Նոր խոսք հայկական կինոյում. այսպես է մեկնաբանում Ռոնովի արվեստը Վլադիմիր Մսրյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 10, 2009 18:11

Ձախից`Վլադիմիր Մսրյան, աջից` Արմեն ՌոնովԵրիտասարդ հայազգի ռեժիսոր Արմեն Ռոնովն այսօր հանդիպել էր լրագրողներին` ներկայացնելու իր հեղինակային «Աննա Կարենինա» ֆիլմի պետերբուրգյան հաջողություններն ու հայ-ռուսական համագործակցությամբ ստեղծված ևս երկու ֆիլմ` «Стихи избранное» և «Зимнее яблоко»:
Վերջերս Սանկտ Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային ամենամյա փառատոնում «Աննա Կարենինա» հեղինակային փորձարարական գեղարվեստական ֆիլմն արժանացել էր հատուկ մրցանակի` «կինոյում նոր խոսքի համար»: Այդ նույն ֆիլմը մերժվել էր` մասնակցելու «Ոսկե ծիրանին»:
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, ով ևս ներկա էր  հանդիպմանը, նշեց, որ Ռոնովը «Ոսկե ծիրանին» մասնակցելու կարիք չունի, քանի որ նա արդեն հաջողություն է ունեցել ավելի նշանավոր ու խոշոր կինոփառատոնում:

«Ցավում եմ, որ այդ ֆիլմը դեռևս չի ընկալվում մեր իրականությունում: Մենք` հայերս, նորի նկատմամբ վախ ունենք և քարկոծում ենք այդ նորը ստեղծողին, իսկ երբ հասկանում ենք, արդեն ուշ է լինում,-ասում է  Մսրյանը,-այդպես եղել է բոլոր ժամանակներում, այդպես վարվել են Փարաջանովի, Փելեշյանի և շատ այլ տաղանդավոր արվեստագետների հետ: Կինոն, ինչպես և մարդը, ժամանակի ընթացքում ծերանում է և որպեսզի այն չմեռնի, պետք է վերածնել, նոր գաղափարներ, նոր խոսք ու թարմություն բերել: Նոր խոսք այսօր ասում է երիտասարդ ռեժիսոր Արմեն Ռոնովը, և դրա համար պետք է միայն ուրախ լինել և ոչ թե խանգարել»:
Ռոնովի կարծիքով` ինքը Հայաստանում դեռևս հանդիսատես չունի, սակայն դրա մեղավորը ոչ ինքն է, ոչ էլ հասարակությունը:
«Մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում հայկական կինոյում: Ֆիլմերի տարածումն ու պրոպագանդումը պետական քաղաքականության մաս է կազմում: Եթե պետությունն այդ գործառույթը չի իրականացնում, ապա ինչպե՞ս պետք է դա անեն հեղինակն ու ռեժիսորը»:
Միակ ճանապարհը, ըստ Ռոնովի, կլինի կինոսեր հասարակության նախաձեռնությունը. «Եթե մարդիկ գիտակցեն, որ իրենց որակյալ կինո է պետք և դա պահանջեն, ապա վստահ եմ, որ նրանք դա կունենան»:
Ռոնովի երկու նոր ֆիլմերը ևս համարվում են փորձարարական ֆիլմեր: Դրանց հիմքում ընկած է պոետ Արման Աբովյանի պոեզիան:  Աբովյանը, ով նաև ֆիլմերի պրոդյուսերն է, ասում է, որ ֆիլմերը հայ-ռուսական համատեղ արտադրանք են, և երկու ֆիլմում էլ իրենց մասնակցությունն են բերել երկու երկրների արվեստի հայտնի ներկայացուցիչներ:
Չնշելով ռուսական գործընկեր կազմակերպության և նշանավոր դերակատարների անունները` պրոդյուսերն ասաց, որ դա անակնկալ է, և հայ հանդիսատեսն առաջիկայում անպայման հնարավորություն կունենա դիտելու ֆիլմերը:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply