26 մլն դրամ` մարզպետարանները տեխնիկական միջոցներով զինելու համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2010 14:10

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն  ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ։ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր այդ փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», – ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքը և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի կողմից։

Իր նիստում կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները և ունենալ հետագայում ևս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրով կարգավորելու իրավական հիմք։

Կառավարության որոշմամբ անհետաձգելի են համարվել աղբահանությանը և սանիտարական մաքրմանը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքին վերաբերող տասը օրինագծերը։

ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. Պետբյուջեում և գնումների հրապարակայնության աստիճանի բարձրացման  և գնումների համակարգի  աջակցման ծառայության գործարկման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 2 մլն դրամ` հեռախոսազանգերի գրանցման ավտոմատ համակարգ և սերվեր ձեռք բերելու նպատակով։

ՀՀ տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու և մարզպետարանները տեխնիկական միջոցներով զինելու համար նույն ընթացակարգով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 26 մլն 566  հազար դրամ։

Այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման հիմք է հանդիսանում մինչև 1994թ. հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը։ Որոշմամբ վերացվում են հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցման խոչընդոտները։

Գործադիրը որոշել է հողամասերի արժեքների փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման նոտարական վավերացման նպատակով Լոռու մարզպետարանին հատկացնել 17 մլն 550  հազար դրամ` Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքներին և 19 քաղաքացիներին վճարելու համար։ Նշված տարածքները ավելի վաղ ճանաչվել էին բացառիկ` գերակա հանրային շահ` սահմանապահ ուղեկալ կառուցելու նպատակով։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50 մլն  դրամ։

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply