Ադրբեջանահայ համայնքը ցանկություն ունի վերադառնալու իր նախկին բնակավայրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 19:28

Ադրբեջանահայ վտարանդի համայնքին Ադրբեջանի կողմից հասցված բարոյական եւ նյութական վնասը գնահատվում է 100 մլրդ դոլար: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` կոչ անելով ադրբեջանահայերին այդ երկրի կողմից բռնազավթված իրենց բնակավայրեր վերադառնալու հայցով դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:

«Եթե Ադրբեջանը մերժի ադրբեջանահայերի օրինական հայցը, ապա կապացուցի համաշխարհային հանրությանը, որ քաղաքակիրթ մարդկության շարքերում տեղ չունի, եւ պետք է նրանց կողմից մեկուսացվի»,- ասաց Գ. Այվազյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը չպետք է հրաժարվի ընդունել հայ ժողովրդի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ վերադառնալու ցանկությունը:

Ասամբլեայի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանությունների միջնորդությամբ դիմել են նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրներին եւ իրազեկել իրենց մտադրությունների մասին: Նրա խոսքով` գործընթացը հունի մեջ է մտել: «Ադրբեջանահայ վտարանդի համայնքը ցանկություն ունի վերադառնալ իր նախկին բնակավայրերը: Այս գործընթացը նպատակ ունի նաեւ չեզոքացնել ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան»,-ասաց Գ. Այվազյանը:

«Հայերը մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանի զարգացման գործում»,-նշեց ասամբլեայի նախագահը: Նրա խոսքով` ադրբեջանցիները պնդում են, թե Ղարաբաղից հեռանալուց հետո նրանց համայնքը 30 հազարից դարձել է 400 հազար: «Նրանք պետք է իմանան, որ ադրբեջանից վտարվել է կես միլիոն հայ եւ նրանք իրենց երեխաներով այժմ մեկ միլիոն են»,- ասաց Գ. Այվազյանը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ընդունի փախստականներին եւ նրանց անվտանգությունն ապահովի: Անդրադառնալով ԼՂՀ անկախության 19-րդ տարեդարձին` Գ. Այվազյանը նշեց, որ Արցախի անկախացումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն իրադարձությունն է:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply