Հերթական ոչ հայանպաստ բանաձևը ՄԱԿ-ում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 8, 2010 10:02

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր վեհաժողովի 2009թ.-ի սեպտեմբերին մեկնարկած 64-րդ լիագումար նստաշրջանի ավարտին` ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին, ի թիվս այլ օրակարգային հարցերի, նախատեսված է Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի նախագծի քննարկումը: Այն վերաբերում է տվյալ տարածքներում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտությանը: Այս մասին հայտնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչությունից:

Նախագծում, մասնավորապես, ամրագրված է, որ Գլխավոր վեհաժողովը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից հակամարտության հետևանքով տեղահանված բնակչության և նրանց ժառանգների իրենց տներ վերադարձի, ինչպես նաև այդ մարդկանց համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու պարտավորությունը: Բացի այդ, շեշտադրվում է հակամարտության տարածաշրջանում մշակութային արժեքների և սրբավայրերի պահպանության, նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը անհապաղ պարզելու անհրաժեշտությունը: Նախագծի մեկ այլ կետով առաջարկվում է ԵԱՀԿ-ին շտապ կարգով փաստահավաք բազմազգ առաքելություն ուղարկել հակամարտության տարածաշրջան` նշված խնդիրների ուսումնասիրության նպատակով: Առաջարկվում է նաև խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի ստորաբաժանումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցաբար, Գլխավոր վեհաժողովի ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ից մեկնարկող 65-րդ նստաշրջանում ներկայացնել հիշյալ բանաձևի կատարման վերաբերյալ համապարփակ զեկույց: Իհարկե, ադրբեջանական կողմը չի անտեսել նաև հաջորդ` 65-րդ նստաշրջանի նախնական օրակարգում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» վերնագրով հարցի ընդգրկման պահանջը:

Ադրբեջանցիների կողմից ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք բանաձևի «ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո’չ քաղաքական, ո’չ տնտեսական կյանքում, ո’չ էլ անվտանգության բնագավառում»։ Այսպես է արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցում` պատասխանելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով՝ կարգավորման ներկայիս ձևաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծի վերաբերյալ ուսուցիչներից մեկի հարցին: «Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ։ Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են։ Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին։ Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Սա՝ մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը՝ կարծում եմ, որ շատ-շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար։ Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»,-ասել է Ս.Սարգսյանը։

Իշխանական շրջանակների ներկայացուցիչների մեկնաբանություններն, ըստ էության, առանձնապես չեն տարբերվում երկրի ղեկավարի հայտնած կարծիքից:

Մասնավորապես, Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանն օրերս համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ գործընթացն  անշրջելի է, եւ արդեն դիմում է ծայրահեղ ու անհավասարակշիռ քայլերի։ Նրա գնահատմամբ, «փրփուրներից կախվելու» Ադրբեջանի հերթական փորձը ՄԱԿ-ի շրջանակներում նրա նախատեսած ավանտյուրան է. «Բազմիցս Ադրբեջանի կողմից փորձ է արվել տեղափոխելու հարցի քննարկումն այլ կառույցներ, և մինչև այսօր այդ փորձերը որևէ հաջողության չեն հասել»: «Ակնհայտ է, որ այդ քայլը դատապարտված է ոչ միայն անհաջողության, այլև լուրջ խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար, որովհետև հավանություն չգտնելով իր ցնորամիտ երազանքների իրականացման բնագավառում միջազգային հեղինակավոր կառույցների և պետությունների շրջանակում՝ դիմում է իր հավատակից երկրներին և փորձում ՄԱԿ-ի ամբիոնում նրանց միջոցով ընդունել որոշում։ Սա ոչ միայն անընդունելի է Հայաստանի համար, անտրամաբանական է հակամարտության զարգացման տեսակետից, այլև ընդգծված անընդունելի է և’ միջազգային հանրության, և’ ՌԴ-ի, և’ Ֆրանսիայի, և’ ԱՄՆ-ի համար։ Երբ Ադրբեջանը խնդրի կարգավորումը փորձում է տեղափոխել այլ հարթակ, որտեղ ներկայացված են այս երեք երկրները, ապա նրա՝ հաջողության հասնելու շանսերը կտրուկ նվազում են»,–ասել է պատգամավորը։

Իհարկե, եղան նաև այլ որակումներ: Մասնավորապես, մեկ այլ հանրապետական պատգամավոր, իրավագիտության դոկտոր Ռաֆիկ Պետրոսյանը` մամուլի ակումբներից մեկում բանավիճելիս ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ, ՄԱԿ-ի օրակարգում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւն ընդգրկելու Ադրբեջանի նախաձեռնությունը  որակեց իբրեւ այդ երկրի նախագահի` «ուզուն ախմախի» (բոյով ախմախ),  ծիծաղաշարժ, անարդյունավետ նախաձեռնություն:

«Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք կարևորում ՄԱԿ-ը՝ լինի դա Գլխավոր ասամբլեան, թե այլ ինստիտուտի որոշում: Եթե մեզ համար դա դառնում է զավեշտի աղբյուր, դա էլ է մոտեցում, դա էլ է երկրի մասին խոսում, որ երկիրը, լինելով այդ բարձրագույն միջազգային ատյանի անդամ, նրա մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Երկրորդը՝ ինձ անհասկանալի է իշխող կուսակցության քաղաքականությունն այդ հարցում: Ծիծաղում ենք, ու դրանով ավարտվու՞մ է մեր քաղաքականությունը: Ես ուզում եմ իմանալ՝ մենք մեկ քայլ անու՞մ ենք, որը կառաջացնի ինչ-որ արձագանք ոչ միայն Ադրբեջանի մոտ, այլև ՄԱԿ-ի անդամ պետությունների, թե՞ մենք ևս մեկ անգամ սպասում ենք զավեշտալի պահերի, երբ Ադրբեջանը նորից մեկ ծիծաղելի նախաձեռնությամբ հանդես կգա: Բացի այդ, մենք ունենք լրջագույն որոշումներ նույն այդ Գլխավոր ասամբլեայի, որոնք նախաձեռնել է Ադրբեջանը 93 թ.-ից մինչ այսօր, ու այնտեղ հստակ երևում է քաղաքականությունը»,-հակադարձել է Լ.Ալավերդյանը` հավելելով. «Մարդու լացն է գալիս, ոչ թե ծիծաղը, այսինքն՝ շատ գրագետ կազմած բանաձև է»: Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ «Հայաստանում արտգործնախարարություն չունենք, ունենք արտաքին հարաբերությունների ինչ-որ մի ծառայություն: «Մենք քաղաքականություն չենք մշակել մինչ այսօր և չունենք հայեցակարգ»,-ասել է նա:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ օրերս կայացած մեկ ասուլիսում մտավախություն է հայտնել, որ նման մեծ ֆորումներում շատ հաճախ հարցի էությունից կտրված քննարկում է լինում, և, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քվեարկում են այս կամ այն բանաձևի, «հաճախ անգամ աբսուրդային բանաձևերի» օգտին: «Հետո իրենք էլ տեսնում են, որ ամոթ էր, բայց` տրվելով Ադրբեջանի քարոզչական հնարքներին, նրանք անընդհատ հայտնվում են այդ ծուղակում»,-ասել է Ա.Ռուստամյանը` հայտնելով, որ ՀՅԴ-ն հրահանգել է Հայ դատի կառույցներին լոբբիստական աշխատանք իրականացնել հնարավոր բոլոր երկրների հետ` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախապատրաստած բանաձևի ընդունումը կանխելու համար: Պատգամավորի համոզմամբ, հայկական կողմը նաև պետք է բոլոր այդ ուժերին, երկրներին մղի, որպեսզի իրենք Մինսկի խմբի ձեւաչափից զատ երկրորդ ձևաչափ չստեղծեն, ինչն իսկապես խանգարում է  բանակցային գործընթացին:

Նշենք, որ այս օրերին քաղաքագետների և քաղաքական գործիչների կողմից եղան բազմաթիվ պնդումներ, թե Ադրբեջանի ձգտումները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից, առաջացնում են համանախագահողների բացասական արձագանքը: Հարկ է, սակայն, նշել, որ ԼՂ-ի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Սեպտեմբերի 6-ից 10-ը համանախագահները կլինեն Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում` քննարկելու այն հավելյալ քայլերը, որ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմը ամրապնդելու, բանակցային կողմերի մոտ փոխզիջումային ոգու ձեւավորման, ինչպես նաեւ հետագա գործողությունների համար անհրաժեշտ միջոցները վերջնականապես մշակելու նպատակով: Սեպտեմբերի երկրորդ շաբաթը համանախագահները կուղևորվեն Վաշինգտոն, հետո` Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կողմերի հետ բանակցելու նպատակով»: Համանախագահները հայտարարել են նաև, որ սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում իրենք կվերադառնան տարածաշրջան` տեղերում իրավիճակի գնահատման ուղղությամբ առաքելություն իրականացնելու, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում հումանիտար վիճակի վերահսկողության և հակամարտության կարգավորման շուրջ կողմերի հետ նախապես համաձայնեցված սկզբունքների քննարկման նպատակով: «Խորհրդականներից և փորձագետներից, այդ թվում` ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչներից կազմված բարձր մակարդակի խումբը կուղեկցի համանախագահներին այս առաքելության ընթացքում, որը կլինի առաջին միջազգային առաքելությունն այս տարածքներում 2005թ.-ի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից ի վեր: Դիտարկումների արդյունքներով կայացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում: Այնուհետեւ համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին եւ ակտիվորեն կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նախապատրաստվելու ուղղությամբ»:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2653 անգամ:
Print Friendly

Leave a Reply