Միջազգային մրցաշարը դարձավ ավանդական
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 2, 2010 22:45
Այսօր Վանաձորի մարզապալատում կայացավ հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Դահլիճը լեփլեցուն էր հանդիսականներով: Շատ էին պատվավոր հյուրերը, լրագրողները` նաև արտասահմանից: Ներկաների թվում էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը: Սկզբում, ազգային դրոշները պարզած, հանդիսավորությամբ դահլիճ մտան մասնակից երկրների` Իրանի, Վրաստանի, Բելառուսի Հայաստանի հավաքականները: Ողջույնի խոսքեր ասացին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին, Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Շևցովը: Ապա խոսափողին մոտեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և հայտնեց, որ նախկինում տրված խոստումը կատարվել է` «Հայաստանի վարչապետի գավաթ»միջազգային մրցաշարը դարձել է ավանդական: Որախալի համարվեց, որ արձագանքել են հանդբոլի միջազգային, եվրոպական, ազգային ֆեդերացիաները, Հայաստան են ժամանել Ֆրանտիշեկ Տաբորսկին, Բելառուսի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կանապլյովը, Վրաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկինում ճանաչված հանդբոլիստ Զազա Դոլիձեն: Նշվեց նաև, որ մեծ պատիվ է, որ առաջիկայում նույն մարզասրահում հյուրընկալելու ենք Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆային (Եգիպտոս): Պատահական չհամարվեց, որ այս մրցաշարն անցկացվում էԼոռու մարզում: Բանն այն է, որ հանդբոլի թիմեր են գործում Վանաձորում, Ստեփանավանում,Ալավերդիում և հույս հայտնվեց, որ առաջիկայում հանդբոլը կարմատավորվի Տաշիրում ու Սպիտակում: Ապա պրն Գրիգորյանը, կրկին ողջունելով մասնակից երկրների հավաքականներին, մրցաշարը հայտարարեց բացված:






Facebook
Tweet This
Email This Post
