ՀՀ վարչապետը մասնակցում է ԼՂՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 19:10

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանն այսօր առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին։ Ծաղիկներ են դրվել նաև ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի հուշապատվանդանին։
ՀՀ և ԼՂՀ պաշտոնատար անձինք մասնակցել են «Խատուտիկ» հուշարձանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու, Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց շենքի բացման արարողություններին։ ՀՀ վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին, շնորհավորել ԼՂՀ Անկախության օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին, գրառում կատարել հյուրերի մատյանում։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մեքենատրակտորային կայան։
Երեկոյան ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպվելիք տոնական մյուս միջոցառումներին։
Վաղն առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply