Հայաստան. հացի խնդիր
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | September 4, 2010 11:10
Մինչ Հակամենաշնորհային հանձնաժողովը զբաղված է հացահատիկի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության ուսումնասիրությամբ, հացը շքեղություն է դառնում:
Ցորենի գների կտրուկ թանկացումը բնակչությանը հացի խնդրի առջեւ է կանգնեցրել, իսկ տնտեսագետներն իրենց հերթին քննադատում են ներքին շուկան վերահսկող ընկերություններին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հացի գները 40 տոկոսով բարձրացել են, իսկ հնդկաձավարի գները կրկնապատկել են: Եթե ժամանակին մայրաքաղաքից դուրս ալյուրի 50-կիլոգրամանոց պարկը կարելի էր գնել 8 հազար դրամով, ապա այժմ այն արժե 14 հազար դրամ:
Հացահատիկի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունները պնդում են, որ ապրիլի 1-ից բնական գազի սակագների թանկացումը ավելացրել է իրենց ընթացիկ ծախսերը`ստիպելով բարձրացնել ալյուրի եւ հացամթերքի գները: Արդյունքում` սպառողների շրջանում խուճապ է առաջացել, եւ նրանք սկսել են ալյուր գնել:
«Կտրուկ գնաճը պայմանավորված է արհեստական պակասուրդով: Մեծածախ առեւտրով զբաղվողները լուրեր են տարածել, թե ալյուր այլեւս չի լինելու, եւ մարդիկ ստիպված սկսել են բարձր գներով մեծ քանակությամբ ալյուր գնել: Երկրում բավարար չափով ցորեն եւ ալյուր կա», – ասում է երկիր ներմուծվող հացահատիկի եւ ալյուրի 38 տոկոսն ապահովող «Manana Grain» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը:
«Manana Grain»-ը մեկ այլ`«Aleks Grig» ընկերության հետ միասին (վերահսկում է հացահատիկի շուկայի 47 տոկոսը) հացահատիկի հիմնական ներկրողներից է:
Ըստ հայկական ԶԼՄ-ների`երկու ընկերություններն էլ պատկանում են գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս ընկերությունները ներկայում մեղադրվում են շուկայում իրենց ունեցած մենաշնորհային դիրքն օգտագործելու մեջ:
«Անկախ շուկան վերահսկողների քանակից`նրանք, միեւնույն է, գերիշխող դիրքեր ունեն: Նրանք կարող են համաձայնության գալ մրցակցությունից հրաժարվելու վերաբերյալ`այսպիսով բարձրացնելով երկիր ներմուծվող ապրանքների գները: Ահա թե ինչ է կատարվում ներկայում», – ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքերով`կտրուկ գնաճը չի համապատասխանում համաշխարհային շուկայի զարգացումներին. այստեղ հացահատիկի գները, ինչպես բարձրացել էին, այնպես էլ իջել են վերջին ամիսների ընթացքում:
«Հայաստանում միայն մեկ տնտեսական օրենք է գործում`եթե համաշխարհային շուկայում թանկացում է լինում, ապա այստեղ էլ է գնաճ նկատվում: Իսկ երբ ամբողջ աշխարհում գներն իջնում են, այստեղ դրանք շարունակում են բարձրանալ», – ասում է Ասատրյանը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնտեսագետ Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է ավելին անի` շուկան կարգավորելու համար:
«Մեր կառավարությունը ոչ թե ժողովրդին է ծառայում, այլ որոշ ներմուծողների: Այն ոչ մի քայլ չի ձեռնարկում նրանց «ախորժակները զսպելու» համար, արդյունքում` իշխանությունը գերշահույթ ստացող մի քանի խմբերի ձեռքերում է», – նշում է տնտեսագետը:
Ներկայում Հակամենաշնորհային հանձնաժողովը ուսումնասիրում է հացահատիկ ներմուծող ընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովի խոսնակ Նելլի Դանիելյանի խոսքերով` հնարավոր է, որ այս ուսումնասիրությունների վրա հիմնված զեկույցը պարտադիր 90-օրյա ժամկետից շուտ հրապարակվի:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, սակայն, այն կարծիքին է, որ նման իրադրության պատճառը ոչ թե տեղական ընկերություններն են, այլ Ռուսաստանից հացահատիկի ներմուծման դադարեցումը:
Օգոստոսի 15-ին այս ամռանը խիստ երաշտից վնասներ կրած Ռուսաստանը դադարեցրեց հացահատիկի, ալյուրի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը:
Գալստյանի խոսքերով`Հայաստանը ներմուծում է իր սպառած հացահատիկի 70 տոկոսը, որի մեծ մասը գալիս է Ռուսաստանից:
Գնաճը չի կարող չազդել հայ սպառողների ֆինանսական դրության վրա, հատկապես նրանց, ովքեր ֆիքսված եկամուտով են ապրում:
«Սա պարզապես մղձավանջ է: Հացի եւ հնդկաձավարի գները բարձրացել են: Ամռան սկզբին փոքր-ինչ հեշտ էր էժան սննդամթերքով ապրելը, բայց այժմ գները կրկին բարձրացել են: Ես թոշակառու եմ, ամսական 38 հազար դրամ եմ ստանում, եւ կան մարդիկ, ովքեր ավելի սուղ միջոցներով պետք է բավարարվեն: Ինչպե՞ս կարելի է այս գումարով ապրել», – դժգոհում է 65-ամյա Լյուդմիլա Գրիգորյեվնան:
Նաիրա Մելքումյան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)






Facebook
Tweet This
Email This Post
