Մաթեմատիկայից միջին միավորը կրկին ցածր է. 240 դիմորդից 160-ը անբավարար է ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 10, 2009 17:45

untitled19«Մաթեմատիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությանը 240 (հայտագրված են եղել 260-ը) շրջանավարտից 160-ը (66,67 տոկոսը) անբավարար է ստացել: Որևէ մեկը 20 միավոր չի ստացել, իսկ բարձր` 17,5-19 միավոր ստացել են 15 դիմորդ: Մաթեմատիկայից միջին միավորը 7,9-նն է:

Հիմնական փուլում մաթեմատիկայի քննական թեստում տեղ գտած սխալի համար բողոքարկման հանձնաժողովը որոշեց, որ 1 միավոր հօգուտ դիմորդի կհաշվարկի. այսկերպ անբավարար ստացած շրջանավարտների թիվն էապես նվազեց՝ 27%-ից հասնելով 20-ի։ Միջին միավորի շեմը 10,8 էր: 9.473 դիմորդից 20 միավոր վաստակել էր միայն 2 դիմորդ:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անբավարարների թվի մեծ լինելը բնական է համարել:

Մկրտչյանը, անդրադառնալով լրացուցիչ քննությունների վերաբերյալ տարածված ասեկոսեներին, նշել է, որ դրանց կապակցությամբ շատերի մտահոգությունն ու անհանգստությունն իզուր էր: «Արդյունքները ցույց են տալիս, որ այդ ամենը ասեկոսեներ են: Երեխաներից շատերն այսուհետ հույսը կկտրեն լրացուցիչ քննություններից, հիմնական փուլում կգան, իրենց քննությունը նորմալ կհանձնեն ու կգնան, իսկ լրացուցիչը կկազմակերպվի միայն արտասահմանում սովորող հայ աշակերտների եւ բանակից զորացրված տղաների համար»,- հավելել է նա:

Մանուկյանը հերքել է այն լուրերը, թե դիմորդների ծնողներին չի թույլատրվել իրենց բողոքներով ներկայանալ ու հանդիպել նախարարության համապատասխան աշխատակիցների հետ և նշել է, որ ամեն հինգշաբթի ինքը «բաց դռների օր» ունի, նույնիսկ ծնողներ կան, որ դիմում են և իրեն, և ԿԳ նախարարին: «Ավելին` չկա մի ծնող կամ դիմում, որ անուշադրության մատնվի»:

Առավոտյան նաև կայացել է «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական լրացուցիչ քննությունները: Ձևավորված է եղել երկու քննկան կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցներում:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել բանակից զորացրվածները, հիմնական փուլին հարգելի պատճառներով չմասնակցած դիմորդները, ինչպես նաև Ջավախքի շրջանավարտները և տարբեր ծրագրերով արտերկրում սովորող շրջանավարտները:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply