Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 18:38

Այսօր` սեպտեմբերի 2-ին, Արցախում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով (3500քառ.մ) գերազանցում է նախկինում Հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի (ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյան եւ ԼՂՀ կառավարության համաֆինանավորմամբ):

Արարողությանը մասնակցեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԼՂՀ նախկին Նախագահ , ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը, այլ պաշտոնատար անձինք եւ հյուրեր:

Դպրոցն օրհնելուց եւ օծելուց հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը մաղթեց, որ Աստծո ձեռքը պահապան լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ երրորդությանը:

ՙՊատահական չէ, որ դպրոցի բացումը համընկավ Արցախի անկախության օրվա հետ, նշանակում է, որ այս դպրոցում սովորող աշակերտները պետք է կերտեն Արցախի ապագան՚,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս ոչ տիպային կառույցը բաղկացած է երեք մասնաշենքից` ուսումնական, վարչական եւ մարզական: Դպրոցի կիսակլոր ապակեպատ մուտքը ապահովում է առավելագույն լուսավորություն: Գլխավոր մուտքից դեպի ուսումնական մասնաշենք եւ մարզադահլիճ աշակերտների տեղաշարժն ապահովելու նպատակով տրվել են արդյունավետ լուծումներ: Վարչական հատվածի կլոր աստիճանավանդակն առանձնակի գեղեցկություն է հաղորդում դպրոցի նախասրահին: Շենքն ապահովված է էվակուացիոն ելքերով:

25 դասասենյակից բացի դպրոցական համալիրն ունի ֆիզիկայի, քիմիայի, աշխատանքի ուսուցման ու ռազմագիտության կաբինետներ, համակարգչային դասասենյակ, գրադարան, ճաշարան, բուժկետ, ուսուցչանոց, տնօրենի առանձնասենյակ, մարզադահլիճ եւ սպորտհրապարակ: Շենքի ջեռուցումը կիրականացվի կաթսայատան միջոցով:

Դպրոցի տարածքն ասֆալտապատվել է, բարեկարգվել: Կանաչ գոտում դպրոցի սաների ուժերով սիզամարգեր են ստեղծվել:

ՙԱյս դպրոցը ձերն է, կառուցված ձեզ համար: Ձեր ստացած գիտելիքով է կառուցվելու մեր հայրենիքի վաղվա օրը՚, – իր խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Սեպտեմբերի մեկին աշակերտներն ուսուցիչների ու ծնողների ուղեկցությամբ ծանոթացել էին դպրոցի նոր պայմաններին, եւ հավանաբար դա էր պատճառը, որ երեխաների աչքերում անկեղծ ուրախություն ու ցնծություն էր ճառագում:

Արա Ագիշյանն իր ելույթը սկսեց ծրագրի բարերարներ տեր եւ տիկին Թրփանջյաններին ուղղված երախտիքի խոսքով, այնուհետ կոչով դիմեց դպրոցականներին,-ՙԱյս կրթահամալիրը ձեր երկրորդ տունն է, վստահ եմ, որ այն լավ կպահեք ու կգուրգուրեք՚:

560 աշակերտի համար նախատեսված եռահարկ դպրոցում նոր ուսումնական տարում կսովորի ավագ դպրոցի շուրջ 400 աշակերտ: Միջին եւ ցածր դասարանցիներն ուսումը կշարունակեն մանկապարտեզի հին շենքում տեղակայված նախկին դպրոցում: Տնօրեն Աիդա Գրիգորյանի խոսքով` դպրոցի ղեկավարությունը փորձում է դասաժամերը կազմակերպել այնպես, որ ցածր եւ միջին դասարանների աշակերտները եւս օգտվեն նորակառույց դպրոցի հնարավորություններից, մասնավորապես` սպորտհրապարակից, մարզադահլիճից, գրադարանից եւ համակարգչային դասարանից:

ՙԱյսօր դուք մեզ նվիրեցիք այս հոյակապ շինությունը, որտեղ մենք վերջապես կկարողանանք պատշաճ կրթել, դաստիարակել մեր աշակերտներին՚,- շնորհակալական իր ելույթում ասաց դպրոցի տնօրենը:

Օգոստոսի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախ կատարած ծրագրի շրջանակներում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, այլ պաշտոնատար անձանց եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ եղավ նաեւ Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցում: Նախագահը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, որոնք լավագույն հնարավորություններ են ստեղծում ուսումնառության համար:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply