Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2010 16:13

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների և նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրվել էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի անկման խնդրին` նախարարը մասնավորապես, նշել է. «Կառավարությանը հաջողվել է խուսափել զանգվածային կրճատումներից։ Սա ամենամեծ ձեռքբերումն է սոցիալական ոլորտում։ Եթե նորմատիվային չափորոշիչային սանդղակով մոտենայինք, և իրականում աշխատուժի պահանջարկը հաշվարկեինք դպրոցներում այնպես, ինչպես հարկն է` ամբողջական դրույքներով, մենք կունենայինք մոտավորապես 3 հազար կրճատված ուսուցիչներ»։

Դպրոցական դասագրքերի մասին խոսելիս Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ բացի ավագ դասարաններում ուսուցանվող մեկ առարկայի դասագրքից, դպրոցներն ամբողջապես ապահովված են ուսումնական ձեռնարկներով։ Տարրական դասարանների աշակերտների համար բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար։
Ավագ դպրոցների ձևավորումը, ըստ Արմեն Աշոտյանի, կավարտվի 2011 թվականին։ Այժմ Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց, որոնցում աշակերտների թերհավաքում չի եղել։ Նախատեսվում է մինչև բարեփոխումների ավարտն ստեղծել ևս 40-44 ավագ դպրոցներ։
Նախարարը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի օրակարգում է գտնվում հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է բոլոր բուհերի ընդունելությունը կատարել միայն միասնական քննություների ձևով։ Նա նշել է, որ բուհերի լիցենզավորման վարչությունը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ստուգումներ է անցկացնելու ուսումնական հաստատություններում. «Կասեցվելու են բոլոր այն ուսումնական հաստատությունների լիցենզիաները, որոնք գոնե կես քայլ շեղվել են առանց այդ էլ շատ մատչելի լիցենզավորման կարգերով նախատեսված նորմերից», ընդգծել է Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը խոսել է միջազգային համագործակցության ոլորտում իրականացվող ակտիվ աշխատանքների մասին։ Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերին Հայաստան են ժամանելու Վրաստանի կրթության նախարարը և Իրանի կրթության նախարարության պատվիրակությունը։

Դիտվել է 1698 անգամ:
Print Friendly

Leave a Reply