Թուրք պատգամավորը «գցել» է ադրբեջանցի երեք բիզնեսմեններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2010 9:56
Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր անդամներից, Քութահյայի պատգամավոր Հուսեին Թուղջուն ադրբեջանցի երեք բիզնեսմեններին կես միլիոն դոլար «գցել» է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Pia.az» թերթի խմբագրությանը տեղեկացրել է «գցված» ադրբեջանցի գործարարներից մեկի ազգականը, ով ասել է, որ թուրք պատգամավորը յուրացրել է իր բարեկամի փողերը: Նրա խոսքերով, խաբված ադրբեջանցիների թվում նույնիսկ պետական պաշտոնյա կա:
«Հաջիթեփե համալսարանի նախկին դասախոս, ներկայում ԱԶԿ-ի վարչական խորհրդի անդամ Հուսեին Թուղջուն ադրբեջանցի գործարարներին խաբել է` խոստանալով վարկ «դասավորել» Ավստրիայում գտնվող «ԱլֆաՕմեգա» հիմնադրամի կողմից: Նա ադրբեջանցի գործարարներին առաջարկել է իր միջոցով բիզնես-պլան ուղարկել այդ հիմնադրամ եւ խոստացել 7 շաբաթվա ընթացքում դրական լուծում ապահովել` նոտարական ծախսերը փակելու համար` դրա դիմաց պահանջելով հատկացվելիք վարկի 4 տոկոսը: Հետո նա տարբեր պատրվակներով մի անգամ 80, մյուս անգամ` 60 հազար դոլար փող է պահանջել վերջիններից` հաճախակի իր թիմով Ավստրիա մեկնելու եւ ինչ-որ լրացուցիչ ու չնախատեսված ծախսերի համար:
Այդ ընթացքում Բաքու այցելած Թուղջուն իրեն ուղեկցող Վեյսալ անունով մեկին ներկայացրել է որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թարգմանչի` դրանով ակնարկելով, որ մոտ է թուրք վարչապետի հետ: Նա իր հետ Բաքու եկած Աուգուստեն անունով գերմանացուն նեկայացրել է որպես «ԱլֆաՕմեգա» հիմնադրամի իրավասուի: Ադրբեջանցի գործարարներից մեկից 60 հազար եվրո ստանալուց մեկ շաբաթ հետո Թուղջուն զանգահարել է նրան եւ ասել, որ շտապ, որպես դեպոզիտ, 1 մլն դոլար փոխանցի «Դոյչեբանկ»-ին: Դրանից կասկածի տակ ընկած ադրբեջանցի գործարարը պարզել է, որ իր ուղարկած բիզնես պլանը «ԱլֆաՕմեգա» հիմնադրամում չի ընդունվել: Համոզվելով, որ թուրք պատգամավորը «գցել» է իրեն եւ ցանկանում է յուրացնել նաեւ «Դոյչեբանկ» փոխանցվելիք իր 1 մլն դոլարը, ադրբեջանցի գործարարը նրանից պահանջել է վերադարձնել իրենից խլված ամբողջ գումարը: Դեպքից արդեն 6 ամիս ժամանակ է անցել, սակայն, Հուսեին Թուղջուն ադրբեջանցի գործարարների փողերը չի վերադարձրել: Միջադեպի մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը եւ մտադիր է մոտ ժամանակում դիմել նաեւ իրավապահ մարմիններին:






Facebook
Tweet This
Email This Post
