Իրենց հետ բերած այբուբենի տառերով զարդարելով եկեղեցու ցանկապատը` մասնակիցներն այնուհետև այցելեցին Մաշտոցի գերեզման` երդվելով հավատարիմ մնալ նրա գործին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2010 10:06

Ինչպես և նախանշվում էր, նոր ուսումնական տարվա առաջին կիրակի օրը՝
սեպտեմբերի 5-ին, մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատ
քաղաքացիներ ուխտագնացություն կատարեցին Օշական՝ Սբ․ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:
Իրենց հետ բերած այբուբենի տառերով զարդարելով եկեղեցու ցանկապատը`
մասնակիցներն այնուհետև այցելեցին Մաշտոցի գերեզման` երդվելով հավատարիմ մնալ
նրա գործին: Պատարագին մասնակցելուց և մոմեր վառելուց հետո եկեղեցուն կից
«Կարին» համույթի կատարմամբ ներկայացվեցին ազգագրական երգեր և պարեր:

Այնուհետև վերադառնալով Երևան` ուխտագնացության մասնակիցները Մատենադարանի
հարթակում` Մաշտոցի արձանի մոտ, միացան մեկնարկող «Հանուն հայալեզու
հանրակրթության» կարգախոսով երթին: Վանկարկելով արդեն ավանդական դարձած
«Կրթությունը հայերեն», «Հայ մանուկին հայ դպրոց», «Հայաստանի պետական լեզուն
հայերենն է», «Գաղութացմանը` ո՛չ» և այլ կարգախոսներ` մի քանի հարյուր
ցուցարարներ «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» գրությամբ պաստառները և շարժման
խորհրդանիշը դարձած հայոց այբուբենի տառերը վեր պարզած` անցան Մաշտոցի
պողոտայով մինչև Սբ. Սարգիս եկեղեցի:

Ուխտագնացության եւ երթի նպատակն էր հասարակության ուշադրությունը ևս մեկ
անգամ բևեռել Մեսրոպ Մաշտոցի ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա և,
մասնավորապես, Ազգային ժողովի կողմից տխրահռչակ օրինագծի երկրորդ ընթերցմամբ
ընդունման դեմ բողոքի արտահատությունը (նկարները` այստեղ
http://www.facebook.com/group.php?gid=112426852127161&v=photos)։

Վերջում ընթերցվեց երթի մասնակիցների դիմումն` ուղղված ՀՀ իշխանություններին,
որում ասված է․

Մենք` «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթի մասնակիցներս,
գիտակցելով, թե հայոց լեզվի եւ անկախության ապագայի տեսանկյունից ինչպիսի մեծ
վտանգ է ներկայացնում օտարալեզու դպրոցների մուտքը Հայաստան,

ա. պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել Լեզվի եւ Հանրակրթության
մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը, հակառակ դեպքում` Ազգային
Ժողովից` մերժել այն:

բ. առաջարկում ենք օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական
քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ

Երթի մասնակիցների անունից`

«Ազգային Նոր Պահպանողական շարժում»
«Ասպարեզ լրագրողների ակումբ»
«Դեմոկրատիա այսօր» ՀԿ «էԼԲԱ» (էլեկտրոնային բովանդակության
ասոցիացիա) Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ Իրանահայեր լրատու
ցանց «Լեզվի ժողովրդական տեսչություն» քաղաքացիական նախաձեռնություն «Մենք
դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն
«Հայազն Երիտասարդների Միաբանություն» ՀԿ
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա «Հատուկ Գունդ» երիտասարդական
նախաձեռնություն
«Հիմա» երիտասարդական նախաձեռնություն
«Ձեռք» երիտասարդական կրթական ՀԿ
«Շիրակ Կենտրոն» ՀԿ «Սերունդ» ՀԿ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
yerevaklur.am լրատու ցանց

Երթի մասնակիցները ողջունեցին նաև մի խումբ ֆրանսահայերի կողմից Փարիզում
բողոքի ցույցը, որի անունից Ֆրանսիայում ՀՀ դեսպանին հղած նամակը ներկայացնում
ենք ստորև, իսկ նկարները` կից:

Փարիզ, 3 սեպտեմբերի 2010

Հարգարժան Պ. Վիգէն Չիտեճեան

Հայաստանի Ֆրանսայի դեսպան

Հայաստանի Դեսպանատուն’

Հարգարժան Պարոն Դեսպան,

Այս բաց նամակով կը փափաքինք ձեր ուշադրութեան յանձնել Հայաստանի մէջ
օտարալեզու դպրոցներ բանալու ծրագրին պատճառած խոր մտահոգութիւնը որ կու գայ
աւելնալու նախապէս գոյութիւն ունեցող այլ մտահոգութիւններու:

Քաջատեղեակ էք թէ ի՛նչ աստիճանի զգայուն ենք հայերէնին սպառնացող
վտանգներուն. լեզու, որուն վերապրումը առընչուած է Հայու մեր գոյութեան
յաւերժացման: Իսկ վտանգները, որոնք դիմագրաւելու պարտադրանքին կը բախի
արեւմտահայերէնը, դժբախտաբար, ամէնօրեայ փորձառութիւն են մեզի համար: Ուստի,
մեր նախաձեռնութիւնը չի կրնար զարմացնել ձեզ: Սփիւռքի Հայը խորապէս գիտակից է
թէ այդ լեզուն անհետացման վտանգին ենթակայ է եւ թէ որքա՛ն կը տառապի ան, քանի’
սպառնալիքի ենթակայ կենդանի լեզուները եւս կը տառապին, ինչպէս անհատները.
փաստ որ կենդանի են տակաւին:

Այս նոյն սպառնալիքը կը նշմարենք Հայաստանի խորհրդարանին օրակարգին առնուած
օրինագիծին մէջ: Չենք փափաքիր որ հայերէնին Սփիւռքի մէջ վիճակած տառապանքը
բաժինը ըլլայ նաեւ Հայաստանի մէջ գործածուած լեզուին:

Ընդհակառակը, 2015-ի ճակատագրական հարիւրամեակի շեմին, այսօր, կը մաղթենք որ
ամբողջ հայ աշխարհը վերածնունդ մը ապրի, հիմնաքար առած’ Մաշտոցի լեզուն:

Կիրակի, սեպտեմբերի 5-ին Հայաստանի մէջ ցուցարարներ կը դիմէին Օշական, որպէս
պաշտպանութիւն հայերէնին, Հայաստանի ու Հայերու ապագային: Անոնք այդ կերպով
կը բողոքէին օտարալեզու դպրոցներու օրինագիծին դէմ որ կառավարութեան օրակարգին
վրայ է. անոր պատճառաբանութիւնը այն է որ գիտութիւնը հարկ է օտար լեզուներով
ուսուցուի, քանի որ հայերէնը ատակ չէ Հայաստանը առաջնորդելու դէպի արդի
աշխարհը, մոռնալով թէ հայութիւնը ամէն տարի կը տօնակատարէ իր
Թարգմանիչներուն սրբազան յիշատակը… Ուրեմն, ինչո՞ւ ջանքերը չկեդրոնացնել
արդիականացումի առումով ամենակարեւոր բնագիրներու թարգմանութեան վրայ, զանոնք
մատչելի դարձնելով առաւելագոյն թիւով անհատներու: Ինչո՞ւ առաջնային չընել օտար
լեզուներու ուսուցումը հայկական վարժարաններու մէջ:

Ճիշդ հակառակն է որ կը սպառնայ պատահիլ. օտարալեզու դպրոցները, ինչպէս
պարագան էր անցեալին, պիտի վիճակին «ընտրանի»ի զաւակներուն, աւելի խորացնելով
խրամատը հարուստներու եւ աղքատներու միջեւ, մանաւանդ որ երկրին ջախջախիչ
մեծամասնութիւնը կը կազմեն այս վերջինները: Ոչ ոքի գաղտնիք է թէ հայերէնին
այս արժեզրկումը ա՛լ աւելի պիտի հարստացնէ հարուստներու դասը որ պիտի գիտնայ
շահագործել այդ դպրոցներուն քաշողականութիւնը: Հայալեզու Դպրոցները պիտի
նկատուին ցած մակարդակով հաստատութիւններ, իսկ հայերէնը’ ոչ թելադրելի,
լուսանցքային, լքուած, անհաղորդ’ աշխարհի ընթացքին: Եւ ի վերջոյ խնդրոյ
առարկայ պիտի դառնայ հայ ժողովուրդին ինքնութիւնը, այլ խօսքով’ գոյութիւնը, եւ
անոր երկրին անկախութիւնը:

Ուստի, հայ ժողովուրդը թիրախ կ’առնուի ծանրակշիռ իրողութեան մը, որուն դէմ
չենք կրնար անտարբեր մնալ:

Ինչպէս տեղւոյն վրայ պայքարող մեր եղբայրներն ու քոյրերը, կը դիմենք
Հայաստանի կառավարութեան, որպէսզի օրակարգէն վերցնէ այս օրինագիծը: Ատիկա
չըլլալու պարագային, կը դիմենք երեսփոխաններուն, որպէսզի անոր ի նպաստ
չքուէարկեն:

Պիտի ուզէինք որ կառավարութիւնը ընդարձակ վիճարկում մը կազմակերպէր Հայաստանի
մէջ ուսուցումին, անոր պայմաններուն, կազմակերպումին նիւթով, ընդգրկելով
ստալինեան բռնակալութեան օրով ոտնակոխուած ուղղագրութեան վերադարձի հարցը:

Ո՛չ, չենք կրնար անտարբեր մնալ: Ամբողջ սրտով զօրակից ենք Հայաստանի մէջ
պայքարի ելած մեր եղբայրներուն եւ քոյրերուն:

Այն յոյսով որ լսելի կ’ըլլայ մեր ձայնը, յարգարժան Պարոն դեսպան, ձեզի կը
հղենք մեր հարգանքին հաւաստիքը:

2015-եան վերածնունդի խումբ

Paris, le 3 septembre 2010

Դիտվել է 1998 անգամ:
Print Friendly

Leave a Reply