Մսի համաշխարհային գները հասել են վերջին 20 տարվա առավելագույն մակարդակին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2010 13:28
Մսի համաշխարհային գները վերջին ժամանակներս հասել են 20 տարվա առավելագույն մակարդակին զարգացող շուկաների կողմից պահանջարկի վստահ աճի պայմաններում, որը ժամանակի առումով համընկավ այդ արտադրանքի այնպիսի խոշոր արտահանող երկրներում արտադրության անկման հետ, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Ավստրալիան:
Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է բրիտանական Financial Times-ը: Այդ միտումը հարուցում է արտահանող հանրակցության երկյուղները, որի կարծիքով մսամթերքի թանկացումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների հատվածում ընդհանուր գնաճի արագացմանը: Գնաճի երկյուղները նաեւ սաստկացնում է ցորենի եւ այլ հացաբույսերի գների կտրուկ աճը, ինչը պայմանավորված է Ռուսաստանում տիրող երաշտով: Մսի գների ինդեքսը, որը հաշվարկվում է ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) կողմից, օգոստոսին հասել է 1990 թվականից ի վեր առավելագույն բարձր նշագծին` վերջին 12 ամսվա ընթացքում ավելանալով 16 տոկոսով: Դա դարձել է ոչխարի մսի` վերջին 37 տարվա ընթացքում մինչեւ առավելագույն մակարդակ, տավարի մսի` վերջին երկու տարվա առավելագույն մակարդակ թանկացման, ինչպես նաեւ խոզի մսի ու թռչնամսի գների բարձրացման հետեւանքը: «Ասիայի եւ Մերձավոր արեւելքի երկրների կողմից ինչպես տավարի մսի, այնպես էլ ոչխարի մսի կայուն պահանջարկ է դիտվում,- նշել է FAO-ի անասնապահության հատվածի տնտեսագետ Պեդրո Արիասը:- Սակայն, թրեյդերները չկարողացան բավարարել պահանջարկը, քանի որ անասնագլխաքանակը կրճատվել էր»: Մսամթերքի գների կտրուկ աճը շուկա է գրավել սպեկուլյատիվ կապիտալը:
Այսպես, Չիկագոյի ապրանքային սակարանում կենդանի անասունների եւ խոզի մսի ֆյուչերսների եւ օպցիոնների գծով չկատարված պայմանագրերի թիվը, որոնք հանգուցային դերիվատիվներն են շուկայում, ընթացիկ տարվա սկզբից աճել է գրեթե մեկ երրորդով: Սակայն, անասնապահական ձեռնարկությունները գլխավորող անձինք, թրեյդերներն ու վերլուծաբանները նշում են, որ մսի գների թռիչքը բնավ էլ կապված չէ սպեկուլյատիվ կապիտալի ներհոսքի հետ, այլ պայմանավորված է պահանջարկի եւ առաջարկի գործոններով: Հիմնական արտահանող երկրներում անասնապահական ճյուղը լուրջ կորուստներ էր կրում տարատեսակ անբարենպաստ գործոնների պայմաններում, ներառյալ խիստ չորային եղանակը Ավստրալիայում եւ Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ ճյուղի արտադրանքի գների ցածր մակարդակը 2000-ական թվականների սկզբին եւ անասնակերի գների բարձր մակարդակը: Չիկագոյի սակարանում կենդանի անասունների ֆյուչերսի արժեքը օգոստոսի տվյալներով հասել է մեկ ֆունտի դիմաց մեկ դոլարի, ինչը վերջին 22 ամսվա առավելագույն բարձր գինն է եւ մոտավորապես համապատասխանում է 2008 թվականին ձեռք բերված ռեկորդային նշագծին: Ավստրալիայում ոչխարի մսի գները մեկ կիլոգրամի դիմաց գերազանցել են 5,50 ավստրալական դոլարը (4,95 ԱՄՆ-ի դոլար), ինչը այդ արտադրանքի համար առավելագույն մակարդակն է 1973-74 թվականներից: Ընդսմին բեկոնի արտադրության համար օգտագործվող խոզերի մսի գները ԱՄՆ-ում հասել են մեկ ֆունտի դիմաց 1,5 դոլար ռեկորդային նշագծին:






Facebook
Tweet This
Email This Post
