Պիեռ Բալյանը ոգևորված է, որ Հայաստանն է ներկայացնելու

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 10, 2009 10:30

sportԱմերիկահայ գեղասահորդ , 25-ամյա Պիեռ Բալյանն այցելել էր Երևան, որ ՀՀ քաղաքացիություն ստանա, որպեսզի Հայաստանը ներկայացնի 2010-ին Վանկուվերի օլիմպիական խաղերին նախորդող վարկանիշային մրցաշարում: Սեպտեմբերին այդպիսի մրցաշար է կայանալու երմանիայի Օբերդորֆ քաղաքում: 1-6-րդ տեղերը գրաված մասնակիցներին թույլատրվելու է մասնակցել օլիմպիադային: Լոս Անջելոսում ծնված Բալյանն անցյալ դեկտեմբերին Երևանի մարզահամերգային համալիրում մասնակցեց Եվգենի Պլյուշչենկոյի շոու-ծրագրին:
Պիեռի կրտսեր եղբայրը` Մայքլը, հանդես է գալիս Հայաստանի հոկեյի հավաքականում:
ԱՄՆ վերադառնալուց առաջ նա պատասխանեց «Անկախ»-ի հարցերին.

– Հայաստանում երրորդ անգամ եմ: Այստեղ եղել էի 4 տարի առաջ և նախորդ տարվա դեկտեմբերին:
– Քանի՞ տարեկանից ես կանոնավոր զբաղվում գեղասահքով:

– Սկսել եմ 11 տարեկանից: Դա բավականին ուշ է այս մարզաձևով պարապելու համար: ԱՄՆ-ում երեխաները սկսում են գեղասահքի այբուբենին ծանոթանալ 3-4 տարեկանից: Այսուհանդերձ, կարողացել եմ հաջողությունների հասնել: Կանոնավոր մարզվելուց 2-3 տարի հետո աչքի եմ ընկելԱՄՆ-ի պատանեկան, երիտասարդական առաջնություններում: 3 անգամ մասնակցել եմ ԱՄՆ-ի մեծահասակների առաջնություններին և մրցանակակիրներին մոտ տեղեր եմ զբաղեցրել: Կարճ ասած, եղել եմ լավագույն տասնյակում: Ամերիկան գեղասահքի ասպարեզում աշխարհում եղանակ է ստեղծում և այդպիսի դիրքերում հայտնվելը պատվաբեր է:
– Իսկ ովքե՞ր են քեզ օգնել այս մարզաձևի գաղտնիքների մեջ հմտանալու:

– Շատ մարզիչներ եմ ունեցել: Ինձ հետ պարապել են ճանաչված մասնագետներ Իրինա Ռոդնինան, Ալեքսանդր Զայցևը, Անժելա Նիկիտինովը: Հիմա վարպետությունս կատարելագործում եմ Ալեքսանդր Միշինի ղեկավարությամբ:
– Վերջին անգամ ե՞րբ ես խոշորամասշտաբ մրցումների մասնակցել:

– Երկու տարի առաջ հանդես եմ եկել ԱՄՆ-ի մեծահասակների առաջնությունում: Այն ժամանակ ինձ մարզում էր Ալեքսանդր Պաշկևիչը: Պատահար եղավ, և Պաշկևիչն ավտովթարի ենթարկվեց, նույն ավտոմեքենայում գտնվող Նիկիտինովի մայրը մահացավ: Այդ ամենն ազդեց և չկարողացա կենտրոնանալ, լավ արդյունք ցույց տալ: Այժմ քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կրկին վերագտնեմ լավ մարզավիճակս:

– Լոս Անջելեսում նպաստավոր պայմաններ կա՞ն մարզումների համար:
– Այո, ամենուր սահադաշտեր են: Երբեմն դրանք իրար այնքան մոտ են, որ մեկից մյուսին կարելի է հասնել ավտոմեքենայով 20 րոպեում:

– Այդուհանդերձ, սառույցի վրա պարապելը թանկ հաճույք չէ՞: Ո՞վ է հոգում այդ ծախսերը:
– Իրոք, ամեն բան շատ թանկ է: Տնտեսական ճգնաժամն էլ խանգարում է: Այդ է պատճառը, որ այժմ երբեմն ինքնուրույն եմ պարապում, քանի որ այդ ծախսերի տակից դուրս գալ հնարավոր չէ: Փորձում եմ հովանավորներ գտնել և լավ արդյունքի հասնել:

– Սառույցի վրա պարապելու վարձավճարը մե՞ծ է:
– Գրեթե նույն վարձն է, ինչ անհրաժեշտ է մարզիչին վճարել: Մարզիչին շաբաթական վճարվում է 300 դոլար, իսկ սառույցի վրա պարապելու համար պետք է մուծել 250 դոլար: Ընդ որում, դա ես անում եմ զեղչերով, քանի որ տարիներ շարունակ ինձ մտերիմ մարդկանց հետ եմ համագործակցում:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ վարժ խոսում ես հայերեն:
– Մեր ընտանիքում խոսակցական լեզուն հայերենն է: Բացի այդ` հայկական դպրոց եմ հաճախել:

– Եթե կարելի է, հակիրճ պատմիր քո ընտանիքի մասին:
-Մայրս` Շողիկ Բալյանը, ջութակահարուհի է: Նա ճանաչված ֆուտբոլային մրցավար, վաղամեռիկ Ռուդիկ Միրիմանյանի քույրն է: Հայրս` Սեդրակ Բալյանը, դերձակ է: Քույրս` Մառան, բնակվում է Երևանում և հյուրընկալում է ինձ, երբ այստեղ եմ գալիս: Մորաքույրս, իմ բարեկամների մեծ մասը Հայաստանում են:

– Քեզ պարտավորված զգո՞ւմ ես, որ Հայաստանն ես ներկայացնելու:
– Ոգևորված եմ: Հայաստանի դրոշի տակ հանդես գալն արդեն մեծ պատիվ է, և պետք է ձգտեմ հայրենակիցներիս ուրախացնել: Սեպտեմբերին կմասնակցեմ Օբերդորֆի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ սուր մրցակցություն է սպասվում, քանի որ մասնակցում են գեղասահքից աշխարհում հեղինակություն ունեցող երկրներ` Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, երմանիան, Լեհաստանը: Այդ 6 տեղերի համար սառույցի վրա մեծ «կռիվներ» կլինեն: Այսուհանդերձ, վստահ եմ, որ հաջողության կհասնեմ:

– Որո՞նք են մարզական քո ուժեղ և թույլ կողմերը:
– Ես տեխնիկապես լավ եմ կատարում բարդ տարրերն ու կապակցությունները: Ամեն մարզիկ էլ թույլ կողմեր ունի, որոնք ոչ թե խոստովանել է պետք, այլ փորձել վերացնել:

– Այժմ ինչպիսի՞ մարզավիճակում ես:
– Երբ դեկտեմբերին Երևան էի եկել, գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ միասին նախապատրաստության ծրագիր էինք մշակել: Եվ այս ընթացքում ես շարունակ ծանրաբեռնված պարապմունքներ եմ անցկացրել:

– Եվգենի Պլյուշչենկոյի հետ ինչպե՞ս ես մտերմացել:
– Մենք մանկուց համատեղ մարզումներ ենք անցկացրել: 1998-ին միասին երկար ժամանակ պարապել ենք Միշինի գլխավորությամբ: Եվգենին լավ ընկեր է: Դեպքեր են եղել, երբ հեռախոսով զանգահարել, խորհուրդ եմ հարցրել, եթե ինձ որևէ բան է անհրաժեշտ եղել, դիմել եմ, և նա միշտ էլ սիրով արձագանքել է ու օգնել:

– Այժմ ո՞վ է քեզ նախապատրաստելու մեկնարկներին:
– Երբ վերադառնամ Լոս Անջելոս, ինձ կմարզեն Անժելա Նիկիտինովը և Բուլղարիայի չեմպիոն Իվան Դինովը: Օգոստոսին պետք է մեկ ամիս Միշինի ղեկավարությամբ պարապեմ:

– Լոս Անջելոսում աշխատող, աշխարհահռչակ գեղասահորդներ աճեցրած մարզիչ ՌաֆայելՀարությունյանի հետ կապեր ունե՞ս:
– Ոչ, նրա հետ ես ոչ մի առնչություն չունեմ:

– ԱՄՆ-ում գեղասահքը ներկայո՞ւմս էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, այն շարունակո՞ւմ է պահպանել բարձր մակարդակը:
– Այժմ որոշ անկում է նկատվում: Այս տարի մարտին Լոս Անջելոսում անցկացվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, և մարզասրահը լեցուն չէր հանդիսականներով:

– Գուցե պատճառը տոմսերի թանկությո՞ւնն է եղել: Ինչքա՞ն են արժեցել դրանք:
– Իրոք, տոմսերը թանկ էին` 40-80 դոլար:

– Գեղասահքից բացի ուրիշ նախասիրություն ունե՞ս:
– Ես թենիսի մեծ սիրահար եմ, նաև ինքս եմ խաղում: Ի դեպ, հագուստի մոդելավորողի մասնագիտություն ունեմ: Երբ գեղասահքը թողնեմ, այդ գործով եմ զբաղվելու:

– Հայաստանում ո՞ր եղանակին է հաճելի լինել:
– Ամռանն այստեղ լավ է, մրգերը շատ են: Սակայն ես ձմեռ եմ սիրում, ցուրտ եղանակ: Բացի այդ` ինձ համար անսովոր է, որ Հայաստանում ամառային այս օրերին չկա գործող թեկուզ մեկ սահադաշտ: Սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցաշարից հետո կրկին Երևան կգամ:

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply