Պատմական հաղթանակ` հայկական հանդբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2010 23:31

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում, որն անցկացվում է Վանաձորում, պատմական իրադարձություն արձանագրվեց: Նորաստեղծ, Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներով համալրված Հայաստսնի տղամարդկանց հավաքականն աննախադեպ հաջողության հասավ` հաղթելով ուժեղ Իրանի  ընտրանուն` 28:27 հաշվով: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ, հետևողական աշխատանք կատարելու դեպքում, կարելի է ավելի մեծ հաջողությունների հասնել: Ի դեպ, Հայաստանի և Իրանի հանդբոլիստների հանդիպումն առայժմ ամենագրավիչն է մրցաշարում բոլոր կայացածների մեջ և դրանում կասկած չկա: Խաղի ընթացքում բացառապես առջևում են եղել Հայաստանի ներկայացուցիչները, սակայն մեր թիմի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը երկուսից ավելի չի եղել: Ի դեպ, իրանցիներին երկրորդ խաղակեսի վերջնամասում հաջողվեց առաջ անցնել (23:22),  սակայն Ստեփան Ղազարյանը և Գիյոմ Գարմիրյանը երկու անգամգրավեցին մրցակցի դարպասը և մերոնք կրկին հաշվի մեջ առաջ անցան և կարողացան մեկ գնդակի առավելությունը պահպանել մինչև խաղի ավարտը: Հատկապես լարված էին, նյարդային պայքարում անցան հանդիպման վերջին երեք րոպեները, բայց Հայաստանի հավաքականը հնարավորն արեց, որ ձեռքից բաց չթողնի հաղթանակը, և դա հաջողվեց: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը չցանկացավ առանձնել թիմի խաղացողներից որևէ մեկին, նա պարզապես նշեց, որ հաղթանակը կորզելու գործում անմնացորդ նվիրումով են խաղացել բոլորը: Թիմի հանդբոլիստներից Արման Իսրայելյանն էլ հայտնեց, որ Իրանի հավաքականը փորձել է կոշտ խաղ ցուցադրել և այդ մարտահրավերն ընդունել են և պատվով դուրս եկել փորձությունից: «Վաղը Վրաստանի հավաքականի հետ կայանալիք խաղում հնարավորը պետք է անենք, որպեսզի հաղթենք և երկրորդ տեղը գրավենք»,- ասաց նա: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռեմի Ստամբուլյանն էլ խոստովանեց, որ այս հանդիպումն փոքր-ինչ հուզված է անցկացրել, իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցրել և դա է պատճառը, որ անսխալ խաղալ չի հաջողվել: Բայց Ռեմին շատ ուրախ էր, որ ի վերջո այդ ամենը ճակատագրական չի դարձել Հայաստանի հավաքականի համար և այն հաղթել է: Փաստորեն, ծանր խաղից հետո վաղը Հայաստանի հավաքականը նույնպես դժվարին հանդիպում է անցկացնելու Վրաստանի ներկայացուցիչների հետ, որոնք երկու պարտություն են կրել և կփորձեն ամեն գնով կորզել հաղթանակը, վերականգնել իրենց սասանված հեղինակությունը: «Մեր թիմին վերջին խաղում  լուրջ փորձություն է սպասում, քանի որ դժվար է երեք օր շարունակ ուժեղ հակառակորդների հետ մրցել: Բայց հնարավորը կարվի, որ հաջողությունը զարգացնենք, կրկին հաղթենք»,- ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Պատրիկ Օթամյանը:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply