«Պետք է լավ ծանրութեթև արվեն հնարավոր բոլոր հետևանքները». Արամ Ապատյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 4, 2010 14:00

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը հունիսի 9-ին մտավ Ազգային ժողովի օրակարգ և չնայած հասարակական բուռն հակազդեցությանը` հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց` ձայների 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որը օրենքի ընդունումն այդ ձևով համարում է հակազգային քայլ, չի դադարեցնում պայքարն ԱԺ-ի երկրորդ նստաշրջանում օրենքի ընդունումը կասեցնելու համար: Նախաձեռնող խմբի անդամները կարծում են, որ կառավարության` Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու ձեռնարկումը հապշտապ և լավ չմտածված քայլ է, որը լուրջ վտանգ է ներկայացնում լեզվի պահպանման և ազգային անվտանգության տեսանկյունից:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի ակտիվ անդամ Արամ Ապատյանը կարծում է, որ կառավարությունը, նախքան այդ նախագիծն առաջ քաշելը, պարտավոր էր մասնագիտական լուրջ հետազոտություն անցկացնել` պարզելու համար հնարավոր վատ հետևանքները, որոնք առաջին հայացքից անտեսանելի են: «Փոխարենը վարչապետը մեջբերում է մի հետազոտության տվյալ, թե այս նախագծին կողմ է հասարակության 75 տոկոսը,- ասում է նա,- սակայն այդ 75 տոկոսը ապատեղեկացված մարդիկ են: Եթե ուշադիր կարդում ես այդ հետազոտության տվյալները, պարզվում է, որ դեմ արտահայտվածները կրթական բարձր ցենզ ունեցողներ են»: Ապատյանը կարծում է, որ նման հարցերում ժողովուրդը չի կարող խորը դատողություններ ու վերլուծություններ անել` հասկանալու համար այդ հարցի ճիշտ կամ սխալ լինելը. «Դա պետք է անեն մասնագետները, իսկ առաջին հայացքից, երբ մարդկիկ լսում են օտար լեզուների մասին, շատ դրական են արտահայտվում, և դա բնական է»:

Մասնագետներն իրենց կարծիքը հայտնել և հայտնում են. այլ հարց է, որ դա հաշվի չի առնվում կառավարության կողմից և չի լուսաբանվում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդրանիկ համաժողովը, որի ընթացքում լուրջ մտահոգություններ հայտնեցին անվանի մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` իրենց վրդովմունքն արտահայտելով այդ հարցի վերաբերյալ: Այդ համաժողովի մասնակիցները որոշում ընդունեցին, որ ՀՀ կառավարության` օտարալեզու դպրոցներ բացելու նախագիծն անընդունելի է, քանի որ մեծ հարված կարող է հասցնել Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը:

Բազմաթիվ մասնագետներ, մտավորականներ, այդ թվում նաև Սփյուռքի ներկայացուցիչներ, կառավարության նախաձեռնությանը դեմ հանդես եկան նաև առանձին հայտարարություններով ու տեսակետներով, սակայն կառավարությունն այդպես էլ լայնածավալ քննարկումներ չիրականացրեց և չլսեց այդ կարծիքները:

Նախաձեռնող խումբը, բացի մայրաքաղաքում իրականացվող բողոքի ու քարոզչական ակցիաներից, վերջերս հանդիպումներ է անցկացրել մայրաքաղաքից դուրս: Արամ Ապատյանը նշում է, որ շրջաններում մարդկանց իրազեկման մակարդակը շատ ավելի ցածր է: Այդ է պատճառը, որ նախաձեռնող խումբը Գյումրիի ու Վանաձորի որոշ հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ այդ հարցի վերաբերյալ քննարկումներ է կազմակերպել նաև այդ քաղաքներում: «Չնայած մենք քննարկումներին մասնակցելու հնարավորություն էինք տվել բոլոր ցանկացողներին, մասնակիցները հիմնականում ՀԿ-ների ներկայացուցիչներ ու օտարալեզու դպրոցներին դեմ արտահայտվող մարդիկ էին»,-ասում է Ապատյանը:

Նախաձեռնող խումբը հենց սկզբից Facebook սոցիալական կայքում ստեղծել է իր խումբը, որն այժմ բաղկացած է ավելի քան 3150 հոգուց: Այստեղ մուտք գործողը կարող է ծանոթանալ նախաձեռնող խմբի գործունեությանը, ինչպես նաև այդ թեմային վերաբերող բազմաթիվ նյութերի. մեջբերումներ մամուլից, միջազգային-մասնագիտական վերլուծություններ, հետազոտություններ և այլն:

Ապատյանը նշում է. «Քանի որ նախաձեռնող խումբը գործում է միմիայն հասարակական հիմունքներով, հաճախ սեփական ռեսուրսները շատ ավելի լայնածավալ ակցիաներ իրականացնելու հնարավորություն չեն տալիս»: Օրինակ` ցանկանում են DVD ֆորմատի տեսաերիզներ պատրաստել ու տարածել, որում ներկայացված կլինեն համաժողովի, մասնագիտական տարբեր քննարկումների հատվածներ (որովհետև հայտնի է, որ այդ քննարկումները չեն լուսաբանվել կամ միակողմանի են լուսաբանվել հեռուստատեսությամբ):

Նրա խոսքով` շատ ու շատ ծրագրեր հնարավոր կլինի իրագործել միայն հասարակական համատեղ ջանքերի շնորհիվ, ուստի նախաձեռնող խումբը նաև համատեղ գործելու առաջարկ է ներկայացրել խնդրով մտահոգ բոլոր մարդկանց` առանձնացնելով գործունեության տարբեր ոլորտներ` գիտական, կազմակերպչական, քարոզչական, ֆինանսական և այլն:

Նախաձեռնող խումբը հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Սփյուռքի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ հարց են բարձրացրել նաև դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտության մասին` առաջարկելով նախաձեռնող խմբի անդամներին այդ հարցը նույնպես առաջ քաշել իրենց գործունեության ընթացքում: Ապատյանի խոսքով` իրենք այդ առաջարկը չեն ընդունել այն հիմնավորմամբ, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն իր առջև դրված գլխավոր հարցը դեռևս չի լուծել, բացի այդ, նախաձեռնող խմբի մեջ կան մարդիկ, ովքեր դեմ են դասական ուղղագրության վերականգնմանը, և այդ հարցը կարող է պառակտում մտցնել խմբի մեջ:

«Մեր նպատակը օտարալեզու կրթությունը վարկաբեկելը չէ,- ասում է Ապատյանը,- այլ ուզում ենք նախքան լեզվի մասին օրենքում փոփոխություններ մտցնելը և օտարալեզու դպրոցներ բացելը լայնածավալ քննարկումներ, հետազոտություններ անցկացնել, լավ ծանրութեթև անել բոլոր հնարավոր հետևանքները, ինչը մինչ օրս չի արվել: Միջազգային դպրոցը երկրի բարգավաճման միջոց չէ, դա շատ ու շատ երկրների փաստով է ապացուցված»:

Ապատյանը մեջբերում է միջազգային մի հետազոտության տվյալ, ըստ որի` աշխարհում գոյություն ունեցող 7000 լեզուներից մինչև դարի վերջը մնալու են մոտ 600-ը, մասնավորապես` այն լեզուները, որոնցով կրթություն է իրականացվում:

«Մենք ուզում ենք քննարկել այն հարցը, թե արդյոք այս ճանապարհով ընթանալու դեպքում մեր լեզուն կմնա՞ այդ 600-ի մեջ, թե՞ ոչ,- ասում է Ապատյանը,- ի վերջո, եթե այս ամենի նպատակը լավ ապրելն է, ճանապարհները շատ են, բոլորս կարող ենք լքել մեր երկիրը և օտար երկրներում ավելի լավ ապրել, սակայն մի՞թե դա է մեր նպատակը, դրա՞ն ենք մենք ձգտում…»:

Նշենք նաև, որ շուտով Հանրային խորհուրդը, որը նույնպես դեմ է կառավարության նախաձեռնությանը, հանդես կգա բաց նամակով` ի պատասխան «Դիլիջան» միջազգային դպրոցի` Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply