Թուրքիան չի կարողանում տեղադրել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու 200 կգ խաչ՞ը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 15:24

Սեպտեմբերի 19-ին՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում  նախատեսվող պատարագը՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով,  թուրքական քարոզչամիջոցների կողմից հայությանը նետված մարտահրավեր էր, որը մեզնում ի սկզբանե լուրջ չընկալվեց:

«Ողջ հայությունը երկու ամիս շարունակ քննարկում էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի խնդիրը,- ասում է նա,- Այս ընթացքում հայության մեջ առաջացան նոր բաժանարար գծեր և անջրպետեր, ձևավորվեցին Վան գնալուն կողմ եւ դեմ խմբեր, հնչեցին երկուստեք մեղադրանքներ, այսինքն՝ թուրքական քարոզչամեքենան պառակտեց հայությունը»:

Մելքոնյանը ծիծաղելի է համարում թուրքական իշխանությունների բերած այն հիմնավորումը, թե  եկեղեցու վրա խաչը չի տեղադրվում տեխնիկական պատճառներով: «Հսկայական թուրքական պետությունը չի՞ կարողանում բարձրացնել ընդամենը 200 կգ կշռող խաչը,- հարցնում է նա,- իմ կարծիքով՝ սա թուրքական իշխանությունների ընտրած ամենաանհաջող և պարզունակ հիմնավորումն էր»:

Թուրքագետը խաչը չտեղադրելու գլխավոր պատճառը համարում է  սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը ներկա պահին երկրի  ներքաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրն է, իսկ խաչի տեղադրումը մեծապես կարող է ազդել իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի վրա, որը պայքարում է քաղաքական այլ ուժերի դեմ։

Մելքոնյանը արձանագրում է, որ մեր թուրք հարևանը չի փոխվելու և մեր առջև նոր որոգայթներ է լարելու. «Պատմության դասերը մեզ ցույց են տալիս, որ թուրքական քաղաքական մեքենան միշտ էլ խոստումներ է տալիս և նույն հեշտությամբ հրաժարվում է դրանից»:

Այդ իմաստով թուրքագետը ճիշտ է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ ներկայացուցիչներ չուղարկել պատարագին մասնակցելու: «Սակայն կարծում եմ՝ դրա մասին Էջմիածինը պետք է հայտարարեր պատարագից 1-2 օր առաջ, և ոչ այսքան շուտ»,- ասում է նա:

Դիտվել է 3646 անգամ:
Print Friendly

Leave a Reply