Շնորհավորանքներ`Հայաստանի հավաքականին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 3, 2010 0:18
Վանաձորում անցկացվող հանդբոլի միջազգային մրցաշարի շրջանակում Հայաստանի և Բելառուսի հավաքականների հանդիպումից հետո մեր երկրի ընտրանու խաղացողներին և մարզիչներին բոլորը շնորհավորում էին: Բանն այն է, որ նորաստեղծ Հայաստանի հավաքականը հավասար պայքար էր մղել Եվրոպական ուժեղագույն թիմերից մեկի հետ և թեև արժանի մրցակցությունում զիջել էր 20:37 (13:2o) հաշվով, սակայն կատարվածն ընդհանուր տպավորությունը չէր գցել: Ընդ որում, երկրորդ խաղակեսում եղավ մի պահ, երբ հաշվի տարբերությունը երկու գնդակ էր, և թվում էր, թե մերոնք կկարողանան վերականգնել հավասարակշռությունը, բայց այդպիսի բան չկատարվեց: Թերևս, տանտերերին խանգարեց հոգնածությունը`բարձր ֆիզիկական պատրստականության պակասը: Իսկ Դիմացկունությունը Բելառուս հանդբոլիստների հիմանական հաղթաթուղթն է: Ընդ որում, այդ երկրի հավաքականն էլ ամենայն հավանականությամբ կդառնա այս մրցաշարի հաղթող: Ի դեպ, մարզապալատում սարքավորված մամուլի կենտրոնում, որտեղ կարելի է օգտվել համակարգչից, զովացուցիչ ըմբելիքներ խմել և հարմարավետ պայմաններում աշխատել, հաճախ են հեռախոսազանգեր հնչում Բելառուսի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից և խնդրում տեղեկացնել իրենց երկրի թիմի հետ կապված մանրամասներին, տեխնիկական արդյունքներին: Բելառուսից մրցաշարը լուսաբանելու համար հատուկ Վանաձոր է եկել ճանաչված լրագրող, ներկայումս «Պրեսսբոլ»հայտնի պարբերականը ներկայացնող Սերգեյ Շուրկոն: Նա գրեթե չի հեռանում մամուլի կենտրոնից: Փաստերը խոսուն են և վկայում են, թե ինչպիսի մեծ հետաքրքրություն է դրսևորվում Բելառուսում հանդբոլին: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մեր թիմի խաղացողներից ամենաարդյունավետը Մարկ Հասիկյանն էր, ով մրցակցի դարպասը գրավեց 6 անգամ:4 գոլի հեղինակ դարձավ Հրայր Սալաթյանը, 3 գոլի`Սիրիլ Բաբիկյանը, 2-ական անգամ աչքի ընկան Գոռ Ղանադյանը, Ռենե Սեդրիկը, Սիրիլ Հայրափյանը, և 1 գնդակ խփեց մրցակցի դարպասը Օլիվյե Բրուանը: Մյուս խաղում Իրանի հավաքականը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին`33:28 (19:14): Ի դեպ, իրանցիներից Մասուդ Զոհրաբին տասնհինգ գնդակ խփեց Վրաստանի հավաքականի դարպասը: Այսպիսով, մրցաշարի առաջին օրվա խաղերից հետո առաջատարները Բելառուսի և Իրանի հավաքականներն են: Սեպտեմբերի 3-ին կկայանան Վրաստան-Բելառուս, Հայաստան-Իրան հանդիպումները:






Facebook
Tweet This
Email This Post
