Կմեկնարկի Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2010 21:18

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում կմեկնարկի ՙԱրվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը՚ խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համահայկական համաժողովը, որին կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից եւ Հայաստանից:

Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների եւ երկրների: Նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում ՀայաստանՍփյուռք գործակցության ուղիները եւ ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն:

Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան (Ծիծեռնակաբերդ), Ժամանակակից արվեստի թանգարան(Մաշտոցի պողոտա7), այնուհետեւ կմասնակցեն ՙՀայաստանՍփյուռք՚ կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի (Մաշտոցի պողոտա 7-Ա) բացմանը:

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքում (Մ. Բաղրամյան պող. 24) կմեկնարկի համաժողովը:

Բացման խոսքով համդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մասնակիցներին կողջունեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նիստերը կնախագահեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, Կանադայի քանդակագործների ասոցիացիայի անդամ, հայ աբստրակտ արվեստագետների կազմակերպիչ Գէորգ Գասսաբյանը եւ այլք:

Կհնչեն զեկույցներ ՙԱրվեստը, համացանցը եւ արժեքային շղթաները՚, ՙՀայ արվեստը համաշխարհային քաղաքակրթության մեջ՚, ՙՀայ արվեստագետները Հայաստանում եւ Սփյուռքում՚, ՙՀայ արվեստի արդի վիճակը գլոբալիզացիայի պայմաններում՚, ՙՍփյուռքահայ արվեստ՚ հասկացողության եւ արվեստում ազգային ինքնության մասին՚, ՙՀայկական գոբելեն. ավանդույթների վերականգնում՚ եւ այլ թեմաներով:

Համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:

Սեպտեմբերի 8-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից կկազմակերպվի ընդունելություն:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply