Ժերար Դեպարդիե. ՙՇատ երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են այս բազմամշակութային փառատոնին՚

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2010 21:58

Շատ երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են այս բազմամշակութային փառատոնին մի երկիր, որի մասին ես գիտեմ երկար տարիներ: Այս մասին սեպտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ասուլիսում ասաց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվող ՙԿարոտ՚ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:

Նա ընդգծեց, որ ծանոթ է 1915թ.-ի ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում բնակություն հաստատած բազմաթիվ հայերի արդեն չորրորդ սերնդին, որոնք խոսում են ՙև’ իրենց հովանի տված երկրի, և’ իրենց մայրենի լեզուներով՚: ՙՖրանսիայում կան շատ մեծանուն մարդիկ, որոնք ունեն հայկական արմատներ: Գիտեմ նաեւ, որ Ֆրանսիայում կան 25-ամյա երիտասարդներ, որոնք շատ են ուզում վերգտնել իրենց հարազատ երկիրը` Հայաստանը, բայց մի բան ինձ միշտ զարմացնում է, որ իրենք երբեք չեն մոռացել ո’չ իրենց ավանդույթները, ո’չ իրենց լեզուն, գուցե այն պատճառով, որ իրենք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների հետ՚,-ասաց նա:

Ժ.Դեպարդիեն հայտնեց, որ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որն իր վրա, ինչպես և նմանատիպ այլ հուշարձաններ, օրինակ, Իսրայելում` նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին, շատ մեծ տպավորություն է թողել: Նա հատուկ ընդգծեց Հայաստանից իր ստացած մյուս տպավորությունը. ՙՀատկապես պետք է ասեմ, որ կանայք այստեղ շատ գեղեցիկ են՚:

Դերասանը խոսեց իր ստեղծագործական վերջին աշխատանքների մասին, տեղեկացնելով, որ Ղազախստանում վերջերս նկարահանել է այդ երկրի պատմությունը ներկայացնող ֆիլմ, որը պետք է շուտով ցուցադրվի Ալմաթիում: Ռուսաստանցի լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց, որ լի է ռուսական մշակույթի` գրականության, երաժշտության, արվեստի, հանդեպ տածած hիացմունքով, և տեղեկացրեց, որ ներկայումս աշխատում է Ռասպուտինի դերի վրա: Ըստ նրա, մինչ այժմ խաղացած դերերից առավել շատ սիրում է դասական գրականության հիման վրա կերտած հերոսներին` Սիրանո դե Բերժերակին, Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունների կերպարներին:

Հարցին, թե արդյոք մտադիր չէ անձամբ կինոյում մարմնավորել ժամանակակից հայի կերպարը, ինչպես իր ընկեր Ժան Ռենոն ժամանակին խաղացել է Ցեղասպանությունից փրկված հայի դերը,
Ժերար Դեպարդիեն հայտնեց, որ այստեղ է գտնվում հենց այն պատճառով, որ գիտի, որ Հայաստանը միտված է դեպի ապագա, և իր նպատակն է ներկայացնել այդպիսի Հայաստան, որը
ՙշատ արագ տեմպերով գնում է առաջ` առանց մոռանալու նախկին բոլոր դեպքերը՚: Ըստ նրա, ֆրանսերենում ՙկարոտ՚ նշանակում է գազար. ՙՄեզ համար այդ բառը տարօրինակ է հնչում, բայց հայերենում դա նշանակում է նոստալգիա` իրական կարոտ, որը կարծում եմ, ավելի շատ խոսում է արմատների մասին: Դա ճիշտ անվանում է, քանի որ հայության մի ստվար հատվածը` 7 մլն-ն ապրում է դրսում, և միայն 3 մլն-ը` այս երկրում՚:

Ժ. Դեպարդիեն վստահեցրեց, որ շատ ուրախ կլիներ նկարահանել մի ֆիլմ` ֆրանսահայ դերասանների մասնակցությամբ, որը կպատմի Հայաստանի ինչ-որ ժամանակաշրջանի մասին:
Դա, օրինակ, կարող է լինել Ֆրանսիայում ապրող և երբեք Հայաստանը չտեսած մի հայ երիտասարդի մասին, ով Հայաստանը պատկերացնում է իր նախնիների պատմածներով և իր համար բացահայտում մեկ այլ` ժամանակակից Հայաստան:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply