Ի՞նչ անել ոտքը բանակ դնելուց հետո. խորհուրդներ նորակոչիկին

ՄԱՐԴԻԿ | | May 27, 2009 15:08

oo-11Զինվորական ծառայության սկզբում դու մաքուր ես, ինչպես նորածին երեխան, ու կախված քո քայլերից` կստեղծես քո բանակային կերպարը:

Ծառայությունը սկսվում է հավաքակայանից, ուր յուրաքանչյուր նորակոչիկ իրեն դրսևորում է, ու ով ավելի լավ իրեն ցույց կտա, այսինքն` ով կկարենա էնպես անի, որ իրա խոսքն անցնի ու իրա ասածով լինի, նրա շուրջ էլ կհավաքվեն մնացածը: Այդ տեսարանին շատ ես ականատես լինելու ամբողջ ծառայությանդ ընթացքում: Իսկ եթե դու չես քեզ լավագույնը ցույց տվողը, ուրեմն քեզ լուռ պահիր, լուրջ ու ոչ ոքի վրա ուշադրություն մի դարձրու: Էդպես անելով` կհարգվես: Էդպես արա նաև զորամաս մտնելուց սկսած: Մի թույլ տուր, որ քեզ հետ կատակ անեն, ոչ էլ դու արա, երբ անեն` զգուշացրու, որ չանեն, երբ էլի անեն` խփի: Հետագայում դու կհասկանաս` ում կարելի է թողնել, որ հետդ կատակ անի, ում` ոչ: Բայց միշտ քֆուրով կատակ խորհուրդ կտայի ընդհանրապես ոչ ոքի հետ չանել, նույնիսկ ընկերոջդ հետ:

Ես զորացրվել եմ աշնանն ու կարող եմ քեզ տալ արդյունավետ խորհուրդներ, թե ինչպես պահես քեզ հայկական բանակում, անծանոթ նորակոչիկ:
Յուրաքանչյուր բանակ գնացող տղա խորհուրդներ է ստանում, թե այնտեղ իրեն ոնց պահի: Խորհուրդ տվողները բոլորն են` ծառայած կամ չծառայած:

Իսկ խեղճ նորակոչիկը խորհուրդների մեջ էնպես է խճճվում, որ ավելի է սկսում վախենալ ծառայությունից:

Խորհուրդներն իրար հակասում են: Եթե հայրդ խորհուրդ տա, որ սպաների հետ կոնֆլիկտի մեջ չմտնես, ապա ձեր բակի 1996թ. ծառայած տղեքից մեկը կասի. «Ինչքան կարաս աֆիցեռ ծեծի, աֆիցեռ ծեծելը խեր ա»: Եթե մայրդ ասի` ընկերներ ունեցիր, ապա ձեր բակի տղերքից մեկը կասի` բանակում ընգեր չկա: Բանակ գնալուցս առաջ ընկերներիցս մեկը, որ ծառայության մեջ էր, ինձ խորհուրդ տվեց. «Հենց մտնում ես չաստ, հարցնում ես` ո՞վ ա ստեի լավը, ու ասում ես` որը որից հետո պիտի լինի»: Հիմա եմ հասկանում, որ լուրջ չէր ասում:

Իրականում դու ունես երկու տարբերակ. մնալ բանակի պատերի մեջ այնպիսին, ինչպիսին քաղաքացիական կյանքում էիր, կամ դերասանություն անել (մասկա դնել) ինքնահաստատման ու ինքնապաշտպանության համար:

«Բանակում ընկեր չկա» գաղափարը մտքիցդ հանի: Բանակում և՛ կարող ես ընկեր ձեռք բերել, և՛ կարող ես ձեռք չբերել: Բայց, ամեն դեպքում, շրջապատ ստեղծելն ավելի արդյունավետ է, որպեսզի բանակային կյանքում գոնե կռիվներիդ ժամանակ քո կողմից մարդ լինի:

Ծխելը թարգի: Քո առողջության համար չեմ ասում, այլ որ ծխելու պատճառով շատ խնդիրներ կարող ես ունենալ: Սխալ տեղ ծխես` սպան կբռնի, քաշված ես: Եթե, այնուամենայնիվ, ծխելդ չես կարողանում թողնել, ապա եթե քեզնից ծխախոտ ուզեն, ոչ ոքի մի մերժի: Գոյություն ունի թութունի ժալետե պիտակը, որ կպչում է նրանց, ովքեր սիգարետ ունեն, բայց խաբել-ասել են, թե չունեն, այդպիսի մարդիկ չեն հարգվում բանակում, «կոդրված» են համարվում: Իհարկե, երբ քեզնից սիգարետ ուզեն, կարող ես ասել` ունեմ, քեզ համար չի, բայց դա կստեղծի ավելորդ լարվածություն քո ու սիգարետ ուզողի մեջ:

Միշտ քեզ մաքուր պահիր: Ոչ թե քո անձնական հիգիենայի համար եմ մտածում, այլ որ բանակում ոչ մեկին հաճելի չի կեղտոտ մարդու հետ ապրելը: Փնթիությունը կարող է կոնֆլիկտների մեջ քեզ գցել: Իսկ եթե քեզ մաքուր պահես, հանգիստ կարող ես կեղտոտ մարդկանց քննադատել, բոլորը քեզ կաջակցեն:

Ավլե՞լ, թե՞ չավլել: Այս գաղափարի վրա է հիմնված հայոց բանակի մենթալիտետը: Ինձ խորհուրդ էին տվել. «Հետդ գլխարկ տար, որ առաջին օրը գլուխդ խուզեն, խուզողին ասա, որ մազերդ լցնի գլխարկիդ մեջ, գլխարկդ էլ կտանես կշպրտես, էդ ձև ավլելուց կխուսափես»: Ամոթով խոստովանեմ, որ հենց էդպես էլ արեցի: Հետո ինձ բացատրեցին, որ ավլելը մոմենտե չի (չհարգված բան չի): Մազերս ինձ հետ միասին հին ծառայողներն ավլեցին:

Սակայն ոչ բոլոր զորամասերում է ավլելու խնդիրը նույնատիպ ընկալվում: Եթե մեր զորամասում դա պրոբլեմ չէր, ուրիշ զորամասում կարող է խնդիր լինել` համարվել զապադլո:

Եթե զորամասում ավլելը համարվում է մոմենտե, ու եթե զորքից որևէ մեկը քեզ ասի` ավլի, պատասխանի` դու ո՞վ ես, որ ինձ ասես: Դու ինձ վաբշե ճանաչո՞ւմ ես: Ինքը կասի` որ աֆիցեռն ասի` չես ավլելո՞ւ, դու պատասխանիր` դու խի՞ ես աֆիցեռի հետ համեմատվում, աֆիցեռը կարա ընձի դրա համար դատի: Խոսակցությունը կարող է ավարտվել ծեծկռտուքով, բայց դուխաթափ չլինես, հաջորդ անգամ, երբ ասի` ավլի, միանգամից խփի:

Բանակը քաղաքացիական կյանքի արագացված տեսակն է: Ինչպես քաղաքացիական կյանքի մասնագետները խորհուրդ կտան, որ ամեն քայլն անելուց առաջ մտածել է պետք, ապա բանակում շատ ավելի հաճախ է պետք քայլից առաջ մտածել: Բանակում սխալ քայլի հետևանքն ավելի ծանր է լինում, քանի որ դրա հետևանքով հնարավոր է, որ շատերը տուժեն, ու բոլորը պատասխան պահանջեն քո սխալ քայլի համար:

Շատ հաճախ կլինեն դեպքեր, երբ դու քո գործողությունից կարող ես տուժել, իսկ ոչինչ չանելով` ո՛չ կշահես, ո՛չ կկորցնես: Օրինակ` ուզում ես ինքնակամ լքել զորամասը քո հաճույքների համար. եթե չբռնվես` լավ, շահում ես, իսկ եթե բռնվես, դա կարող է անդրադառնալ քո ողջ ծառայության վրա` սպայական կազմը կթարսվի հետդ, անձամբ քեզ կսկսեն վերահսկել, եթե քո պատճառով զորքն էլ է տուժել, զորքի հետ էլ կոնֆլիկտներ կարող ես ունենալ, գումարած` օրենքով քեզ հասնող պատիժները: Հիշի՛ր, ամեն գործողությունից առաջ ինքդ քեզ հարցրու` արժե՞ անել:

Ընտանիքիդ շատ նեղություն մի՛ տուր, երբ խոսում ես հետները, միշտ ասա, որ շատ լավ ես: Նույնիսկ եթե մի քանի րոպե առաջ գումարտակիդ հրամանատարը քթիցդ արյուն է բերել, հարազատներիդ ասա, որ հենց էս պահին ռեստորանում նստած հաց ես ուտում:

Էլեկտրականությունից զգույշ մնա:

Զենքիդ նկատմամբ ուշադի՛ր եղիր:

Երբ վերակարգում ես (նարիադ), մի՛ քնիր: Սպաների հետ շատ մի՛ վիճիր, եթե քաշդ չի հերիքում, բայց եթե վիճում ես, ասա նրան` օրենքները մի կողմ թող, հետս տղավարի խոսա, շատ սպաներ էդ ծուղակն ընկնում են:

Հեռախոսիդ նկատմամբ ուշադի՛ր եղիր, որ չբռնեն:

Կռիվ մի՛ արա, երբ տարածքում սպա կա:

Պետք չէ կարծիքդ ամեն տեղ արտահայտել, քո կարծիքը կարող են օգտագործել քո դեմ:

Շատ մի տխրիր, եթե ընկերդ քեզ սենյակի հետ է փոխել, այսինքն, գործերը լավացել են, հետդ էլ ընկերություն չի անում, դա գոյության կռիվ է:

Ու միշտ հիշի’ր, որ էդ ամենն անցողիկ է, ծառայությունից հետո էդ ամեն ինչը մոռացվելու է, ոնց որ չի էլ եղել:

Դիտվել է 3814 անգամ:
Print Friendly

Leave a Reply