Հայկական աստղագիտական ընկերությունը կարող է դուրս մնալ Միջազգային աստղագիտական միությունից` անդամավճարի պատճառով

Օրվա լուր | | July 10, 2009 16:47

ԱստղադիտարանԲյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասում է, որ Հայկական աստղագիտական ընկերությունն ի վիճակի չէ ամեն տարի վճարել Միջազգային աստղագիտական միության 3500 դոլար անդամավճարը:

«Միջազգային աստղագիտական միության անդամ լինելն ունի այն առավելությունը, որ, օրինակ, գիտաժողովներ կազմակերպելիս մեզ դրամական աջակցություն են ցուցաբերում. այս տարի այդ աջակցությունը խնայողաբար օգտագործելով` վճարեցինք այս տարվա անդամավճարը»,- ասում է Հարությունյանը`մտահոգվելով հաջորդ տարիներով:

Նա ասում է, որ աստղադիտարանի շենքը վերակառուցելու և պահպանելու համար ևս պետության տրամադրած միջոցները չեն բավարարում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009 թ.-ը աստղագիտության տարի է հռչակել՝ Գալիլեո Գալիլեի կողմից առաջին աստղադիտակի ստեղծման 400-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հայաստանում Աստղագիտության տարվա ծրագրի համակարգող, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանն ասում է, որ հոբելյանի առթիվ սեպտեմբերի 22-24-ը կլինի հայ-ֆրանսիական համատեղ գիտաժողով, որի անցկացման համար Միջազգային աստղագիտական միությունը որոշակի միջոցներ կտրամադրի:

Նախատեսվում են նաև հանդիպումներ , քննարկումներ տարբեր դպրոցների սաների, ուսանողների հետ:

63 տարվա պատմություն ունեցող Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։

Աստղադիտարանը տարեկան ունենում է 4-5 հազար այցելու, հիմնականում` ուսանողներ և դպրոցականներ:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply