Կոչ են անում վերջ դնել ցեղասպանությանը Դարֆուրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 3, 2010 15:00
Նախորդ շաբաթ 80 կազմակերպություններ, ներառյալ` Ամերիկայի Հայկական համագումարը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ-Սուդան ապագա քաղաքականության վերաբերյալ: «Պարոն նախագահ, Ձեր քաղաքականությունը ճշմարիտ է: Մանրակրկիտ ներքին վերանայումից հետո Ձեր վարչակազմը հասավ այն եզրակացության, որ խարթումյան վարչակարգին եւ իր նմաններին կարելի է ճնշել միայն խիստ սադրանքների, ինչպես նաեւ խաղաղությունը խաթարելու իրենց վարքագծի դեմ ուղղված ճնշումների եւ հստակ պատասխանատվության բերելու միջոցով»,-ասված է նամակում:
Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրեցին Ամերիկայի Հայկական համագումարից, վերջինիս համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը նշել է, որ համագումարը ոգեշնչված է «Փրկենք Դարֆուրը» կոալիցիայից, որը Բ. Օբամայի վարչակազմին կոչ է անում ուժգնացնել խաթումյան վարչակազմի նկատմամբ ճնշումները Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու նրա քաղաքականությանը վերջ դնելու համար: Ըստ Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդագրության` վերջին ամիսներին իրավիճակը Դարֆուրում վատթարացել է. օգնություն ապահովողներին սպառնում եւ վտարում են երկրից: Հաշվի առնելով այն, որ չորս ամիս հետո կայանալու է խիստ կարեւոր հանրաքվե, ապա վարչակազմի կողմից Սուդանի նկատմամբ տարվող քաղաքականության փոփոխությունն արվում է Սուդանի ժողովրդի համար խիստ վտանգավոր ժամանակաշրջանում: Արդար քվեարկություն ապահովելու համար հարկավոր է բարելավել անվտանգության իրավիճակը: 2011 թվականի հունվարին Հարավային Սուդանը հանրաքվեով քվեարկության կդնի հյուսիսային մասից Հարավային Սուդանի բաժանվելու եւ անկախ պետություն հռչակվելու հարցը:
«Փրկենք Դարֆուրը» կոալիցիայի նախագահ Մարկ Լուտվիսը նշել է, որ միլիոնավոր ամերիկացիներ, որոնք ներկայացնում են այն 80 կազմակերպությունները, որ ստորագրել են ԱՄՆ նախագահին ուղղված նամակը, ցանկանում են, որ Բ. Օբաման ճիշտ որոշում կայացնի Սուդանի հարցի վերաբերյալ: Մ. Լուտվիսը նաեւ հույս է հայտնել, որ վարչակազմը «կորդեգրի մի քաղաքականություն, որը կներառի ե’ւ սադրանքներ, ե’ւ ճնշումներ խաղաղությանը հասնելու, Սուդանի ժողովրդի համար արդարություն ապահովելու նպատակով»: Սուդանի Համակողմանի խաղաղության պայմանագրի (CPA) իրագործման հետ կապված հետաձգումների, հանրաքվեի նախապատրաստման ուշացումների, ինչպես նաեւ նախքան հանրաքվեն կարեւոր հարցերի շուրջ բանակցելու դժվարությունների պատճառով Սուդանում կմեծանա նոր հակամարտության բռնկման վտանգը, որին արդեն միջազգային հասարակությունը չի կարողանա միջամտել: Հակամարտությունը կբերի հսկայական հումանիտար ողբերգության եւ կհանգեցնի ողջ տարածաշրջանում անկայուն վիճակի:






Facebook
Tweet This
Email This Post
