Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված միջոցառումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 16:24

Երեւանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, որի նպատակը հայոց արքա Տիգրան Մեծին վերաբերող բոլոր նյութերը մեկ տեղում հավաքելն է: Միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կտպագրվի Տիգրան Մեծի մասին 500 էջանոց գիտահանրամատչելի, դասական ուղղագրությամբ գիրք, կցուցադրվի Արտակ Սիմոնյանի «Տիգրան Մեծ» ֆիլմը եւ այլն:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը, Տիգրան Մեծին նվիրված 62 օպերա է գրվել, որից միայն 28-ն է պահպանվել. աշխարհի տարբեր երկրներից դրանք մեկտեղ են հավաքվել, իսկ ութ երկրից արդեն նկարներ են ստացվել ցուցահանդեսներում ներկայացվելու համար: Նրա խոսքով` ամենաընդգրկունը կլինի Տիգրան Մեծին նվիրված նկարների ցուցահանդես-փառատոնը, որի մասնակցության հայտերը կընդունվեն հոկտեմբերի 11-15-ը:

Դրան կարող է մասնակցել մասնագիտական կրթություն ստացած ցանկացած նկարիչ` ներկայացնելով ընդամենը մեկ գործ: «Մենք չենք կարող ինքնուս նկարիչների գործեր ընդգրկել ցուցահանդեսում, քանի որ այն տեղի է ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ մանկական նկարների ցուցահանդեսի մասնակցության համար նախ թեմատիկ ազատություն է տրված, իսկ կրթությունը պարտադիր չէ»,-ասաց Ղ. Միրզոյանը:

Տիգրան Մեծին նվիրված նկարների ցուցահանդես-փառատոնը կբացվի դեկտեմբերի 1-ին, իսկ մանկականը` մի քանի օր անց: Առաջին ցուցահանդեսի հաղթողներին կտրվեն Սուրենյանցի անվան շքանշաններ, իսկ մանկական ցուցահանդեսի հաղթողներին` խրախուսական մրցանակներ: Երեւանի Գեղագիտության կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը եւս կարեւորեց Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված միջոցառումները` նշելով, որ այսօր հայ հասարակությունը հեռացել է մշակույթից, իսկ սա մի առիթ է վերջիններիս մոտեցնելու արվեստին ու մշակույթին:

«Մենք այսօր չենք ճանաչում մեր ժամանակակից նկարիչներին ու ստեղծագործողներին, փոխարենը լավ գիտենք ցածրորակ երգեր կատարողներին: Պետք է մեծացնենք մեր հետաքրքրությունը արվեստի նկատմամբ: Սա այդ առիթներից մեկն է»,-նշեց Լ. Իգիթյանը:

Դիտվել է 2925 անգամ:
Print Friendly

Leave a Reply