Վրացական կառավարությունը վերափոխել է օրենքը` քաղբանտարկյալ Չախալյանի պաշտպանին մերժելու նպատակով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 10, 2009 16:01
Վահագն Չախալյան
Համաձայն Վրաստանում 2009թ. հունիսի 24-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների` օտարերկրյա փաստաբաններին այլևս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնել Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը:
«Երկիր» միության համոզմամբ` վրացական իշխանություններն այս փոփոխությունները կատարել են հայազգի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` որպես քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի պաշտպան գրանցումը մերժելու նպատակով:
«Քրեական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը ժամանակագրական առումով համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ,-ասված է միության մամուլի հաղորդագրության մեջ,-Փաստորեն, օրենքի փոփոխությամբ վրացական իշխանությունները արդարացնում են ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշումը:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը` հոր` Ռուբենի և եղբոր՝ Արմենի հետ ձերբակալվել էր ամիսներ առաջ: Նրանք մեղադրվում են «զենք և զինամթերք ձեռք բերելու մեջ», իսկ Վահագնը` նաև 2006-ին «զանգվածային անկարգություններ և ցույցեր կազմակերպելու համար»:
Ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանային դատարանը Չախալյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Չախալյանի դատավճիռը բողոքի ալիք բարձրացրեց. ի պաշտպանություն նրա` Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև ապրիլի 14-ին բողոքի ցույց տեղի ունեցավ, ինչին հաջորդեց վրացական կողմի «պատասխանը». Չախալյանը բանտում ծեծի ենթարկվեց:
Չախալյանի դատապաշտպանները կոչ արեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին արձագանքել այդ իրողությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկել Չախալյանի նկատմամբ նման գործողությունները հետագայում բացառելու ուղղությամբ:
Դատապաշտպանները դիմել էին նաև «Միջազգային Կարմիր խաչ» ընկերությանը` անհապաղ բանտում Չախալյանին այցելելու և նրա առողջական վիճակը ստուգելու խնդրանքով:
Տարածած հաղորդագրության մեջ «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին` ճանաչել Վահագն Չախալյանին որպես քաղբանտարկյալ:
Չախալյանն ինքն էլ բազմիցս ասել է, որ իրեն ձերբակալել են միայն իր քաղաքական հայացքների համար: Նրա գործն այժմ քննվում է վերաքննիչ դատարանում:






Facebook
Tweet This
Email This Post
