինչև սեպտեմբերի 19-ը կտեղադրվի։ Մեզ երբեք չեն ասել, թե խաչ չի տեղադրվելու»:

Աղթամարի սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը բացակայում է

Պատարագի վերաբերյալ հայ քաղաքական վերնախավը որևէ կարծիք չի հայտնել, իսկ թուրքական կողմի հնչեցրած հավաստիացումներից հետո, որ խաչը կտեղադրվի,  Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հայտարարել էր, որ պատարագին իր մասնակցությունը կբերի երկու հոգևորականի ներկայությամբ:

«Թուրքերը արել էին շախմատային այնպիսի քայլ, որի  լուծման ամեն տարբերակում էլ մենք կորցնելու ենք մեր ֆիգուրներից մեկը,- մեկնաբանում է Մելքոնյանը,-  այս պարագայում Մայր աթոռը հայտնվել էր շատ նուրբ իրավիճակում, և այդ որոշումը, կարելի է ասել, քաղաքականապես զուսպ էր: Իսկ որոշումը կայացվել էր Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանի հավաստիացումների հիման վրա, ով ստանձնել էր երկու կողմերի միջև միջնորդի դերը, և ում շուրթերով էլ  թուրքերը հայտնեցին խաչը չտեղադրելու մասին որոշումը: Վերլուծելու դեպքում հայտնի է դառնում, որ նրա միջոցով թուրքական իշխանությունները ստել են և ապատեղեկացրել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին»:

Արձագանքելով թուրքական  կողմի վերջին որոշմանը` Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հաղորդագրություն տարածեց առ այն, որ բոյկոտում է պատարագին իր մասնակցությունը. «Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, որ ընդառաջելով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության խնդրանքին` սրբազան պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան պատարագի արարողությանը»։

Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի այս քայլը համարել է ճիշտ և ասել է, որ խաչը պետք էր տեղադրել:

«Խոսք ենք տալիս, որ կտեղադրենք ու հետո չենք կարողանում տեղադրել: Դա անելու բան չէ ու սխալ է:  Պետք է անպայման խաչը տեղադրել: Չպետք է նման մանր բանի համար այս խնդիրը փակուղի մտցնել: Տուրիզմի եւ մշակույթի նախարարը պետք է այս խնդիրը լուծի:  Նախարարին նամակ եմ գրելու և  հասարակական կազմակերպությունների ու Վանի պատգամավորների հետ կազմակերպվելիք ժողովին քննարկելու եմ այս հարցը»:

Թուրքագետի կարծիքով` չարժեր այդքան արագ արձագանքել պատարագին մասնակցելու առնչությամբ, որովհետև պատմության, մասնավորապես ոչ վաղ անցյալի դասերը (օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների մասով) ցույց են տալիս, որ խոստումներ տալն ու  դրանից շատ արագ հրաժարվելը թուրքական դիվանագիտության ամենաընդգծված ու տարածված գործելակերպերից է:

Սրանից թուրքագետը  եզրակացնում է, որ Թուրքիան, որ աշխարհին ձգտում է ներկայանալ որպես հանդուրժող պետություն, իրականում առաջնորդվում է երիտթուրքական տրամաբանությամբ, որն այլամերժ է և չի ընդունում որևէ  էթնիկ  կամ կրոնական փոքրամասնություն:

«Համաձայնությունը պետք էր տալ ոչ թե պատարագից մեկ ամիս, այլ 2-3 օր առաջ,- ասում է նա,- այն դեպքում, երբ հայտնի կդառնար, որ խաչը չեն տեղադրում, պարզապես ոչ մի արձագանք չէր լինի, իսկ տեղադրվելու դեպքում կհայտնեին մասնակցության մասին դիրքորոշումը:  Սրանով մենք լրացուցիչ խաղաքարտեր տվեցինք թուրք իշխանությունների ձեռքը, որում, ցավոք, կրկին դեր խաղացին հայերը»:

Մայր աթոռի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Սահակյանն «Անկախին» ասաց, որ Մայր աթոռն իր անելիքը հստակ գիտի, և բոլոր որշումները կատարվում են երկարատև քննարկումներից հետո: «Սրանով Մայր աթոռը ցույց էր տալիս, որ չի բոյկոտում կամ ընդվզում պատարագի դեմ, այլ իր զորակցությունն է հանդես բերում Պոլսո պատրիարքարանին,- ասաց նա,- և եթե վաղը հայտնի դառնա, որ խաչը տեղադրվելու է, մեր հոգևորականները կմասնակցեն պատարագին»:

Հայ առաքելական եկեղեցու 4 նվիրապետական թեմերից Մայր աթոռն ու Անթիլիասը մերժել են մասնակցությունը պատարագին, Երուսաղեմը որևէ կերպ չի արձագանքել, հետևաբար պատարագին կմասնակցի միայն Պոլսո պատրիարքարանը: Մելքոնյանն ասաց, որ Թուրքիայի հայ համայնքի որոշ հատված  դեմ է Աթեշյանի թուրքամետ գործողություններին, սակայն համայնքի գերակշիռ մասը կողմ է պատարագին, որը նրանց իրավունքն է:

Թուրքական կողմը մամուլում շրջանառում է պատարագին  մասնակցություն բերելու 6000 մարդկանց թվաքանակ, իսկ հայկական կողմի կարծիքով շրջանառվում է  1500-2000 հոգանոց մասնակցություն, որը հետզհետե նվազում է խաչը չտեղադրելու մասին թուրքական կողմի որոշումից հետո:  Պատարագին մասնակցողների հիմնական զանգվածը տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ են:  Թուրքական կողմը արարողությանը ապահովել է CNN, BBC և այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայությունը:

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում` Վասպուրականի թագավորության ժամանակաշրջանում` Գագիկ Արծրունի թագավորի օրոք: 1854թ. այնտեղ վարդապետ է ձեռնադրվել Խրիմյան հայրիկը: Եկեղեցին վերակառուցել են Թուրքիայի իշխանությունները և որպես թանգարան բացել 2007 թ.: Բացման ժամանակ  եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են  Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը և Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և  Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Առաջինը մերժել էին բացմանը մասնակցելու հրավերը: Մայր աթոռի մամլո դիվանը, բացատրելով մերժման պատճառը, ասել էր, թե նկատի են ունեցել այն հանգամանքը, որ Սուրբ Խաչը չի բացվելու որպես եկեղեցի. «Վիրավորական է, երբ X դարում կառուցված եկեղեցին այլևս գործելու է իբրև աշխարհիկ հաստատություն: Այն մինչ 1915թ. ծառայել է որպես սրբավայր, ուստի չի կարող դադարել իր առաքելությունն իրականացնելուց»:

Ըստ Թուրքիայի օրենսդրության` թանգարաններում չի կարելի կրոնական ծիսակատարություններ կատարել: Այս տարի գարնանը կառավարությունը հայերին արտոնել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում: Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ եկեղեցին իր նշանակությամբ միշտ էլ եկեղեցի է, ուղղակի, որպես կանոն, մեծ վերանորոգումներից հետո  հարկ է լինում այն վերաօծել: «Սուրբ Խաչ եկեղեցում դրվելու է  Պոլսո պատրիարքարանում օծված վեմը, որի վրա պատկերված է խաչը, և որի վրա էլ կմատուցվի սուրբ պատարագը»,- ասաց նա:

1914 թ. դրությամբ Թուրքիայում եղել է մոտ 2000 հայկական եկեղեցի, վանք և հուշարձան,  ներկայումս` 41, մնացածը քանդվել է կամ կիսավեր վիճակում է, մի մասն էլ որպես սեփականություն տրվել է թուրքերին:

Դիտվել է 2704 անգամ:
Print Friendly

Leave a Reply