Աղբով լցված ջրամբարն է պատճառը, որ անձրևից հետո մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 10, 2009 15:43
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ` ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու հուլիսի 8-ին Երևանում հորդառատ անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը և պարզելու, թե ինչու Մյասնիկյան, Աբովյան և Մաշտոցի փողոցներում և Գետառի նորակառույց մայրուղու երկու թունելներում անձրևաջրերի կուտակումներ առաջացան անձրևի պատճառով:
Հանձնաժողովում ընդգրկված են ջրահեռացման, հիդրոլոգիայի և ճանապարհաշինության ոլորտի գիտնականներ:
Հուլիսի 8-ին ժամը 18-18:15-ը տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի էին դարձել Երևանի բազմաթիվ փողոցներ, կաթվածահար էր եղել երթևեկությունը:
Հանձնաժողովի անդամ մասնագետները Բեգլարյանին տեղեկացրել են, որ անձրևատարների թողունակությունն առատ տեղումներից հետո նվազում է. անձրևաջուրն իր հետ բերում է տիղմ, ավազ և բեկորներ, որոնք հետագայում վերածվում են նստվածքի:
ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի կարծիքով` ջրահեռացման համակարգի լիարժեք գործունեության դեպքում Երևանում անձրևաջրերի նման կուտակում չէր առաջանա:
«Հիդրոնախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանն ասել է, որ 1946 թվականի ջրհեղեղից հետո Գետառի սկզբնամասում` Ավան-Առիջ թաղամասում կառուցվել է ջրամբար, որի պատվարը նախատեսված է դեպի քաղաք անձրևաջրերի առատ հոսքը կանխելու համար, սակայն ջրամբարը ներկայումս լցված է աղբով և չի ծառայում նպատակին:
Քաղաքապետ Բեգլարյանը հանձնարարել է մաքրել ջրամբարը: Իսկ «ԵրևանՋուր» ընկերությանը և շահագրգիռ մյուս կառույցներին հանձնարարել է ապահովել ջրատարների, դիտահորերի և ջուրընդունիչ կայանների մաքրումը:






Facebook
Tweet This
Email This Post
