Ուխտագնացություն և երթ` հանուն հայալեզու կրթության

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 6, 2010 13:46

Երեկ տեղի ունեցավ «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով երթը, որին մասնակցում էին հարյուրավոր մարդին`մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ, ուսանողներ, քաղաքացիներ ոչ միայն Երևանից, այլև Աբովյանից, Վանաձորից, Գյումրիից ու Սիսիանից:

Երթին նախորդեց  ուխտագնացությունը դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ, Մաշտոցի շիրիմի մոտ, ներկաները մեկ անգամ ևս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայ գրերի մեծ նախահորը` խոսելով նրա կատարած անուրանալի գործի մասին:

Ներկաներից շատերը, ցավով նշելով հայոց լեզվի դեմ կատարվող զանազան ոտնձգությունները, յուրօրինակ ուխտ կատարեցին. ձեռքը դնելով Մաշտոցի շիրիմին` խոստացան հավատարիմ մնալ նրա թողած ժառանգության պահմանման գործին և պայքարել մինչև վերջ, որպեսզի հայ գիրը ոչ թե կորցնի իր արժեքը, այլ դառնա աշխարհի ամենաառաջավորներից մեկը:

Այնուհետև, ուխտագնացության մասնակիցները Երևանում` Մատենադարանի մոտ, միացան երթի մասնակիցներին:

«Կարին» ազգագրական համույթը, որը ևս մասնակցում էր ուխտագնացությանն ու երթին, Մատենադարանի

հարթակում ազգային պար կատարեց, որին միացան շատերը:

Հենց Մատենադարանից էլ երթը սկսվեց` ձգվելով Մաշտոցի պողոտայով դեպի Սբ. Սարգիս եկեղեցի:

Երթն ընթանում էր` «Պահպանենք հայոց լեզուն»,  «Հայ մանուկին հայ դպրոց» «Ոչ օտարալեզու դպրոցների վերաբացմանը» և այլ վանկարկումներով և հայոց օրհներգի կատարումներով: Մասնակիցները կրում էին նաև նմանատիպ կարգախոսներով և Հայոզ այբուբենի տառերով  պաստառներ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով երթին մասնակցում էր իր ութ տարեկան դստեր` Գրետայի և քրոջ ու եղբոր երեխաների հետ, համոզմունք հայտնեց, որ եթե անգամ Աժ-ում ընդունվի «լեզվի» և «հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ապա այն կմնա թղթի վրա:

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ այս ամենի հետևանքը ժողովրդի հանդուրժողականությունն է.

«Լռությունը, անտարբերությունը դավաճանություն է,-ասաց պատգամավորը,-պետք է լինենք պահանջատեր և մասնակից` քաղաքացիական հասարակության կայացմանը»:

Երթի ակտիվ մասնակիցներից էին նաև Վանաձորի հասարակական կազմակերպությունների երիտասարդ անդամները:

«Հայ ազգայնականների տեղեկատվական ցանցի» համակարգող Էդմոն Հարությունյանի խոսքով, եթե հայը ծնվում է օտար երկրում, ապա մի կերպ կարելի է ընդունել նրա օտարախոս լինելը, սակայն ոչ մի դեպքում հանդուրժելի չէ, որ Հայաստանում ծնված ու մեծացած մարդը խոսի օտար լեզվով.

«Մենք ամաչում ենք, որ Հայաստանում ընդհանրապես նման խնդիր կա»,-ասաց նա:

Հանդիպելով Մաշտոցի պողոտայի վրա գտնվող օտարալեզու ցուցանակների, երթի մասնակիցները կանգ էին առնում` վանկարկելով  «ամոթ»:

«Մեզ համար կարևոր էր մեկ անգամ ևս շեշտել մեր անկոտրում կամքը` մինչև վերջ պայքարելու հարցում»,-ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննսիյանը ` համոզմունք հայտնելով, որ բացատրական, քարոզչական ջանքերի շնորհիվ իրենց ավելի ու ավելի շատ մարդիկ կմիանան:

Երթն ավարտվեց Ս. Սարգիս եկեղեցում. ուխտագնացության մասնակիցները վառեցի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց բերված ճրագները, որն իր մեջ կրում էր Մաշտոցի լույսը տարածելու խորհուրդը:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply