ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը կգործի առնվազն մինչև 2044 թ.

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 3, 2010 13:12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում օգոստոսի 20-ին երկկողմ համագործակցության մասին 5 փաստաթուղթ ստորագրվեց: Ստորագրման արարողության ավարտին հրավիրված ասուլիսում ՌԴ նախագահը հայտարարեց, որ երկու երկրների  նախագահների հանդիպումների դինամիկան վկայում է առանձնահատուկ, իսկապես գործընկերային հարաբերությունների մասին: Նա ընդգծեց, որ իր հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատվել է երկու երկրների դիրքորոշումը, այն է` ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, զարգացնել համագործակցությունը բոլոր` անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում: Երևանում ստորագրված կարևոր փաստաթղթերը, ըստ ՌԴ նախագահի, ծանրակշիռ ներդրում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններում:

Նա նաև վստահեցրեց, որ «Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի»:

Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հայտնեց. «ՌԴ նախագահի առաջին պետական այցը Հայաստանի Հանրապետություն նոր փուլ կսկզբնավորի մեր հարաբերություններում: Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովրդի շահերից, և մենք կանենք ամեն ինչ` զարգացնելու այդ հարաբերությունները»: Ըստ նրա` երկու երկրների հարաբերությունները իսկապես ռազմավարական և դաշնակցային են: «Դրանք արտացոլում են մեր ժողովուրդների զգացմունքները, և այդ են պահանջում Հայաստանի, հուսով եմ` նաև Ռուսաստանի ազգային և պետական իրական շահերը»,- ասաց Ս. Սարգսյանը: Ստորագրված փաստաթղթերից նա հատկապես կարևորեց  Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը և Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Ս. Սարգսյանի գնահատմամբ` այդ արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, այլև ընդլայնվեց դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: «Ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչ այս սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ հիմա այդ սահմանափակումը հանված է համաձայնագրի տեքստից: Ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը և աջակցել մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում»,- ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թ. մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ, որը ստորագրեցին երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերդյուկովը, պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է 49 տարի՝ նախկին 25-ի փոխարեն: Այս փաստաթուղթը բավական հակասական արձագանքների առիթ տվեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն օրերս հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասված էր. «Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքներն ուղղակի հիվանդագին են: Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը` Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»: Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության և բթամտության դրսևորման ձև են, ուրիշ ոչինչ: Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ  հայտարարությունները»: Նշենք, որ այս տեսակետը համահունչ է իշխանական շրջանակների տեսակետին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներին պարզաբանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրությունը երկարաձգում է ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով: «Որևէ փոփոխություն ռազմաբազայի գործողությունների կամ զինծառայողների և սպառազինությունների քանակի մեջ չպետք է սպասել»,- ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա` ռուսական բազայի գլխավոր նպատակը ՌԴ շահերի պաշտպանությունն է: Այդ շահերի շարքին է պատկանում կայունության ապահովումը Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում: Եվ այս նպատակը որևէ կերպ չի փոփոխվել ռազմաբազայի ներկայության ժամկետի երկարաձգմամբ: «Ուստի, խոսել ինչ-ինչ փոփոխությունների մասին, որ այդ արձանագրությունը կարող է ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, տեղին չէ»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Միացյալ Նահանգները Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու համաձայնությունը համարում է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց: Այդ մասին օգոստոսի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Մարկ Թոները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պատասխանելով այդ առնչությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Թոները նաև ասել է. «Միացյալ Նահանգները գործընկերային ամուր հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Մենք, ըստ ամենայնի, ակնկալում ենք, որ դա կշարունակվի»: Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը մտահոգված է պաշտպանական ոլորտում հայ-ռուսական նոր համաձայնությամբ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. «Ռուսաստանը (ԵԱՀԿ-ի) Մինսկի խմբի անդամ կամ մաս է ու որպես այդպիսին` կառուցողական դեր է խաղում »:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

Բնականաբար, Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը չէր կարող շրջանցել Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող մեր հարևան Վրաստանը: Վերջինի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն նույնպես ընդգծել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, ինչը երկու ինքնիշխան պետությունների իրավունքն է: «Կավկազպրեսսի» փոխանցմամբ, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան և նրա արած հայտարարությունները` նա միաժամանակ ասել է, որ Վրաստանի համար գլխավորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է  Ռուսաստանից եկող  ապագա սպառնալիքները Վրաստանին, ինչպես նաև

տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Ըստ նրա` այդ իսկ պատճառով իրենք կասկածելու որևէ հիմք չունեն, որ Հայաստանը կձեռնարկի տարածաշրջանի անվտանգությունը հարցականի տակ դնող քայլեր: Վրաստանի արտաքին գերատեսչության պաշտոնյան նշել է նաև, որ վրացական կողմը, սեփական փորձից ելնելով, թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի նախագահի Երևանում արած հայտարարությանը հակամարտությունների կարգավորման հարցում հաշտարարի դերակատարության վերաբերյալ:

Հայաստանում տվյալ արձանագրության և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ տեսակետները տարբեր են և անգամ իրարամերժ: Մասնավորապես, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի, իշխանությունները պարտավոր են մեկնաբանել, թե ինչու  է ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառում, և այն դեպքում, երբ Հայաստանը Ադրբեջանին համարում է իր թշնամին: Պայմանագրին վերաբերող հաջորդ հարցը, որին, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները պատասխան չեն տալիս, այն է, թե ինչու որոշում կայացվեց ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգել դրա ավարտից 10 տարի առաջ և դարձնել 49 տարի: Ռ. Հակոբյանի կարծիքով` քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրվել, այն կարելի է մեկնաբանել ռազմավարական գործընկերների` Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող փոխադարձ անվստահությամբ: Նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ, եթե հաստատվի այն փաստը, որ Ռուսաստանն իսկապես Ադրբեջանին հակահրթիռային համակարգեր է վաճառել, ապա առաջ կգա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Նրա խոսքերով, եթե «Ժառանգության» կողմից բարձրացված հարցերին հստակ պատասխաններ չտրվեն, խմբակցությունը Ազգային Ժողովում այդ արձանագրության վավերացմանը դեմ կքվեարկի:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը` ՀՅԴ-ն, կողմ է արձանագրությանը: Այս մասին լրագրողներին հայտնելով` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը

նաև նշել էր, որ վավերացման ենթակա փաստաթուղթն առայժմ խորհրդարան չի ուղարկվել, ուստի տեքստին ինքը ծանոթ չէ: Նրա համոզմամբ, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում կատարված փոփոխությունները թելադրված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի ձախողմամբ, ինչի հետևանքով պատերազմի վտանգը ոչ թե պակասեց, այլ «ճիշտ հակառակը` պատերազմի վտանգը այսօր աճել է»: Ըստ դաշնակցական պատգամավորի` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ռազմական անվտանգության 80 տոկոսը և նույնիսկ շատ ավելին պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով, և այդ հարցում Հայաստանն այսօր իրական այլընտրանք չունի: Նրա համոզմամբ` անվտանգության այլ համակարգի բացակայության պայմաններում Հայաստանն ուղղակի պարտավոր է ամրապնդել և խորացնել իր կապն անվտանգության ներկայիս համակարգի հետ:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թ. մարտի 16-ի պայմանագրի վավերացման հարցի երկօրյա քննարկումը ժամանակին խորհրդարանում ընթացավ բավական բուռն մթնոլորտում: Այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը, հակադարձելով ընդդիմախոսներին, հայտարարեց, որ «Ռուսաստանը երբեք չի թաքցնում իր շահը», և «այս պայմանագիրը համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին. Ռուսաստանը հայտարարել է, որ Անդրկովկասը, այդ թվում և Հայաստանը, նրա ռազմաքաղաքական, ստրատեգիական շահերի ոլորտում է»:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply