Ռ. Պետրոսյան. «Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացվել է զավեշտալի բանաձեւ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2010 15:51
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացվել է զավեշտալի բանաձեւ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` անդրադառնալով սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկման դրվելիք «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծին: Իր հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ՄԱԿ-ը քաղաքական կազմակերպություն է ու պետք չէ թերագնահատել այդ մարմնի ընդունած որոշումների թեկուզ եւ քաղաքական հետեւանքները:
«Այդ բանաձեւը որեւէ իրավական ուժ չունի, ուստի իրենից ոչինչ չի ներկայացնում: ՄԱԿ ներկայացված այդ բանաձեւն անգամ չարժե այն թղթին, որի վրա գրված է: Եթե անգամ այդ բանաձեւն ընդունվի, որեւէ արժեք չի ունենա»,- պատասխանելով Լ. Ալավերդյանին` փաստեց Ռ. Պետրոսյանը: Ըստ նրա, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձեւն ընդունվեր, ապա իրավիճակն այլ կլիներ: «Սակայն այստեղ հարցերը լուծվում են կոնսենսուսով, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան դեմ են նման բանաձեի ընդունմանը»,- նկատեց Ռ. Պետրոսյանը` համոզմունք հայտնելով, որ այդ բանաձեւը չի հասնի Անվտանգության խորհուրդ, քանի որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:
Լ. Ալավերդյանի խոսքով, պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքական հնչողություն ունեցող փաստաթղթերում անգամ չլինեն հայաստանի համար «վնասակար ձեւակերպումներ»: Ռ. Պետրոսյանը եւս մեկ անգամ կոչ արեց հանրությանն արհամարհել եւ ոչ մի նշանակություն չտալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում քննարկման դրվող առաջիկա բանաձեւին:






Facebook
Tweet This
Email This Post
