Ադրբեջանում փակում են «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 3, 2010 10:10
Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոն: Ժամանակ առաջ դադարեցվել էր տեղական հաճախականություններով այդ ռադիոալիքի հեռարձակումը, պատճառաբանելով, որ այնտեղ պետական լեզվով հաղորդումները շատ քիչ են:
Այժմ էլ «Տելեռադիո» պետական արտադրական միավորումը արտոնագիրը հետ վերցնելու պահանջով դատի է տվել ռադիոկայանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հայտնի է դարձել ռադիոալիքի նկատմամբ իշխանությունների նման վերաբերմունքի պատճառը: Բանը նրանում է, որ «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոն պատկանում է ճանաչված սցենարիստ եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի եղբորը՝ գրող-պատգամավոր Մագսուդ Իբրահիմբեկովին, որոնց երկուսի հետ էլ Ադրբեջանի նախագահի ադմինիստարացիայի ղեկավար, Ադրբեջանի «սեւ կարդինալ» համարվող Ռամիզ Մեհդիեւի հարաբերությունները շատ վատ են: Դրա պատճառն էլ այն է, որ Ռուստամ Իբրահիմբեկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Ռամիզ Մեհդիեւի գործունեությունը, վերջինս էլ արշավ է սկսել նրա դեմ: Իբրահիմբեկով եղբայրների հետ Ռամիզ Մեհդիեւի հակասությունների հիմքում ընկած է Ադրբեջանի նախագահի կնոջ հարազատների՝ Փաշաեւների հետ եղբայրների մոտ հարաբերությունները:
«Ռուստամ Իբրահիմբեկովի հայտնի հարցազրույցից հետո նրա դեմ ճնշումները շարունակվեցին: «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոյի հեռարձակման դադարեցումն էլ է այդ կարգից: Երեւում է, չբավարարվելով դրանով, Իբրահիմբեկովներին ավելի ծանր հարված հասցնելու համար Ռամիզ Մեհդիեւը աշխատում է ընդհանրապես փակել ռադիոն», -եզրակացրել է «Ազադլըգ»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
