«Ֆորտ Բոյար». արկածախնդիր խաղը չեմպիոնուհու աչքերով

ՍՊՈՐՏ | | July 10, 2009 10:35

sportՄեկ շաբաթվա ընթացքում` հունիսի 19-24-ը, ֆրանսիական Լա Ռոշելի հարևանությամբ գտնվող կղզի-ամրոցում հայկական դեսանտը մասնակցել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի նկարահանումներին:
Հայաստանից երեսուն հոգի հանդես են եկել վեց թիմերում, և բոլորն էլ մրցույթն ավարտել են հաղթանակով:
Թե ինչ է կատարվել իրականում, անգամ մասնակիցներն ամբողջովին տեղյակ չեն: Բանն այն է, որ նկարահանումների օրերին այնպիսի կարգ է սահմանվել, որ փորձություն կրող տարբեր թիմերի անդամները միմյանց հետ չհաղորդակցվեն: Թեև վտանգավոր վարժությունները քիչ չեն եղել, ամեն բան մերոնց համար բարեհաջող է ավարտվել, անցանկալի պատահարներ չեն արձանագրվել:
Մասնակիցների թվում են եղել նաև մի շարք անվանի մարզիկներ` օլիմպիական խաղերի չեմպիոններ, ծանրորդ Յուրի Վարդանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը, մարտարվեստի վարպետ Գոռ Վարդանյանը, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային վերջին օլիմպիադայում չեմպիոն դարձած գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ «Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը, թենիսիստուհի Աննա Խաչատրյանը, սամբոյի աշխարհի չեմպիոն Արևիկ Կարապետյանը: Վերջինս այս խաղում ռեկորդ է սահմանել` հաջորդաբար հանդես գալով երկու թիմի կազմում:
գառնեցի մարզուհին անթաքույց տպավորված էր այն ամենից, ինչին անմիջականորեն մասնակցել էր: «Սպորտն իր գրավչությունն ունի, բայց այսպիսի խաղում կարողությունները փորձելու հետաքրքրությունն անհամեմատ ավելի մեծ է: Հրաշք խաղ էր, ուղղակի բավականություն եմ ստացել»,- ասաց նա «Անկախ»-ին:
Խաղին տրամադրվելու համար կազմակերպիչները բոլորին երեկույթի են հրավիրել: «Հաջորդ օրը` վաղ առավոտյան, արդեն ոտքի էինք` ես, Մարկ Սաղաթելյանը, Կարեն Շահմուրադյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլուն: Մեր թիմն էր առաջինը խաղալու և պայքարը սկսելուց առաջ Ռազմիկը և Լիլուն երգում էին: Դժվարանում եմ ասել` դա հուզվելուց էր, թե պարզապես տրամադրություն ստեղծելու համար էր: Խաղը սկսեցինք 6:40-ին: 9 փորձությունից 5 բանալի էր անհրաժեշտ ձեռք բերել, որ մենք արեցինք»,-հայտնեց Արևիկը:
Նա հաղթել է գավաթներն իրար վրա դասավորելու մրցույթում, այնպես է արել, որ ոչ թե իր կատարած քայլից հետո կառուցվող բուրգը փլվի, այլ` կազմակերպիչների ներկայացուցչի: Ապա նա վստահորեն մասնակցել է հաջորդ փորձությանը` մեծ ուժ գործադրելով, պարանից բռնած օդում առաջ է շարժվել և համարձակորեն ցատկել ցանցի վրա, այնտեղ գտնվող թվերը բացահայտելով` դրանք թելադրել է իր թիմակիցներին: Մեկ այլ փորձությունում թվերը «գաղտնազերծել» հաջողվել է նաև Սաղաթելյանին, սակայն նրան օձը կծել է, և արյուն է եկել (խաղի մեջ վիշապազգի, ոչ թունավոր օձեր են): «Մարկն ուզում էր թվերն ասել, բայց հանկարծ գոռաց` վայ, մորս արև, օձը կծեց` 3, 2»,-ժպիտով հիշեց մարզուհին: Արևիկը ցավով նշեց, որ ինքը ոսկիները հավաքելու վերջին ակորդին չի մասնակցել, քանի որ իրեն «զոհելով»` վագրի (մետաղյա վագրի գլուխ է, սպառնալիք կար, որ այն կարող է փակել բերանը ու բռնել ձեռքը) բերանից հանել է հերթական բանալին և այն տվել խաղընկերներին: Նրա թիմը 7600 ոսկի է հավաքել: Հետո էլ Կարապետյանը, ընկերակցելով Յուրի Վարդանյանին, Միքայել Պողոսյանին, Մկոյին, Լուիզա Ղամբարյանին, մյուս խաղին է մասնակցել: «Լուիզան շատ ճարպիկ և ճկուն աղջիկ է, զարմացել էի: Այս խաղի սկիզբն անհաջող էր մեզ համար, սակայն հետո ամեն բան նորմալ էր: Ի դեպ, 25 մ բարձրություն ունեցող պատ եմ հաղթահարել քարերի վրայով, ինքս էլ հետո զարմացել էի, թե ինչպես եմ դա արել: Բռնվելու մի փոքր հնարավորություն կար: Երբ ավարտեցի մագլցելս, ինձ մոտեցավ դղյակի տերը և փաթաթվելով իր հիացմունքը հայտնեց: Ընդ որում, անհրաժեշտ էր պատը 3 րոպեում բարձրանալ, իսկ ես տեղ հասա 2 րոպե 20 վայրկյանում»: Այս թիմը շահել է 7400 ոսկի: Թե ինչ են արվել այդ ոսկիները, Կարապետյանը դժվարացավ որևէ բան ասել: Ամբողջը նկարահանվել է մեկ փորձից: «Մի անգամ մտար, արիր թե չէ, դուրս ես գալիս: Քեզ չեն ասի` արի մի հատ էլ փորձիր: Կարողացար` վերցրիր փնտրածդ, թե չէ` չէ»,-խաղի կարգը պարզաբանեց Արևիկը: Հեռուստադիտողները խաղը կդիտեն «Արմենիա»-ով` հավանաբար սեպտեմբերին:

Դիտվել է 2868 անգամ:
Print Friendly

Leave a Reply