Ուխտագնացություն դեպի Մաշտոցի գերեզման և երթ` Մաշտոցի պողոտայով. վտանգված են մայրենին և հայ ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2010 15:30

Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որից հետո ուխտագնացության մասնակիցները Երևանում կմիանան «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք երթին:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին տառաստեղծ Ռուբեն Թարումյանն ու  «Սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Սարիբեկյանը:

Ուխտագնացության և երթի նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել հայ դպրության հայր Մեսրոպ Մաշտոցի գործի կարևորությունը` միաժամանակ ահազանգ հնչեցնելով մայրենիի և հայ ինքնության վտանգված լինելու վերաբերյալ:

«Մեր մեծ ուսուցչի գործն այլևս չի ընկալվում այնպես, ինչպես պետք է ընկալվի,-նշում է Թարումյանը,-գնալով պակասում է հարգանքը նրա գործի հանդեպ»:

Թարումյանը հիշում է, թե ինչ մեծ շուքով հինգ տարի առաջ տոնեցին գրերի գյուտի 1600 ամյանկը, սակայն ինչպես նա է ասում` «տակը բան չկար»: Այլ կերպ ասած, Թարումյանը կարծում է, որ պետք է այդ տոնի առթիվ իսկապես ինչ որ բան արվեր, ինչ որ բան ավելացվեր` հայալեզու գրերի քանակը, որակը և այլն:

Բանախոսները խոստովանեցին, որ ուխտագնացությունն ու երթը բողոք են նաև լեզվի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու և օտարալեզու դպրոցների վերաբացման` կառավարության նախաձեռնության դեմ:

Կրկին անդրադառնալով այդ թեմային` նրանք վստահեցրին, որ շարունակելու են պայքարել, որպեսզի ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցած և երկրորդ ընթերցմանը սպասող օրենքի նախագիծը չընդունվի:

«Չի կարելի ասել` օտար լեզուն մահացու է կամ փրկություն է,-ասում է Թարումյանը,-խնդիրն այն է, թե ինչ չափաբաժնով և ինչպես է այն կիրառվում»:

Բանախոսների կարծիքով, օտար լեզուների իմացությունը միմիայն խրախուսելի է, սակայն օտար լեզուն պետք է պատշաճ մակարդակով ուսուցանվի բոլոր հանրակրթական դպրոցներում և չդառնա ուսուցման գերակա լեզու:

Նշենք, որ ուխտագնացությանը և երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Կիրակի ժամը 10:00-ին ուխտագնացության մասնակիցները կժամանեն Օշական, իսկ երթը կմեկնարկի Մատենադարանի մոտ ժամը 13:00-ին և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ուխտագնացությանն ու երթին մասնակցում են 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply